Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թատեր. երաժիշտների դասով։ Հայաստանում վաղ ավատատիր. շրջանում ձևավորված հայկ. քրիստ. եկեղեցին (301-302 թթ.) իր վերահսկողության տակ է առել նաև հայոց մշակութային, այդ թվում՝ երաժշտ. կյանքը։ Այդ շրջանի աշխարհիկ երգ-երաժշտության բնագավառում միակ պրոֆեսիոնալ ներկայացուցիչները գուսաններն էին, որոնց արվ-ը, սակայն, միատարր չէր՝ ուներ ներքին ճյուղավորումներ։ Գուսանների, առանձին գործիքների տիրապետող վարպետ նվագածուների, երգիչ-դերասանների (գողթան երգիչներ), վարձակների և ուր. ջանքերով լուրջ տեղաշարժեր են կատարվել վիպերգության մեջ. ստեղծվել են «Պարսից պատերազմ» հայկ. ազգ. մեծ վեպը, «Տարոնի պատերազմը»՝ Արշակունյաց Հայաստանի ու Սասանյան Պարսկաստանի դարավոր պայքարի մասին, որտեղ գովերգվում են Մամիկոնյան տան քաջարի զորավարների սխրանքները։ Զարգացել է ձայնային-գործիքային գուսան. երաժշտությունը։

Վաղ ավատատիր. շրջանում սկզբնավորվել է հայ հոգևոր երգաստեղծությունը։ IV դ-ում, ապրելով նախնական խմորման 100-ամյա շրջան, գրերի գյուտի շնորհիվ այն բարձրացել է հայոց մասնագիտացված և արդեն գրական լեզվի վրա խարսխված, ազգայնացված երգարվ-ի աստիճանի։

Երաժշտապատմ. այդ ընթացքը ներառել է զարգացման 3 փուլ՝ IV-V դդ. (բարձրակետը՝ V դ.), VI-VIII դդ. (բարձրակետը՝ VIII դ-ի 1-ին քառորդ) և IX-X դդ., որոնք, ամփոփելով ողջ պատմաշրջանի նվաճումները, միաժամանակ նոր սկիզբ են նշանավորել։ Գրերի գյուտից հետո Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի և նրանց ավագ աշակերտների ջանքերով թարգմանվել են Աստվածաշունչն ու պաշտամունքային այլ մատյաններ (առաջին հերթին՝ Պատարագամատույցը), ծեսն ու արարողությունը հայացվել ու ճոխացվել են։

Աստվածաշնչից անջատվելով՝ առանձին գրքով լույս են տեսել Դավթի սաղմոսները, որոնցով ստեղծվել է հայոց Սաղմոսարանը, ապա վերջինիս ավելացնելով մարգարեական օրհնությունները և նորաստեղծ աղոթքներն ու քարոզները՝ հնագույն Ժամագիրքը։ Ծեսի և արարողության երաժշտությունը կանոնակարգել են Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը՝ հիմքում դնելով հայոց ավանդ. ձայնեղանակները։ Հայկական ինքնուրույն երգի 2 նահապետներն էլ իրենց ջանքերն ուղղել են սկզբնապես թեև ոչ ծավալուն, սակայն մոնումենտալ ոճի երգի արմատավորմանը Հայաստանում։ Մեսրոպ Մաշտոցը հորինել է ապաշխարության շարականները, Սահակ Պարթևը՝ Ավագ շաբաթի հանդիսավոր երգեցողությունները։ Դավիթ Քերականն ու Դավիթ Անհաղթը խորապես մշակել են հայոց գեղագիտական ու երաժշտատես. համակարգերը։ Մովսես Խորենացին ծննդյան շարականներով ինքնատիպ որակ և հզոր շունչ է հաղորդել հայոց պրոֆեսիոնալ երգարվ-ին, իսկ Հովհան Ա Մանդակունին և Գյուտ Արահեզացին նոր մակարդակի են հասցրել մոնումենտալ ոճի հայ հոգևոր ինքնուրույն երգը։

Տեսության բնագավառում դեռևս V-VI դդ-ում, ի լրումն ձայնեղանակների կանոնակարգման, մշակվել են ձայնի և ներդաշնակության հենքի մասին ուսմունքները։ VII դ-ում մոնումենտալ ոճը զարգացման բարձրակետին են հասցրել Կոմիտաս Ա Աղցեցին, Բարսեղ Ճոնը, Անանիա Շիրակացին (Հարության շարականներով) և Սահակ Ա Ձորափորեցին (խաչին ու եկեղեցուն նվիրված շարականներով)։ Տեսությունը հարստացվել է հնչյունականության (ակուստիկա) մասին ուսմունքով։ Բարսեղ Ճոնը կազմել է հոգևոր երգերի ինքնուրույն առաջին, պաշտոնապես վավերացված ժող-ը՝ «Ճոնընտիրը»։

VIII դ-ի 1-ին քառորդում Ստեփանոս Սյունեցու ջանքերով սկզբունքորեն ընդունվել է եկեղեց. միևնույն տոնին վերաբերող 8-9 երգից բաղկացած «կանոնի» ժանրը, ծագել է խազագրության նախնական (ընթացքում լրացվել է երգչային նոր նշաններով) և բարեկարգվել ութձայն համակարգերը։ Ծեսի և պաշտոներգության հարցերը նորովի են մեկնաբանվել Հովհան Օձնեցու և Խոսրով Անձևացու աշխատություններում։ Հեթանոս. շրջանին հատուկ դիցաբան. ու բնապաշտ. պատկերացումներին փոխարինել են Դավիթ Անհաղթի, Դավիթ Քերականի և Ստեփանոս Սյունեցու աշխատություններում առաջադրված ու երաժշտության բանական ըմբռնումը հիմնավորող գիտափիլ. հայացքները։ Այս շրջանի հոգևոր երգաստեղծության մեջ, ըստ պատմ. և վարքագր. աղբյուրների, զգալի ներդրում են ունեցել նաև Վահան Գողթնեցու քույրը՝