Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/716

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մորիս է», Գ. Խաչատրյանի «Ֆանտոմային ցավեր» և այլն)։ Ռեժ. Արամ Սուքիասյանը Արամ Սաթյանի «Լիլիթ» ռոք-օպերայի հենքի վրա ստեղծել է համանուն օպերային ներկայացումը (2004)՝ ներգրավելով տարբեր ստեղծագործ․ ուղղությունների երգիչ-երգչուհիների։ Ռեժ. Հ. Ղազանչյանը բեմադրել է Վ. Շեքսպիրի «Համլետը», որը միջազգ. առաջին անտրեպրիզային ներկայացումն է։ Ողբերգության բեմադրությանը մասնակցել են 10 երկրներից հրավիրված դերասաններ՝ հիմք դնելով բազմալեզու անտրեպրիզին։ Այդ ոլորտի լավագույն դրսևորումներից է նաև դերասան և ռեժ. Նարեկ Դուրյանի գործունեությունը։ Ֆրանսահայ ռեժ. Սերժ Մելիք-Հովսեփյանը ստեղծել է անտրեպրիզային թատերախմբեր՝ հիմնականում հենվելով արդի եվրոպ. դրամատուրգիայի վրա։

Այս շրջանում զարգացել է նաև մոնոներկայացումների (մենաներկայացում) ավանդույթը, որի ձևավորմանը նպաստել են ասմունքողներ Թամար Դեմուրյանը («Տմբլաչի Խաչան»՝ ըստ Կոստանդին Մելիք-Շահնազարյանի), Սիրվարդ Մեսրոպյանը (Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը»), դերասանուհի Վ. Վարդերեսյանը (Շահան Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ»), վերջինս ներկայացվել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում։ 2003-ին ՀԹԳՄ նախագահ, Հ. Ղազանչյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է մոնոներկայացումների միջազգ. 1-ին փառատոնը։ 2010-ին այս և Շեքսպիրյան փառատոները միավորվել են, 2011-ին՝ կրկին առանձնացել։ 2009-10-ին փառատոն է անցկացվել նաև Կապանում։ 2004-ից հայ դերասանները մասնակցում են մոնոներկայացումների միջազգ. փառատոներին. Արմեն Սանթրոսյանը (Շեքսպիրի «Լիր արքա»), Հովհաննես Բաբախանյանը («Կոնտրաբաս»), Կարինե Ջանջուղազյանը (Կարինե Խոդիկյանի «Լույսը կբացվի»), մրց-ների են արժանացել Մուրադ Ջանիբեկյանը (Վ. Շեքսպիրի «Համլետ»), Գրետա Մեջլումյանը (Նելլի Շահնազարյանի «Թափոր»), Մարիամ Ղազանչյանը («Ջուլիետ»՝ ըստ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և ուրիշներ։ Թատրոնի նորագույն շրջանում ընդլայնվել են դերասանի և ռեժ-ի անհատ․ գործունեության սահմանները։

Լևոն Մութաֆյան

Հեռուստատեսային թատրոն

Հայկական հեռուստաբեմադրություններն ստեղծվել են 1957-ից։ 1973-ից կիրառվել է տեսագրման տեխնիկան, 1975-ից՝ գունավոր տեսագրությունը (առաջինը՝ Իսիդոր Շտոկի «Սատանայի ջրաղացը», 1975)։ Հեռուստաթատրոնի զարգացումը պայմանավորված է ոչ միայն սեփական օրինաչափություններով, այլև ազգային թատերարվ-ի ավանդույթներով։ Հիմնադրման օրից հայկական հեռուստաթատրոնը ձևավորել է կայուն խաղացանկ՝ ազգային գրակ-յան արձակի և դրամատուրգիայի նմուշներից («Երկիր Նաիրի»՝ ըստ Եղիշե Չարենցի, «Թաղականին կնիկը»՝ ըստ Երվանդ Օտյանի, «Մամփրե արքան»՝ ըստ Մուշեղ Գալշոյանի, Հովհաննես Մելքոնյանի «1946 թվականը», Հրանտ Մաթևոսյանի «Չեզոք գոտի» և այլն), անդրադարձել է նաև օտարազգի հեղինակների երկերին (Իոն Դրուցեի «Կասամարե», «Մուսա լեռան 40 օրը»՝ ըստ Ֆրանց Վերֆելի և այլն)։ Հեռուստաթատրոնի զարգացմանը նպաստել են ռեժ-ներ Օլգա Մելիք-Վրթանեսյանը, Գրիգոր Չալիկյանը, Թամար Բիտյուցկայա-Էլիբեկյանը, Անտոն Աղայանցը, Մ. Մարինոսյանը, Զավեն Տատինցյանը, Կառլեն Վարժապետյանը, Էլմիրա Հեքեքյանը, դերասաններ Խ. Աբրահամյանը, Մ. Սիմոնյանը, Վ. Վարդերեսյանը,