Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/791

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավագ շաբաթ երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույցը, Սբ Պատարագի ժամանակ ավետվում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը։

Սուրբ Զատիկը՝ Հայ եկեղեցու տաղավար տոներից 2-րդը, շարժական տոն է։ Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 օրվա շարժականությամբ։ Հայոց շարժական տոների օրերը պայմանավորվում են Սբ Զատկի տոնով։

«Զատիկ» նշանակում է զատվել, ազատվել չարչարանքից։ Նախապես եղել է հեթանոս․ տոն։ Քրիստոնեության շրջանում Զատիկը միավորվել է Քրիստոսի հրաշափառ Հարության հետ, որը բովանդակում է անընկճելի կյանքի խորհուրդ, իսկ ձուն, որից կյանք են առնում շատ ու շատ շնչավոր էակներ, այդ տոնի խորհուրդն է։ Ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է Քրիստոսի արյան հեղումը Տիեզերքի փրկության համար։ Սբ Զատկի, ինչպես և Հայ եկեղեցու մնացած բոլոր տաղավար տոների հաջորդ օրը հանգուցյալների հիշատակի օր է՝ մեռելոց։

Համբարձումը Հարությունից հետո 40-րդ օրը Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելու և Հոր աջ կողմը նստելու հիշատակության օրն է։ Կոչվում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի օր, Ծաղկամոր կիրակի։ Այն երիտասարդների ճակատագրերը գուշակելու տոնն է։

Վարդավառը Հայ եկեղեցու 3-րդ տաղավար տոնն է. նշվում է Սբ Զատկից 14 շաբաթ անց՝ հուլիսի վերջին։ Ըստ քրիստ. ավանդույթի՝ Վարդավառը համընկնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին։ Ժողովրդական տոնը շատ ավելի հին ծագում ունի և կապվում է ջրի պաշտամունքի հետ։ Մարդիկ զարդարվում են վարդերով և այլ ծաղիկներով, միմյանց վրա ջուր են ցողում, սպիտակ աղավնիներ են թռցնում երկինք՝ պապակ հողի համար անձրև խնդրելով։ Օրվա ծիս. պտուղը խնձորն է, որը եկեղեցում օրհնվում է և այդ օրվանից թույլատրվում է ուտել։

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Մարիամ Աստվածածնի երկինք փոխադրվելու հիշատակի օրն է։ Հայ եկեղեցու 4-րդ տաղավար տոնն է։ Նշվում է օգոստ. 15-ի մերձակա կիրակի օրը։ Մարդիկ եկեղեցի են բերում նաև առաջին անգամ քաղած խաղողը, որպեսզի օրհնվի (այստեղից էլ՝ տոնի ժողովրդական անունը՝ Խաղողօրհնեք), միաժամանակ դա նվիրաբերություն է Աստվածածնին։ Խաղողի պաշտամունքը հին սովորություն է. նախաքրիստ. Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը։

Խաչվերաց տոնը (կոչվում է նաև Սբ Խաչ, Սըբխեչ, Ուլոց) Հայ եկեղեցու վերջին՝ 5-րդ տաղավար տոնն է. նշվում է սեպտ. 14-ի մերձակա կիրակի օրը։ Մարդիկ այցելում են մերձավորների շիրիմներին։ Այդ օրն ընդունված է ուլ խորովելը։ Քրիստոնեության շրջանում տոնը կապվել է Սբ Խաչի գերությունից դարձի (վերադարձի) պատմության հետ՝ ստանալով նոր խորհուրդ։

Բոլոր ժողովրդական տոներն ուղեկցվել են երգ-երաժշտությամբ, արտասանություններով, որոնք մշակել ու ժողովրդին են ներկայացրել բանաստեղծները, կոմպոզիտորները, գեղանկարիչները և ուրիշներ։