Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տասնյակ ցուցահանդեսներ, մասնակցել ավանգարդիստ. արվ-ի փառատոներին՝ համաշխ. հանրությանը ներկայացնելով հայկ. ժամանակակից արվ-ը։ ՆՓԱԿ-ը նպաստել է ՀՀ-ի մասնակցությանը (1995-ից) Վենետիկի համաշխ. արվ-ի փառատոներին, որտեղ հանդես են եկել մի շարք նորարար արվեստագետներ։ Ուշագրավ են Կարեն Անդրեասյանի «Իրականություն։ Գործընթաց։ Վերահսկում» (1995), Ազատ Սարգսյանի «Հուշեր ապագայի մասին», Ստեփան Վերանյանի «Անվերնագիր» (երկուսն էլ՝ 1997) և Նարեկ Ավետիսյանի «Post factum» (1999) կոնցեպտուալ «ակտիվ և ինտերակտիվ նախագծերը», Կարեն Մացակյանի «Սպառողի հաղթանակը» (1996) և Արման Գրիգորյանի «Այն ինչ է մնալու վաղը նրանից, ինչ եղել է երեկ» (1997) կտավները, Արա Հովսեփյանի «Սոցիալական կենդանի», Նորա Բադալյանի «Սիրո անատոմիան» և Արփինե Թոքմաջյանի «Առաջընթաց» (երեքն էլ՝ 2001) երկէկրան տեսաֆիլմերը, որտեղ հեղինակներն արվ-ի ավանդ. և ոչ ավանդ. զանազան ձևերի ու տեխ. միջոցների կիրառման կամ համադրման շնորհիվ ձգտել են արտահայտել իրենց տեսակետն ու դիրքորոշումը մարդու էության, նրա հասարակական կեցության ու ճակատագրի վերաբերյալ։ ՆՓԱԿ-ում գործում է փորձառ. թատերախումբ, կազմակերպում են թատրոնի և վիդեո-արվ-ի տարեկան ստուգատես-փառատոներ, պարբերաբար նկարահանվում են լիամետրաժ ֆիլմեր։

Ավանգարդային արվ-ի տարածմանը նպաստել է նաև ՀԱՅ-ԱՐՏ կենտրոնը (1997-2004), որը կազմակերպել է «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (հայ-գերմ., 1998), «Փակ քաղաք» (հայ-ռուս., 1999), «Զուգահեռ իրականություն» (հայ-ավստր., 2000), «Ցտեսություն, Փարաջանով» (Վիեննա, 2003), «Նարգիսը Երևանում» (2004, Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասսոյի թանգարանի հետ) և այլ ցուցահանդեսներ։ Կենտրոնը կապեր է հաստատել ԱՊՀ, Եվրոպայի և Ամերիկայի երկրների ժամանակակից արվ-ի թանգարանների և մշակութային այլ հաստատությունների հետ, մասնակցել ավանգարդիզմի միջազգային ստուգատեսների՝ «Մանիֆեստա-3» (Լյուբլյանա, 2000), Ժամանակակից արվ-ի փառատոն (Վիեննա, 2001) ևն։

Ի տարբերություն նորարար արվեստագետների՝ ՀՆՄ անդամների գերակշիռ մասը, թարմացնելով սեփական արվ-ի արտահայտչալեզուն, միաժամանակ պահպանել է ազգ. ավանդույթները, որը պարզորոշ նկատվում է վերջին տարիների նրանց ստեղծագործություններում (Հակոբ Հակոբյան, Ռոբերտ Էլիբեկյան, Զուլում Գրիգորյան, Վալմար, Ռուբեն Ադալյան և ուր.)։ 2002-ին կազմակերպվել է ՀՆՄ-ի 70-ամյակին նվիրված ժամանակակից կերպարվ-ի հոբելյան. ցուցահանդես, որին մեկական աշխատանքով մասնակցել է 400 արվեստագետ։

1990-ական թթ-ին հայ կերպարվ-ի առաջատար ճյուղը գեղանկարչությունն էր։ Քանդակագործության հաջողությունները հիմնականում պայմանավորված էին մանր պլաստիկայի գործերով։ Պետական օժանդակության և պետպատվերի բացակայության պատճառով դանդաղել է մոնումենտալ արձանագործության զարգացումը։ Այդուհանդերձ, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստեղծվել են զոհված ազատամարտիկների և 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված մի շարք կոթողներ, տեղադրվել են՝ Սիսիանում՝ Նիկողայոս Ադոնցի (1993, քանդ.՝ Արտաշես Հովսեփյան, ճարտ.՝ Ռոմեո Ջուլհակյան), Երևանում՝ Լեոնիդ Ենգիբարյանի (1998, քանդ.՝ Լևոն Թոքմաջյան, ճարտ.՝ Ասլան Մխիթարյան), Անդրանիկի (1998, քանդ.՝ Ռաֆիկ Սարգսյան, ճարտ.՝ Աշոտ Սմբատյան), Արամ Խաչատրյանի (1999, քանդ.՝ Յուրի Պետրոսյան, ճարտ.՝ Ռոմեն Մարտիրոսյան) հուշարձանները, Սերգեյ Փարաջանովի մահարձանը (1999, քանդ.՝ Արա Շիրազ, ճարտ՝. Ա. Մխիթարյան, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն) ևն։