Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կ. Պոլիս, Թիֆլիս) ձևավորվել են հայ աշուղի և նոր տիպի քաղաքային երգիչ- նվագածուի՝ սազանդարի կերպարները։ Այդ երաժիշտներն իրենց արվ-ով ծառայել են հայ տարագիր քաղաքացուն, արտահայտել նրա խոհերը, վշտերն ու ուրախությունները։ XVIII դ-ում ստեղծագործել է Սայաթ-Նովան՝ Այսրկովկասի ամենամեծ աշուղը։ Նրա ժամանակակից հայ երաժիշտներից հայտնի է թամբուրահար Հարութինը։ Հիշատակելի են նաև հայ անանուն երգիչները՝ ժողովրդական ստեղծագործությունների (մասնավորապես պանդուխտի երգերի) մշակողները։ Հայ պանդուխտի երգն ինքնատիպ ձևով է դրսևորվել Մկրտիչ Նաղաշի ստեղծագործության մեջ։ Շնորհիվ անանուն մշակների հավաք. ջանքերի՝ նոր իմաստ է ձեռք բերել «Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ» ժող. երգը։

Հայ տաղերգությունը զարգացման նոր աստիճանի է հասել XVII-XVIII դդ-ում։ Այս շրջանի հեղինակներից հիշատակելի են Նաղաշ Հովնաթանը, Պաղտասար Դպիրն ու Պետրոս Ղափանցին։ Նաղաշ Հովնաթանը, իր սիրո և խնջույքի երգերով զարգացնելով նախորդ շրջանի՝ XV-XVI դդ-ի քնարերգության ավանդույթները, միաժամանակ կրել է աշուղ. ստեղծագործությունից եկող որոշակի հովեր։ Արևելյան ձայնեղանակների ու աշուղ. արվ-ի հանդեպ ունեցած վերաբերմունքով Նաղաշ Հովնաթանին մոտենում է Պաղտասար Դպիրը, որը հաղորդակից է թուրքահայ աշուղ. արվ-ին։ Պետրոս Ղափանցու շնորհիվ հայ տաղերգության մեջ զարգացել է հայկաբան ոճը։ Նրա «Գրքոյկ կոչեցեալ երգարան»-ում չի հիշատակվում թուրք. կամ առհասարակ արլ. երգերի եղանակներ։ Այդ շրջանում աշխարհիկ տաղերի երգիչ-երաժիշտների թիվն ավելացել է, սակայն ոչ մեկի անունը հայտնի չէ։

XVII-XVIII դդ-ում հայ գիտնականները միջնադարյան ինքնուրույն ու թարգման. մատենագրությունից բանաքաղելու միջոցով ստեղծել են ամբողջ. երաժշտատես. հոդվածներ։ Նրանք իրենց գիտելիքները նորովի համալրելու նպատակով դիմել են և՛ արլ. երաժշտագիտական աղբյուրներին, և՛ բյուզ. ձայնագրագիտությանը, և՛ արևմտաեվրոպ. երաժշտության տեսությանը, որն արտացոլված է Ավետիք Պաղտասարյանի, Զեննե Պողոսի, Խաչատուր Էրզրումցու և Մխիթար Սեբաստացու աշխատություններում։ Գրիգոր դպիր Գապասաքալյանը, միջնադարին հատուկ երաժշտատես. ու գեղագիտական դրույթները ձևակերպելուն և դասակարգելուն զուգընթաց, փորձել է ստեղծել նոր ձայնագրության համակարգ՝ ճգնաժամ ապրող հայկական խազագրության համակարգը համալրելով արլ. ու բյուզ. տարրերով։ Չնայած Գապասաքալյանի փորձը չի հաջողվել, սակայն սկզբնավորել է հայ արդի խազաբան. գիտությունը՝ խթանելով հայկական նոր ձայնագրության ստեղծումը, որի հեղինակն է Համբարձում Լիմոնճյանը։

Նորոգության շրջան։ XVII-XVIII դդ-ում հայ երաժշտության մեջ դրական տեղաշարժերը պայմանավորվել են ազգային ինքնագիտակցության վերելքով և տպագրության գարգացմամբ։ 1664-65-ին Ամստերդամում Ոսկան Երևանցին հրատարակել է առաջին տպագիր Շարակնոցը, որտեղ ձեռագիր վստահելի աղբյուրներից ընդօրինակվել են ձայնեղանակային նշումներն ու հոգևորականների մեծամասնության համար արդեն զուտ խորհրդանշ. իմաստ ունեցող խազային նշանները։

Քաղաքային կենցաղում կարևորվել է աշուղ. արվ-ը, որտեղ առաջնային էին խրատները, սիրո, սոցիալական և հայրենասիր. թեմաները։ Ժողովրդի գրեթե բոլոր խավերում տարածված էր ազգ-հայրենասիր. նոր տիպի քաղաքային երգը։

XIX դ-ում սկզբնավորվել է հայ երաժշտության զարգացման նոր փուլը։ Մտավորականության ու հոգևորականության շրջանում հետզհետե հասունացել է հոգևոր երաժշտության նմուշների պահպանման, հետագա աղավաղումներից ու մոռացությունից փրկելու գաղափարը։ Դրան առանձնապես նպաստել է 1813-15-ին Համբարձում Լիմոնճյանի ստեղծած նոր հայկական ձայնագրության համակարգը, որը լավագույնս հարմարեցված էր ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ մոնոդիկ երաժշտության առանձնահատկությունները համարժեք արտահայտելուն և ձայնագրելուն։ Հ. Լիմոնճյանը, Եղիա Տնտեսյանը, Արիստակես Հովհաննիսյանը, Գաբրիել Երանյանը, Համբարձում Չերչյանը և ուր. նոր համակարգով փորձել են ձայնագրել նախ Շարակնոցը, ապա՝ երաժշտածիս. այլ մատյաններ։

1866-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսն Էջմիածին է հրավիրել ժամանակի