Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանա ժայռի քարայրերը (Խորխոռյան մեծ և փոքր, Իչկալա, Նավթկույու) ուղղանկյուն հատակաձևերով, հարթ կամ թաղանման առաստաղներով, միմյանց հետ հաղորդակցվող դահլիճ-սենյակներ են։ Կառուցվել են ջրանցքներ (աքվեդուկ), փորվել են թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը՝ Շամիրամի, Դալմայի, Կարմիր բլուրի, գործում են ցայսօր։ Կառույցների որմերի և մույթերի ստորին շարքերը շարվել են անմշակ կամ կոպտատաշ քարերով, սրբատաշ են եղել սյունախարիսխները, որոշ պաշտամունքային կառույցների որմեր, արձանագրություններով և քանդակապատ քարերը։ Հիմն. շինանյութը հարդաշաղախ հում աղյուսն էր։ Սյուները, բարավորները, հեծանային կառուցվածքները եղել են փայտից։

Մ. թ. ա. VI-մ. թ. III դարերի ճարտարապետությունը

Հայկ. ժող. բնակելի տան հիմն. տիպի՝ գլխատան նախօրինակները նկարագրել է Քսենոփոնն իր «Անաբասիս» երկում (մ. թ. ա. V դ.)։ Մ. թ. ա. III-մ. թ. I դդ-ում են հիմնադրվել Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ, Զարեհավան, Տիգրանակերտ քաղաքները՝ որպես վարչ. և արհեստավոր. կենտրոններ։ Դրանք, ինչպես և նույն ժամանակաշրջանի ամրոցները (Գառնի, Արտագերս, Անի-Կամախ, Օշական, Դարույնք) ու հեթանոս. սրբավայրերը (Բագավան, Բագրևանդ, Աշտիշատ, Երիզա) եղել են քաղաքաշինության և ճարտ-յան կազմավորման հիմն. օղակները։ Ըստ գրավոր աղբյուրների, մասամբ նաև Գառնիի, Արմավիրի, Արտաշատի և անտիկ այլ հնավայրերի պեղածո նյութերի՝ Հայաստանի քաղաքաշինությունը, ճարտ-ը և շին. տեխնիկան մ. թ. ա. IV դ-ից զարգացել են հունա-հռոմ., իսկ մ. թ. ա. I դ-ից՝ նաև հռոմ. մշակույթների փոխազդեցությամբ՝ դառնալով «հայկական հելլենիզմի» մշակույթի բաղկացուցիչ մասը։ Քաղաքների բնական պաշտպանվածությունը լրացվել է արհեստ. շինություններով (պարիսպներ, հողապատնեշներ, ջրլեցուն խանդակներ), որոնցով առանձին-առանձին շրջապատվել են քաղաքի 2 բաղադրիչները՝ միջնաբերդն ու բուն քաղաքը։ Առանձնապես հզոր և հուսալի էին Տիգրանակերտի ավելի քան 25 մ բարձր. պարիսպները։ Տեղանքի նպատակահարմարությամբ և պաշտպան. շինությունների հզորությամբ աչքի է ընկել նաև թագավոր. Գառնի (մ. թ. ա. III-II դդ.) ամառանոցը, որի բնականից անպաշտպան հատվածները (հատկապես՝ հս.) ողջ երկայնքով պատված էին ամրակուռ բրգավոր պարիսպներով։ Կառուցող. տեխնիկան (տձև և կանոնավոր քարերից անշաղախ շարվածք, արճճով մածուցված երկաթե կապեր, սյունահեծանային համակարգ) նույնպես վկայում է տեղականի և անտիկ հունա-հռոմեականի զուգակցման մասին։

IV-VII դարերի ճարտարապետությունը

Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելուց հետո կառուցվել են նորատիպ պաշտամունքային շենքեր, որոնք սկզբնապես կրել են անտիկ ճարտ-յան ազդեցությունը։ IV-V դդ-ի եկեղեց. շենքերը հիմնականում բազիլիկատիպ են՝ միանավ կամ եռանավ։ Անհամեմատ շատ են պահպանվել միանավ ոչ մեծ չափերով դահլիճները, որոնց աղոթասրահները ծածկվել են միասն. թաղով և ամփոփվել երկլանջ կտուրի տակ (Գառնիի, IV դ., Թանահատի, 491, Ջարջառիսի, IV-V դդ., Լեռնակերտի, IV-V դդ., Կառնուտի, V դ., Եղվարդի, V դ., Թալինի, V դ., Զովունիի, V դ-ի 1-ին քառորդ, Ծաղկավանքի, VI դ., Դվինի, 553- 557, և այլ եկեղեցիներ)։ Եռանավ բազիլիկի «արևելյան տիպին» են պատկանում Աղցի (IV դ.), Քասաղի (IV-V դդ.), Աշտարակի (V դ.), Եղվարդի (V դ.), Կողբի (V դ.) եկեղեցիները, որոնք առնվել են երկլանջ ընդհանուր կտուրի տակ, իսկ «արևմտյան տիպին»՝ Երերույքի (IV-V դդ.), Ծիծեռնավանքի (IV-V դդ., Սյունիք), Դվինի Սբ Գրիգոր (470), Տեկորի (V դ.), եկեղեցիները, որոնց միջին նավը բարձր է եզրայիններից, և յուրաքանչյուր նավն առնվել է առանձին կտուրի տակ։

Եկեղեցիների մեծ մասում խորանը ներգծվել է արտաքին պատերի ուղղանկյուն