ՀՀ տոներն ու հիշատակի օրերը պատմության կարևորագույն իրադարձությունների և համազգային հիշատակի օրերն են, ինչպես նաև որոշ ժողովրդական ավանդ., եկեղեց. ու մասնագիտական տոները, որոնք սահմանել են պետությունն ու Հայ եկեղեցին։ ՀՀ պետական տոներն ու հիշատակի օրերը սահմանվել են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 2001-ի հուլիսին)։
Ամանոր և Ծննդյան տոներ, նշվում է դեկտ. 31-ից հունվ. 6-ը։ Ոչ աշխատանքային օրեր են։
Բանակի օր. հունվ. 28, 1992-ի այդ օրը հիմնադրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ոչ աշխատանքային օր է։
Մայրենի լեզվի օր. նշվում է փետր. 21-ին, միջազգային տոն է։
Սուրբ Վարդանանց տոն. բարի գործի և ազգ. տուրքի տոն է, նշվում է Սբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը։
Սուրբ Էջմիածնի տոն. նշվում է Սբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը։
Կանանց տոն. մարտի 8, միջազգային տոն է, նշվում է 1911-ից՝ գերմ. և միջազգային բանվ․ շարժման գործիչ Կլարա Ցետկինի առաջարկությամբ։ Ոչ աշխատանքային օր է։
Մայրության և գեղեցկության տոն. ապրիլի 7, սահմանվել է Հայ եկեղեցու Ավետման տոնի հիման վրա։ Խորհրդանշում է Մարիամ Աստվածածնի սուրբ հղիության ավետման օրը։
Աշխատանքի օր. մայիսի 1, միջազգային տոն է, նշվում է 1890-ից՝ որպես աշխատավորների միջազգային համերաշխության օր։ Ոչ աշխատանքային օր է։
Երկրապահի օր. մայիսի 8, սահմանվել է 2002-ին՝ Շուշիի ազատագրման (1992-ի մայիսի 8-9) առթիվ։
Հաղթանակի և խաղաղության տոն. մայիսի 9, ֆաշիստ. Գերմանիայի դեմ ԽՍՀՄ ժողովրդի տարած հաղթանակի օրն է։ ՀՀ-ում տոնվում է՝ ի նշանավորումն այդ հաղթանակում հայ ժողովրդի մասնակցության։ Ոչ աշխատանքային օր է։
Հանրապետության տոն. մայիսի 28, 1918-ի այդ օրը վերականգնվել է Հայոց անկախ պետականությունը, և հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ոչ աշխատանքային օր է։
Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հունիսի 1, միջազգային տոն է, նշվում է 1950-ից։ Տոնի խորհուրդը աշխարհի երեխաներին պատերազմի վտանգից զերծ պահելն է, նրանց առողջությունը պահպանելը, պատշաճ կրթություն ու դաստիարակություն ստանալու իրավունքն ապահովելը։
Սահմանադրության օր. հուլիսի 5, 1995-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է ՀՀ Սահմանադրությունը։ Ոչ աշխատանքային օր է։
Գիտելիքի, գրի և դպրության օր. սեպտ. 1, նշվում է նոր ուսումնական տարվա սկիզբը։
Անկախության տոն. սեպտ. 21, 1991-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով հռչակվել է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Ոչ աշխատանքային օր է։
Ուսուցչի օր. նշվում է հոկտ. 5-ին, միջազգային տոն է։
Թարգմանչաց տոն. նշվում է հոկտ-ի 2-րդ շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը և հայ դպրության սկիզբը։
Մեռելոց, նշվում է Հայ առաքել․ եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերին, իսկ հունվ. 7- ին՝ Սբ Ծննդյան և Հայտնության տոնի հաջորդ օրը ոչ աշխատանքային օր է։
Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-ին կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր. նշվում է փետր. 28-ին։
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ապրիլի 24, ոգեկոչվում է օսմանյան կայսրության և քեմալ. կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ 1915-ի այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվել են շուրջ 800 հայ մտավորականներ, որոնց մեծ մասը դաժանաբար սպանվել է կամ զոհվել աքսորի ճանապարհին։ Ոչ աշխատանքային օր է։
Բռնադատվածների հիշատակի օր. նշվում է հունիսի 14-ին՝ ի հիշատակ խորհրդային տարիներին ստալինյան բռնաճնշումների բազմաթիվ զոհերի։
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր. դեկտ. 7, 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի շուրջ 25 հազար զոհերի 789 հիշատակի օրն է։
ՀՀ-ում նշվում են նաև ավանդ․ և եկեղեց. տոներ, միջազգային օրեր, իսկ Կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր։