Հայ պարբ. մամուլը սկզբնավորվել 1794-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում՝ Հարություն Շմավոնյանի լույս ընծայած «Ազդարար»-ով (1794-96)։ Առ այսօր Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում հրատարակվել են շուրջ 4 հազար անուն պարբ-ներ, որոնք մեծապես նպաստել են հայ ժողովրդի հոգեկերտվածքի և հայ հաս-քաղ. կյանքի ձևավորմանը։ Միևնույն ժամանակ, հայ ժողովրդի պատմ. ճակատագիրն է իր դրոշմը դրել հայ լրագրության աշխարհագրության ու բնույթի վրա։ Հայաստանի բռնի բաժանումները, կոտորածներն ու շարունակական կողոպուտը, արտագաղթն ու գաղթավայրերի առաջացումը պատճառ են դարձել, որ փոխվեին ոչ միայն հայության տնտեսական ու քաղաքական կյանքի, այլև մշակութային արժեքների ստեղծման պայմանները, և պարբ. մամուլի զգալի մասը լույս տեսներ հայրենիքից հեռու։
Արևմտահայ պարբ. մամուլը սկզբնավորվել է Կ. Պոլիս և Զմյուռնիա քաղաքներում, որտեղ համեմատաբար բուռն էր ազգային զարթոնքը, բարձր աստիճանի էր հասել ազգային ինքնագիտակցությունը, և առկա էին հայկական մշակույթի դարավոր ավանդույթներ։ Արևմտահայ մամուլի ձևավորմանը մեծ չափով նպաստել են Մխիթարյանների հրատարակած «Տարեգրություն» (1800-02, ժամանակագր. առումով երկրորդն է՝ «Ազդարարից» հետո), ինչպես նաև «Եղանակ Բյուզանդյան» (1803-20) ու «Դիտակ Բյուզանդյան» (1812-16, բոլորն էլ՝ Վենետիկ) պարբ-ները, որոնք ոչ միայն զգալիորեն տարածված էին օսմանյան կայսրությունում և հայությանը հետաքրքրող ազգային, պատմ. ու բանասիր. ընդարձակ լրատվություն էին պարունակում, այլև արևմտահայ լրագրության համար ուսումնառության յուրահատուկ դպրոց են դարձել։
Արևմտահայ մամուլի առաջնեկը Կ. Պոլսում հրատարակված «Լրո գիր» (1832-50) շաբաթաթերթն է, որը թուրք. «Թագվիմի վագայի» («Օրացույց դեպքերի») պաշտոնաթերթի հայերեն տարբերակն էր, իսկ երկրորդը Զմյուռնիայում ամերիկացի բողոքականների հրատարակած «Շտեմարան պիտանի գիտելյաց» ամսաթերթն է (1839-46). երկուսն էլ ազգային նկարագիր չունեին և հայ մամուլի պատմության մեջ ուշագրավ են զուտ գրական լեզվի և լրագր. ժանրերի բազմազանության տեսակետից։
Արևմտահայ մամուլն աննախադեպ զարգացում է ապրել 1840-50-ական թթ-ին, երբ պարբ-ներում նկատելիորեն ընդգծվել է ազգային, լուսավոր․ և ինքնաճանաչող. բովանդակությունը։ Ազգային բովանդակությամբ առաջին թերթերն են «Արշալույս Արարատյանը» (1840-87, Զմյուռնիա) և «Ազդարար Բյուզանդյանը» (1840-41, Կ. Պոլիս)։ Այս, ինչպես և «Հայրենասեր» (1843-46, Զմյուռնիա) պարբ-ներում սկսել են զարգանալ արևմտահայ հրապարակախոսությունն ու լրագրությունը։ Անդրանիկ պաշտոն․ հրատ-ը Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի «Հայաստան» (1846-52) շաբաթաթերթն է, որը Մկրտիչ Աղաթոնի խմբագրության շրջանում առաջադրել է ազգային կրթության, երկրագործության ու արհեստագործության զարգացման խնդիրներ։ Լայն իրազեկությամբ, հասարակական կյանքի, մշակույթի, աշխարհաբարի ու նոր գրակ-յան վերաբերյալ հրատապ ու հարուստ հրապարակումներով արևմտահայ մամուլի պատմության մեջ կարևոր տեղ է գրավում «Մասիս» (1852-1908, Կ. Պոլիս) պարբերաթերթը, որի խմբագիրներն են եղել արևմտահայ հրապարակախոսության անվանի դեմքեր Արփիար Արփիարյանը, Լևոն Բաշալյանը, Միքայել Կյուրճյանը, Գրիգոր Զոհրապը, Հրանդ Ասատուրը։
1850-ական թթ-ին հրատարակվել են առաջին գրական պարբ-ները՝ «Բանասերը» (1851-52, 1859, Կ. Պոլիս) և «Արփի Արարատյանը» (1853-56, Զմյուռնիա), որտեղ տպագրվել են հայ հեղինակների ստեղծագործություններ և եվրոպ. դաս. գրակ-յան նմուշներ։ 1870-ական թթ-ի կեսերին սկզբնավորվել է նաև արևմտահայ