Ժող. երաժշտությունը հայկ. երաժշտարվ-ի այն շերտն է, որը պահպանել է նրա վաղ դրսևորումները, տիպ. առանձնահատկությունները և մտածողության հիմն. կերպը։
Բուն հայկ. ժող. երաժշտությունը սերնդեսերունդ փոխանցվել է բացառապես բանավոր հաղորդմամբ և դարձել ազգ. երգարվ-ի տարատեսակների ու ճյուղերի ոճ. հիմքն ու սնուցող աղբյուրը։ Ընդհանուր կերտվածքով միաձայնային (մոնոդիկ) է. բաղկացած է երգային (մեներգ, զուգերգ, խմբերգ), նվագարանային (մենակատարում և անսամբլ) և նվագերգային տեսակներից։ Տարածված են նաև մենապարին ու խմբապարին ուղեկցող երգեցողության ու նվագի տարատեսակներ, որտեղ իշխողը երգեցողությունն է։
Երկրի քաղ. ու տնտ. կյանքի փոփոխություններով պայմանավորված՝ ժող. երաժշտությունը հարստացել է առանձին ճյուղերով (գեղջկ. երգ, գուսանաաշուղային արվ., քաղաքային երգ), որոնք երևան են եկել այս կամ այն ժամանակաշրջանում՝ իբրև տարբեր խավերի գեղարվեստական մտածողության արտահայտություն։
Վաղ շրջանի պրոֆեսիոնալ երաժշտության ճյուղերը (տաղ, հոգևոր երգ, մուղամաթ), սերելով գեղջկ. երաժշտությունից, հաստատուն տեղ են գտել ժող. երաժշտության մեջ, ձեռք բերել պրոֆեսիոնալ արվ-ի վառ անհատականացված գծեր։
Հայկ. ժող. երգերի բանաստեղծ. մի շարք բնագրեր ամփոփված են միջնադարյան ձեռագիր տաղարաններում և երբեմն կրում են խազագրության հետքեր։ Բնագրերի կանոնավոր հավաքումը սկզբնավորվել է XIX դ-ի 2-րդ կեսից (Ղևոնդ Ալիշան, Ռափայել Պատկանյան, Միքայել Միանսարյանց, Գարեգին Սրվանձտյան, Գևորգ Շերենց, Գարեգին Հովսեփյան, Երվանդ Լալայան, Ալեքսանդր Մխիթարյան, Կոմիտաս, Մանուկ Աբեղյաև և ուր.)։
XIX դ-ի 2-րդ կեսից տարածվել են հայկ. նոտագրությամբ ժող. երգերի ձեռագիր երգարաններ։ Եղանակների կանոնավոր հավաքումն ու գրառումը սկիզբ են առել 1870-ական թթ-ից (Սահակ Ամատունի, Քրիստափոր Կարա-Մուրզա, Նիկողայոս Տիգրանյան, Կոմիտաս, Արշակ Բրուտյան, Ստեփան Դեմուրյան, Հակոբ Հարությունյան, Սպիրիդոն Մելիքյան, Միհրան Թումաճան, Արամ Քոչարյան և ուր.) նախ կատարողից, իսկ 1913-ից՝ նաև ձայնագրող սարքերով։ Այս բնագավառում ամենամեծ երախտավորը Կոմիտասն է. նա հայ գեղջկ. երաժշտությունը ներկայացրել է իր բազմատեսակությամբ ու գաղափարագեղ. ողջ խորությամբ։ Հավաքված երգերը (տպագրվել է 2 հազարից ավելի նմուշ) թեև տարբեր ժամանակների ու ազգագր. շրջանների արգասիք են, սակայն ներկայացնում են հայ գեղջկ. երգի ոճ. ամբողջականությունը։
Գեղջկական երաժշտությունը սկզբնավորվել է հազարամյակներ առաջ և իր պատմության ընթացքում անդրադարձել է ազգային մշակույթի զարգացման բոլոր նշանակալի փուլերին։ Գեղջկ. երգի տեսակը պայմանավորված է բանաստեղծ. տեքստով, յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները և երաժշտ. արտահայտչամիջոցները։ Հայկական գեղջկ. երաժշտությունը բազմաժանր է՝ աշխատանքային, ծիսական, լալիք, քնար., պատմ., պանդխտության (անտունիներ) երգեր, վիպերգեր, պարերգեր, կատակերգեր, օրորներ ևն։
Գեղջկ. երաժշտության մեջ ժանրային հատկանիշները երևան են գալիս ինչպես բանաստեղծ., այնպես էլ երաժշտ. բնագրերում՝ լադաելևէջային ու ռիթմային միջոցներով, համապատասխան երգային ձևերում։ Առանձնանում են հոգևոր բնույթի բանաստեղծություններով ժողովրդի ստեղծած երգերը, տարբեր բովանդակության աշխարհիկ տաղերը ևն։ Այս ժանրերից հայտնի են բազմաթիվ նմուշներ, որտեղ կան բացառիկ արժեքավոր ստեղծագործություններ՝ երաժշտ. բանահյուսության համաշխ. չափանիշներով՝ Կոմիտասի գրառած Լոռու, Ղարաբաղի և Ապարանի հորովելները, Սանահինի և Լոռու կալերգերը, Իգդիրի, Վայոց ձորի և Ղազախի սայլերգերը, սոցիալ. թեմայով՝ «Ծիրանի ծառ, բար մի տա», «Կանչե, կռունկ», «Սիրտս նման է էն փլած տներ», բնությանը նվիրված՝ «Լուսնակն անուշ», «Բինգյոլ», սիրո քնար.՝ «Գարուն ա», «Չինար ես՝ կեռանալ մի», «Քելեր, ցոլեր իմ յարը», «Կուժն առա ելա սարը» և «Գնա, գնա, հետիդ եմ», հարսանեկան երգերի ամբողջ., Ակնա բազմաժանր երգերի շարքերը ևն: