Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմպրեսիոնիզմին հարել են Փարիզում ճանաչված բնանկարիչ և դիմանկարիչ Կարապետ (Շառլ) Ադամյանը (1872-1947), Վրաստանում ստեղծագործող Վահրամ Գայֆեճյանը (1879-1960)։ Հովհաննես Ալխազյանի (1881-1958) բնապատկերները հակված են որոշ դեկորատիվության, որն առավել բնորոշ է Սարգիս Խաչատուրյանի (1886-1947) կտավներին, գեղ. և փաստ. արժեք ունեն ժող. կյանքին, Մեծ եղեռնին ու գաղթին վերաբերող տեսարանները։ Հովսեփ Փուշմանի (1877-1966) դիմանկարներում և նատյուրմորտներում, Գեորգի Յակուլովի (1884-1928) կտավներում, գրքի գրաֆիկայում ու բեմանկարչ. ձևավորումներում զգացվում է սիմվոլիզմի ազդեցությունը։

XX դ-ի սկզբի գեղ. նորագույն ուղղությունների խաչմերուկում իր նոր՝ «Հեքիաթներ և երազներ» (1904-09) նկարաշարով համաշխ. արվեստ է մտել Մարտիրոս Սարյանը (1880-1972)։

XIX դ-ի կեսին սկզբնավորվել է հայկ. պրոֆեսիոնալ բեմանկարչությունը։ 1846-ին Կ. Պոլսում հիմնադրված «Արամյան թատրոնում» աշխատել է հայ առաջին բեմանկարիչ Հարություն Պաղտատլյանը։ Ժամանակակիցները բարձր են գնահատել բեմանկարիչներ Մ. Շիշեճյանին (Կ. Պոլիս), Մ. Աբամելիքյանին (Թիֆլիս)։ Առաջին խոշոր բեմանկարիչը Վ. Սուրենյանցն է, որը ձևավորել է մի շարք ներկայացումներ Մոսկվայի և Ս. Պետերբուրգի թատրոններում։ Բեմանկարչ. գործեր են ստեղծել նաև Գ. Բաշինջաղյանը, Ե. Թադևոսյանը, Հ. Շամշինյանը, Գրիգոր Շարբաբչյանը, Ա. Ֆեթվաճյանը։

Հայ նոր քանդակագործությունը երևան է եկել ավելի ուշ։ Հայկ. միջնադարյան արվ-ում (մինչև XVIII դ.) ինքնուրույն բոլորաքանդակ գրեթե չի ստեղծվել, իսկ ճարտ-յանը համադրված բարձրաքանդակը կրել է դեկորատիվ բնույթ։ Նոր ժամանակների առաջին հայ քանդակագործը Կ. Պոլսում ստեղծագործող Երվանդ Ոսկանն է (1855-1914), որն ստեղծել է դիցաբան. և կենցաղային կերպարներ («Դափնե», «Աղախինը» ևն)։

XX դ-ի սկզբի հայ հուշարձանային քանդակագործությունն սկզբնավորել է Անդրեաս Տեր-Մարուքյանը (1871-1919), որն ապրել ու ստեղծագործել է Փարիզում։ Հավատարիմ մնալով ռեալիզմի սկզբունքներին՝ կերտել է Ռափայել Պատկանյանի, Միքայել Նալբանդյանի հուշարձանները, Ղևոնդ Ալիշանի, Պետրոս Ադամյանի, Խրիմյան Հայրիկի, երգչուհի Պոլինա Վիարդոյի դիմաքանդակները. գլուխգործոցը Խաչատուր Աբովյանի մոնումենտալ արձանն է (տեղադրված է տուն-թանգարանի բակում)։ Ստեղծել է նաև ազգ. հայրենասիր. թեմայով («1512-հայ տպագրություն-1912», 1912, «Հայաստան», 1914) բարձրաքանդակները և այլ գործեր։ Հիմնականում կենցաղային ժանրի արձանիկներ է ստեղծել Միքայել Միքայելյանը (1879-1943)՝ կերտելով պարզ ու հասարակ մարդկանց կերպարներ («Բեռնակիրը», 1903, «Կուժը կոտրած աղջիկը», «Ասեղ թելող պառավը», երկուսն էլ՝ 1906, ևն)։

1910-ական թթ-ին ձևավորվել է ապագա ականավոր քանդակագործների՝ Մորիս Սարկիսովի (1882-1947, Շվեյցարիա), Հայկ Բադիկյանի (1876-1950), Հակոբ Փափազյանի (1878-1957), Նշան Թուրի (1888-1967, երեքն էլ՝ ԱՄՆ), Սերգեյ Մերկուրովի (1881-1952), Հակոբ Գյուրջյանի (1881-1948), Գրիգոր Քեպինովի (Քեպինյան, 1886-1966, Ռուսաստան) արվ-ը։

XIX դ-ի հայկ. գրաֆիկան դրսևորվել է հիմնականում գրքերի ձևավորումներում, տառագրություններում և պատկերազարդումներում։ Հաստոցային գրաֆիկան սկզբնավորվել է XIX դ-ի 1-ին կեսին՝ Աղաթոն Հովնաթանյանի (1816-1893) և Հովհաննես Քաթանյանի (1824-1894) փորագրանկարներով, Հ. Շամշինյանի օֆորտներով, մատիտանկարներով, գրչանկարներով (1904-ին ռուս. հրատարակել է գծագրության և հեռանկարի՝ Այսրկովկասում առաջին դասագիրքը)։ Գրաֆիկայի խոշորագույն ներկայացուցիչ Վ. Սուրենյանցը ձևավորել է Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմը, հայկ. ժող. հեքիաթները, Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» հեքիաթը և այլ գրքեր, որտեղ ակնհայտ է գեղ. իրականությունը գրաֆիկ. հնարքներով պատկերելու նրա մեծ վարպետությունը։

Փարիզում ստեղծագործել են XX դ-ի օֆորտի խոշոր վարպետներ Էդգար Շահինը (1874-1947, ստեղծել է դիմանկարներ, փարիզյան բնանկարներ, կենցաղային տեսարաններ ևն) և Տիգրան Պոլատը (1874-1950, կատարել է գրքի