(1941) պոեմը, «Արա Գեղեցիկ» (1946) դիցապատմ. ողբերգությունը, Ս. Զորյանի «Սմբատ Բագրատունի» (1941) պատմվածքը, Թաթուլ Հուրյանի «Ֆրիկ» (1945) և Խաչիկ Դաշտենցի «Տիգրան Մեծ» (1945) դրամաները, որտեղ անցյալը ներկայանում էր թեև ողբերգ., բայց և հերոս. էջերով։ Վիգեն Խեչումյանը «Զվարթնոց» (1945) պատմվածքների ժող-ում բացահայտել է հանիրավի մոռացված միջնադարի հերոսների՝ գրիչների ու զինագործների, տպագրիչների ու ծաղկողների մասին պատմող մի նոր աշխարհ, որոնց ներկայացրել է ստեղծագործ աշխատանքի մեջ։ Իր որդեգրած ուղղությամբ Վ. Խեչումյանը կենսունակ է պահել Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի» ժող-ում զետեղված «Տաղեր և խորհուրդներ» շարքի, «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» պոեմի, Ա. Բակունցի միջնադարյան ժամանակագրությունների ոճավորումով գրած պատկերների և Դ. Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի ավանդույթները։ Հրաչյա Քոչարը, Գ. Բեսը, Վ. Անանյանը և ուր. եղել են զինվորական թղթակիցներ։
Այդ տարիներին առաջնահերթ նշանակություն ձեռք բերած հրապարակագրությամբ մամուլում հանդես են եկել Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ն. Զարյանը և ուր.։ Գրակ-յան քննադատությունը մշակել է գրակ-յան վերլուծության նոր մոտեցումներ, որի արտահայտությունը Խորեն Սարգսյանի «Հայրենական պատերազմը և գրականությունը» (1946) հոդվածների ժող-ն է, ինչպես նաև մամուլում տպագրված բազմաթիվ գրականագիտ-քննադատական նյութեր։
1946-53-ին նախ շարունակվել է տասնամյակի առաջին տարիների վերելքը, ապա դրան հաջորդել է անկումը։ 1946-ից Հայաստան են ներգաղթել արտասահմանում իրենց գրական կյանքի ուղին սկսած շատ գրողներ՝ Աբիգ Ավագյանը, Աբրահամ Ալիքյանը, Կարպիս Սուրենյանը, ավելի ուշ՝ Կոստան Զարյանը և ուր.։
1946-ի սեպտեմբերին տեղի է ունեցել Հայաստանի գրողների 2-րդ համագումարը, որը հռչակել է «Մեկ ժողովուրդ՝ մեկ գրականություն» կարգախոսը։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են նաև սփյուռքահայ գրողներ։
Պատերազմից հետո՝ 1946-ին, հրապարակվել են կուս. մի քանի որոշումներ («Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի մասին», «Դրամատիկական թատրոնների խաղացանկերի և դրանց բարելավման միջոցառումների մասին», «Մեծ կյանք» կինոնկարի մասին»), որոնց հիման վրա ընդունվել է հատուկ բանաձև հետևյալ հրահանգով՝ ուշադրության կենտրոնում պահել արդիականութունը, չտարվել պատմ. անցյալի գունազարդումով, ուժեղացնել գեղ. խոսքի քաղաքաց. բովանդակությունը, ամրապնդել գրակ-յան կապը կյանքի և իրականության հետ։ Կրկին բռնադատվել է գրակ-ը, և արհեստականորեն խզում է առաջացել կյանքի ու գրակ-յան միջև, այն, ինչ թույլատրելի էր պատերազմի տարիներին, արգելվել է, հայրենասիրությունը վերստին հեռացել է ազգ. ակունքներից, անտեսվել են պատերազմում հաղթանակած մարդու ծանրագույն զրկանքների ու դժվարությունների դիմացած ժողովրդի ապրումներն ու հույգերը, կրկին առաջնային են դարձել սխեմատիկ կարգախոսներին հարմարեցված գաղափարները։ Աններելի հանցանք է համարվել գրակ-յան ազգ. բովանդակության և ձևի մասին խոսելը։ Տարիներ շարունակ, ինչպես արձանագրել է ժամանակի մամուլը, միակ բախումը «առաջավոր, շարքային նորարարների պայքարն էր գործարանների պահպանողական տնօրենների և կոլտնտեսության հետամնաց նախագահների դեմ»։
Կենսազուրկ այս սխեմատիզմին հարել են և՛ հին, և՛ նոր գրական ուժերը, որոնք գունազարդել են պատկերվող կյանքը։ Այս ամենի հետևանքով ստեղծվել են գեղ. արժեքից զուրկ մի շարք գործեր (Ն. Զարյան, «Արմենուհի», 1950, Գ. Սարյան, «Հրաշալի սերունդ», 1950, Պ. Սևակ, «Անհաշտ մտերմություն», 1953, Վ. Դավթյան, «Պտուտակներ», 1953, ևն)։ Վերստին հալածանքների, մեղադրանքների, զրպարտությունների, գրաքննության ծանր մթնոլորտն է իշխել գրակ-յան, արվ-ի ու գիտության վրա։
Բայց անգամ այսպիսի պայմաններում նույն և այլ հեղինակներ շարունակել են գրակ-յան ընթացքը։ Հրատարակվել են Ս. Կապուտիկյանի «Օրերի հետ» (1945) և «Զանգվի ափին» (1947), Մ. Մարգարյանի «Բանաստեղծություններ» (1945), «Մոր ձայնը» (1951) և «Փշատենի» (1954), Գ. Էմինի «Նորք» (1946), «Նոր ճանապարհ»