Էջ:Armenia Encyclopedia.djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հովհաննես Վարագեցին, Մարտիրոս Խարբերդցին, Մարտիրոս Խարասարցին և այլ բանաստեղծներ։

Գրական որոշակի առաջընթաց է ապրել նաև արձակը։ Գեղարվեստական խոսքի փայլուն նվաճումներ են հատկապես առակներն ու զրույցները։ Առակագրությունը հիմնականում կապվել է Վարդան Այգեկցու անվան հետ։ Այգեկցին ժողովրդական առակները վերամշակել է և օգտագործել իր քարոզների մեջ, ապա կազմել է առանձին ժող.՝ զետեղելով նաև սեփական ստեղծագործությունները։ «Առակք Վարդանայ վարդապետի» ժող-ը, ընդօրինակվելով հետագա դարերում, մշտապես հարստացվել է ժողովրդական, թարգման. և անհատ. բնույթի նոր գործերով։ Հին առակներն ընդօրինակվելիս հաճախ փոփոխվել, թարմացվել են նոր գաղափարներով։ Այգեկցու հետևությամբ ուրիշները, որոնց անունները չեն պահպանվել, նույնպես կազմել են ինքնուրույն ժող-ներ։ Մեծ է առակների ճանաչողական արժեքը։ Դրանք այլաբանորեն պատկերել են դասակարգային և սոցիալական հակասությունները, արտահայտել ժողովրդի կենսափորձն ու աշխարհայացքը։ Առակներում քննադատվել են աշխատավոր մարդու հաշվին ապրող իշխողների, պաշտոնյաների դատապարտելի արարքները, ծաղրվել եկեղեցու սպասավորների խոսքի ու գործի հակասությունը, դրվատվել արդար աշխատանքը։ Առակներում ներառվել են նաև իրապատում ու ծիծաղելի զանազան պատմություններ, անեկդոտներ, որոնք որպես զրույցներ տարածվել են միջնադարում։

Վարդան Արևելցին հեղինակել է մեկնություններ, ներբողներ, ճառեր, խրատներ («Մեկնութիւն սաղմոսաց», «Մեկնութիւն Դանիէլի»), «Լուծմունք ի Սուրբ Գրոց...» (հայտնի է «Ժղլանք» անունով) ժող-ը, որը բազմաթիվ ու բազմաբնույթ նյութերից կազմված, միջին հայ-ով շարադրված հանրագիտական բնույթի երկ է, գրել է նաև զրույցներ։

XIII դ-ի 2-րդ կեսին վերելք է ապրել պատմագրությունը, որը պայմանավորված էր դարաշրջանի մեծագույն աղետի՝ մոնղ. նվաճումների հանգամանալի լուսաբանմամբ և գալիք սերունդներին փոխանցելու պահանջով։ Նախաձեռնությունը Վանական Վարդապետինն էր, որի գրած պատմությունը մեզ չի հասել։ Մոնղոլ-թաթար. արշավանքները մանրամասնորեն նկարագրել են նրա աշակերտները՝ Կիրակոս Գանձակեցին («Պատմութիւն Հայոց», 1241-71), Վարդան Արևելցին («Հաւաքումն պատմութեան», ավարտել է 1267-ից հետո), Գրիգոր Ակներցին («Պատմութիւն ազգին նետողաց», ավարտել է 1273-ից հետո)։ Քաղաքական նույն անցքերի արձագանքն է Հեթումի «Պատմութիւն թաթարաց»-ը (հայերեն բնագիրը չի պահպանվել), որը Կղեմես V պապի հանձնարարությամբ 1307-ին վերաշարադրվել է միջնադարյան ֆրանս-ով, ապա թարգմանվել լատ., ֆրանս., իտալ., անգլ.։ Լատ. տարբերակը՝ «Հայթոնի Ծաղիկ Արեւելքի պատմութեան» խորագրով, հրատարակվել է 1529-ին Եվրոպայում և արժանացել լայն ճանաչման։

XIII դ-ի արձակի արժեքավոր գործերից է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» (1299) մատյանը, որը Սյունիքի I-XIII դդ-ի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի պատմությունն է։ Մատյանն աչքի է ընկնում բնաշխարհի նկարագրություններով, ճոխ լեզվով, արտահայտիչ ու գեղեցիկ փոխաբերություններով։

XIV դ-ի սկզբից մինչև XV դ-ի վերջը պատմագեղ. արձակը խոր ճգնաժամ է ապրել։ Միակ բացառությունը, թերևս, Թովմա Մեծոփեցու «Պատմութիւն Լանկ- Թամուրայ եւ յաջորդաց իւրոց» (սկսել է 1430-ական թթ-ին և ավարտել 1440-ին, հրտ.՝ 1860) երկն է, որտեղ պատմիչը ներկայացրել է 1386-1440-ական թթ-ի ավերիչ արշավանքներն ու կոտորածները։ Թովմա Մեծոփեցին «Յիշատակարան»-ում, որը «Պատմութեան» շարունակությունն է (1441-43 թթ-ի ընդգրկմամբ), անդրադարձել է կաթողիկոսանիստը Վաղարշապատ վերադարձնելու հանգամանքներին։

XIII-XVI դդ-ում պատմագրությունը հիմնականում գոյատևել է տարեգրությամբ և ժամանակագրությամբ։ Ուշագրավ են Սմբատ Սպարապետի («Տարեգիրք», 1275), Մխիթար Այրիվանեցու («Նոր պատմութիւն»), Ստեփանոս Օրբելյանին վերագրվող «Ժամանակագրութիւն» (1290), Հովհաննես Ավագերեց Լեհացու, Հեթում Բ թագավորի, Հեթում պատմիչի, Ներսես Պալիանենցի, Հովհաննես Արճիշեցու, Հովհաննիսիկ Ծարեցու, նաև անանուն շատ հեղինակների ժամանակագրություններ։ XIII-XVI դդ-ում ծաղկել է արձակ, երբեմն էլ չափածո հորինվածքով հիշատակարանի ժանրը։ Հիշատակարանները հեղինակի, գրչի կամ այլ անձանց (մանրանկարիչ, պատվիրատու, կազմող, նորոգող ևն) կարճառոտ արձանագրություններ են, որոնք ամփոփել են գրքի ստեղծմանն առնչվող հանգամանքներ, ժամանակի պատմաքաղաքական, սոցիալական վիճակն արտացոլող տեղեկություններ, անձնական տվյալներ։ XIII-XVI դդ-ում գրվել են նաև բազմաթիվ հրաշապատումներ, Աստվածաշնչի թեմաներով պատմվածքներ ևն։

Բուռն զարգացում է ապրել վարքաբան. և վկայաբան. արձակը, սրանց մի մասն անանուն է։ Պատմաքաղաքական բարդ հանգամանքներում, ձգտելով ծառայել ազգապահպանման գործին, վարքերն ու վկայաբանություններն արտահայտել են հայրենասիր. շեշտված գաղափարախոսություն։

Մարտիրոս Երզնկացու «Այս է պատմութիւն ֆռանկաց երկրին» գործով, որտեղ ամփոփվել են հեղինակի տպավորությունները 1489-96-ին Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ կատարած այցի մասին, հայ արձակում սկզբնավորվել է ուղեգրության ժանրը։

Վարագ Ներսիսյան