Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆԵՐ

տու (գազ), դեղատու (դժնիկ, արևոսկի, արևքուրիկ), թելատու, եթերայուղատու, ուտելի և վիտամինային բույսեր։

Տափաստանային բուսականությունը

Հայաստանի բուս. ծածկույթի ամենաբնորոշ լանդշաֆտային տիպերից է։ Տարածված է միջինլեռն. գոտում (1300-2200 մ, եզակի դեպքերում՝ 400-2700 մ բարձր-ներում), զբաղեցնում է ՀՀ տարածքի գրեթե կեսը։ Տափաստանային բուսականությամբ են պատված ՀՀ բոլոր խոշոր լ-զանգվածների միջին գոտիները, սարավանդներն ու գետահովիտները (Լոռու, Շիրակի, Սյունիքի)։

ՀՀ- ում առանձնացվում է տափաստանային բուսականության շուրջ 20 ենթատիպ. առավել բնորոշ են կծմախոտային, շյուղախոտային, փետրախոտային, տարախոտային, դաշտավլուկ-տարախոտային, կելերային, տրագականտային տափաստանները։ Բուսաաշխարհագր. տեսակետից առանձնահատուկ են Արարատյան գոգավորության, Եղեգնաձորի և Շիրակի առաջնային չոր դաշտավլուկային ու դաշտավլուկ-տարախոտային տափաստանները, որտեղ պահպանվել են մշակաբույսերի վայրի ազգակիցներ։ Բնական պայմաններում կարելի է հանդիպել բազմաթիվ այլ միջանկյալ լեռնատափաստանային բուս. համակեցությունների, որոնցից ամենատարածվածները մարգագետնատափաստաններն են։

Լեռնատափաստանային բուսականության մեջ ուրույն տեղ ունեն տրագականտային տափաստանները, որտեղ տիրապետող բուսատեսակները բարձիկանման բույսերն են (փշատերևուկ, ոզնաթուփ, փշամանդիկ, սապնարմատ, եղջերատերևավոր կորնգան, գազ ևն)։ Քանի որ այդ բույսերն արոտի համար պիտանի չեն, ուստի, տարեցտարի ընդարձակելով իրենց տարածքները, համակեցություններից դուրս են մղում օգտակար բույսերը և գրավում նրանց տեղը։ Միջբարձիկային տարածությունները սովորաբար ծածկվում են տափաստանային գուղձավոր և պնդաթուփ խոտաբույսերով (եղջերատերևավոր կորնգանի առանձին բարձիկներ ունենում են մինչև 2 մ տրամագիծ)։ Լեռնատափաստանները տնտ. խոշոր նշանակություն ունեն. նրանց զգալի մասը (հատկապես՝ մարգագետնատափաստանները) օգտագործվում են որպես խոտհարքներ և արոտներ, ծառայում են որպես օգտակար բույսերի հավաքման շտեմարան։ Հատկապես կարևոր են ՀՀ լեռն. սևահողերի առաջացման համար։

Անտառային բուսականություն:

Անտառածածկ է ՀՀ տարածքի մոտ 11,2 %-ը՝ 334 հզ. հա։ ՀՀ անտառները տիպիկ լեռնային են. դրանց 68 %-ն աճում է 21-35°, իսկ 11 %-ը՝ 36°-ից ավելի թեքություններում։ Անտառածածկ տարածության 85 %-ն զբաղեցնում են կաղնին, հաճարենին և բոխին, մնացած ավելի քան 250 ծառաթփատեսակները (սոճի, թեղի, թխկի, հացենի, ղաժի, լորենի ևն)՝ 15 %-ը։

ՀՀ լեռն. պայմաններում մեծ է անտառի դերը. այն կլիմայի կարգավորիչ է, բարձրացնում է օդի խոնավությունը, մեղմացնում ամառվա շոգը, ձմեռվա ցուրտը, քամիների կործանիչ ուժը ևն։ Որոշ ծառաթփատեսակների (գիհի, կենի, սոճի, թխենի, կաղնի, ընկուզենի ևն) տերևներն արտադրում են եթերայուղեր (ֆիտոնցիդներ), որոնք ոչնչացնում են ախտածին մանրէները։ ՀՀ անտառների ծառածածկությունը (լրիվություն) շատ ցածր է՝ 0,4-0,5։ Ապացուցված է, որ 0,5-0,6 ցածր ծառածածկությամբ անտառները զրկում են ջրահողապաշտպան հատկություններից։

Անտառներում կենդանիների արածեցման, խոտհնձի և անկանոն անտառահատումների հետևանքով զգալի չափով իջել է անտառների վերին սահմանը (100-500 մ)։ Նույն երևույթը նկատվում է նաև անտառների ստորին գոտիներում (վարելահողերի ու մարգագետինների ընդարձակում, տարերային ծառահա-