փուլում գլխավոր թեման հետպատերազմյան վերականգնումն էր, սոցիալ-տնտեսական և մշակութային առաջընթացի խնդիրները։ Սակայն միշտ չէ, որ ասելիքն արտացոլվել է առավել խորությամբ։
4-րդ փուլում՝ 1959-ից հետո, իրականության մակերեսային, գունազարդված պատկերման, ստեղծագործ․ լուծումների միօրինականացման որոշ միտումներ հաղթահարվել են, որը պայմանավորվել է Երևանի փաստավավերագր. ֆիլմերի ստուդիայի (հետագայում՝ Հայաստանի վավերագր. ֆիլմերի կինոստուդիա, 1982-ից՝ Հայֆիլմի վավերագր. ֆիլմերի ստեղծագործ․ միավորում, 1990-ից՝ «Հայկ» կինոստուդիա) հիմնադրմամբ։ Ընդլայնվել և ավելի կազմակերպված ու ծրագրային է դարձել վավերագր. ֆիլմերի արտադրությունը։ Ավագ սերնդի կինովավերագրողների (ռեժ-ներ՝ Վիլյամ Հայկազյան, Ջերգիզ Ժամհարյան, Ռոզալիա Ֆրանգուլյան, կինոօպերատորներ՝ Գարեգին Ասլանյան, Գարեգին Արամյան, Գ. Սանամյան և ուրիշներ) կողքին աշխատել են նաև գեղարվեստական կինոյի ռեժ-ներ Գրիգոր Մելիք-Ավագյանը, Լաերտ Վաղարշյանը, Յուրի Երզնկյանը, Դմիտրի Կեսայանցը, կինօպերատորներ Ալբերտ Յավուրյանը, Սերգեյ Իսրայելյանը, Կարեն Մեսյանը և ուրիշներ։ Երևան է եկել կինոարվեստագետների նոր սերունդ, ռեժ-ներ՝ Արա Վահունի, Ռուբեն Գևորգյանց, Արտավազդ Փելեշյան, Սուրեն Առաքելյան, օպերատորներ՝ Բորիս Հովսեփյան, Յուրի Բաբախանյան, Էդվարդ Մաթևոսյան և ուրիշներ։ Համատեղ ջանքերով նրանք ընդլայնել են թեմաների շրջանակներն ու արտահայտչամիջոցների զինանոցը, ավելի խոր և համակողմանի իմաստավորել պատկերվող նյութը։
Վավերագր. կինոյի զարգացմանը նպաստել են նաև ժամանակի գրողներն ու լրագրողները՝ Գևորգ Էմին, Վարդգես Պետրոսյան, Վահագն Դավթյան, Գևորգ Հայրյան, Գուրգեն Առաքելյան, Արմեն Կակոսյան, Յուրի Մարյան և ուրիշներ։ Պարբերաբար ամփոփիչ ֆիլմեր են նկարահանվել կարևոր իրադարձությունների, երկրում տնտեսական, շին., գիտական նվաճումների, աշխատավոր մարդկանց մասին. «Պոեմ Հայաստանի մասին» (1960, ռեժ.՝ Վ. Հայկազյան), «Հրաշագործ քիմիան» (1964, ռեժ.՝ Գ. Բալասանյան), «Լեռնային պարեկ» (1964, ռեժ.՝ Ա. Փելեշյան), «Բյուրականի աստղադիտարանը» (1965, ռեժ.՝ Արման Մանարյան), «Բանվորի դիմանկարը» (1966, ռեժ.՝ Գ. Արամյան), «Հանդիպում առավոտյան աստղի հետ» (1967, ռեժ.՝ Ռ. Ֆրանգուլյան), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ռեժ.՝ Գ. Մելիք-Ավագյան), «Տաթևի ՀԷԿ-ը» (1968, ռեժ.՝ Ջ. Ժամհարյան) և այլն։
1960-ական թթ-ի վերջերին զարգացել են այսպես կոչված «պոետիկ ժանրերը». ժամանակագր. նյութը մշակելով՝ հաճախ ներմուծել են քնար․ նրբերանգներ, վավերագր. փաստի հենքի վրա ստեղծել են բանաստեղծ․ կերպարներ։ Այս միտումը հիմնականում արտացոլվել է երիտասարդ սերնդի ստեղծագործության մեջ. նրանց ֆիլմերից շատերն արժանացել են տարբեր կինոմրց-ների («Մարտիրոս Սարյան», 1965, ռեժ.՝ Լ. Վաղարշյան, «Գարնան երկար օրը», 1975, հեղ․՝ Մարատ Վարժապետյան, և այլն), 1970-80-ական թթ-ին գեղարվեստական կինո է ներթափանցել հակառակ միտումը՝ վավերագրության ոճը. մի շարք ֆիլմերում հեղինակները «խաղի» և «վավերականի» համադրման շնորհիվ հասել են աննախադեպ հաջողությունների։ Լավագույն օրինակներից են Հարություն Խաչատրյանի ֆիլմերը («Քամին ունայնության», 1989, և այլն)։
Վավերագր. կինոյում կարևոր են Հայաստանի պատմությանը, հեղափոխության և պատերազմի հերոսներին, գրակ-յան և արվ-ի գործիչներին նվիրված ֆիլմերը. «Վարդգես Սուրենյանց» (1963, ռեժ.՝ Ջ. Ժամհարյան), «Նելսոն Ստեփանյան» (1965, ռեժ.՝ Գ. Բալասանյան), «Առնո Բաբաջանյան − քո ժամանակակիցը» (1967, ռեժ.՝ Վ. Զաքարյան), «Երևան» (1968, ռեժ.՝ Ս. Առաքելյան), «Ներշնչանք» (1972, ռեժ.՝ Ռ. Գևորգյանց), «Այվազովսկին և Հայաստանը» (1983, ռեժ.՝ Պարգև Մալայան) և այլն։
1970-80-ական թթ-ին վավերագր. կինոյում առավել կարևորվել են հրատապ լուծումներ պահանջող խնդիրները («Ճամփաբաժնին», 1974, «Իմ բարի մայրիկը», 1984, երկուսն էլ՝ ռեժ.՝ Արա Վահունի, «Բարի հետք», 1980, «Սպասում», 1984, երկուսն էլ՝ ռեժ.՝ Ռ. Գևորգյանց)։ Ֆիլմերում հարցադրումները զուգակցվել են տպավորիչ կերպարային լուծումներով և նորաշունչ արտահայտչամիջոցներով։ Կարճամետրաժ ու լիամետրաժ վավերաֆիլմերից