Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հայրենասիր. գաղափարներով։ Շահազիզի գրական ժառանգության մեջ ուրույն արժեք ունեն հրապարակախոս. էջերը («Հրապարակախօս ձայն», 1881, «Ամառային նամակներ», 1887)։

Ներքաղաքական ռեակցիայի ուժեղացումը Թուրքիայում սուր տագնապներ է առաջացրել Պետրոս Դուրյանի պոեզիայում։ Բանաստեղծը հայ ժողովրդի փրկության ելքը համարել է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ է արել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։ Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին մեծ սիրերգակն է. ռոմանտիկորեն չափազանցված, բայց զգացմունքի ողջ խորությամբ արտահայտել է անհատի հոգևոր ներաշխարհը, ապրումները («Պետք է մեռնիլ», «Սիրել», «Դրժել», «Լճակ», «Հծծյունք», «Նե», «Ներա հետ» ևն), տառապող մարդու բողոքը («Տրտունջը»)։ Դուրյանի ժառանգության անքակտելի մասն են ռոմանտիկ. դրամաները («Վարդ եւ Շուշան կամ Հովիւք Մասեաց», 1867, «Սեւ հողեր կամ Յետին գիշեր Արարատեան», 1868, «Արտաշէս Աշխարակալ», 1869, «Թատրոն կամ Թշուառներ», 1871, ևն)։

XIX դ-ի հայ քաղաքաց. պոեզիայի խոշորագույն դեմքը Ռ. Պատկանյանն է, որի ստեղծագործության գլխավոր թեման հայ ժողովրդի քաղաքական պայքարն է և ազատագրության երազանքը («Իմ երգը», «Արաքսի արտասուքը», բանաստեղծություններ, «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը», «Քյոռ Օղլի», պոեմներ)։ 1870-ական թթին ռուս-թուրք. պատերազմի ազդեցությամբ ստեղծել է մարտ. կրքոտությամբ ներշնչված բանաստեղծություններ («Ազատ երգեր», 1878)։ Պատկանյանը գրել է նաև սենտիմենտալ-ռոմանտիկ. վիպակներ («Ես նշանած էի», 1880, «Փառասէր», 1880, «Տիկին եւ Նաժիշտ», 1884), պատմվածքներ («Օձի խածածը», «Շատերեն մեկը», «Չախու» ևն)։

Իր ապրած դարաշրջանի ողջ հոգևոր փորձն ընդհանրացրել է Միքայել Նալբանդյանը։ Նա թողել է հարուստ գրական ժառանգություն (պոեզիա, արձակ, գրաքննադատական, հրապարակախոս., պատմագիտական, փիլ., լեզվաբան., մանկավարժ., բանասիր. աշխատություններ)։ Նալբանդյանի պոեզիային բնորոշ են փիլ. խոհականությունը, հայրենասիրությունը, ազատասիրությունը, անցավորի ու հավերժականի տիեզ. սկզբի որոնումը, ներանձնական խոհերը («Լուսին», «Վազող ջրին», «Կյանք», «Մտածողություն», «Ճշմարտություն», «Ապոլլոնին», «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր» ևն)։ Ազգային վեպի ձևավորման ասպարեզում նշանակալի է Նալբանդյանի դերը. «Մինին՝ խօսք, միւսին՝ հարսն» (1858) վիպակը և «Մեռելահարցուկ» (1859) վեպը հայ ռեալիստ. արձակի առաջին գործերից են։ Հրապարակախոսության և գեղարվեստական ոճերի միասնություն է «Յիշատակարան Կոմս Էմմանուէլի օրագրական թերթերից» (1858-60) երկը, որտեղ արտացոլվել են ժամանակի հայ հասարակական կյանքին բնորոշ իրադարձությունները։ «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ» (1854-55), «Յառաջաբան «Թափառական հրեայի» (1857) , «Հանդէս նոր հայախօսութեան» (1858) , «Կրիտիկա «Սօս եւ Վարդիթերի» (1863-64) ու բազմաթիվ այլ հոդվածներով և ուսումնասիրություններով Նալբանդյանը հայ գրաքննադատության հիմքն է դրել։ Բացառիկ է նրա ավանդը հայ հրապարակախոսության ձևավորման և զարգացման մեջ («Երկու տող», 1861, «Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ», 1862, «Հեգելը եւ նորա ժամանակը», 1863, հրտ.՝ 1902)։

1870-80-ական թթ-ի հայ գրակ-ն ընթացել է ռոմանտիզմի և ռեալիզմի գեղարվեստական փորձի նոր յուրացումներով։ Հասարակության զարգացումն ուղեկցվել է ազգային ինքնագիտակցության վերելքով՝ օրակարգի խնդիր առաջադրելով ազատագր. գաղափարը, որն առավել նպատակային է դարձել 1875-78-ի Բալկանյան և ռուս-թուրք. պատերազմների ընթացքում։ Գեղագիտական միտքը մերժել է «արվեստը արվեստի համար» տեսությունը և ռոմանտիկ ու ռեալիստ. ուղղությունների միաբանությամբ հաստատել է գրակ-յան օգտակարության սկզբունքը։ Ազգի գոյության հիմքերի վերաբերյալ մամուլում ծավալվել է 2 ազդեցիկ հոսանքների բանավեճը։ Ազատամտականները («Մշակ») ազգի գոյության հիմքը համարել են «նյութական հարստությունը», ազգային պահպանողականները («Մեղու Հայաստանի», «Նոր Դար») դրան հակադրել են «բարոյական հարստությունը»՝ եկեղեցին, մշակութը, ընտանիքը և ազգային ավանդույթները։ Այդ ժամանակաշրջանի