Երևան քաղաքը՝ որպես վարչական առանձին միավոր, անմիջականորեն կառավարել է ոստիկանապետը (դարուղա), որը հետևել է քաղաքի ներքին կարգ ու կանոնին, հսկել շուկաները և այլն։
XIX դ-ի սկզբին օսմանյան կայսրության մեջ մտնող երկրները բաժանվել են փաշայությունների կամ վիլայեթների։ Սրանք իրենց հերթին բաժանվել են սանջակների (գավառներ), իսկ վերջիններս՝ ավելի փոքր միավորների՝ կազաների (գավառակ)։
Արմ. Հայաստանը բաժանված էր 6 (Կարսի, Ախալցխայի, Էրզրումի, Վանի, Դիարբեքիրի, Սեբաստիայի) փաշայությունների, որոնք կառավարում էին սուլթանի նշանակած թուրք փաշաները։ Կիլիկիայի հայկական մասն ընդգրկվել է Ադանայի և Մարաշի փաշայություններում։
1828-ին Ռուսաստանին միացված Երևանի ու Նախիջևանի խանություններից և Օրդուբադի օկրուգից կազմվել է Հայկական մարզը (21.03.1928-10.04.1840), որն իր հերթին բաժանվել է Երևանի ու Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի։ Գավառներում ստեղծվել են ոստիկան. վարչություններ և գավառ․ դատարաններ, իսկ Երևանում ու Նախիջևանում՝ քաղաքային դատարաններ։
1833-ին Հայկական մարզում կատարվել են վարչական փոփոխություններ։ Երևանի գավառը բաժանվել է 4 օկրուգի՝ Երևանի, Շարուրի, Սուրմալուի, Սարդարապատի։
1840-ին Այսրկովկասում ստեղծվել է վարչական 2 միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ՝ Թիֆլիս, և Կասպիական մարզ՝ Շամախի կենտրոններով։ Վրացա-Իմերեթական նահանգը ներառում էր Թիֆլիսի, Թելավի, Գորիի, Բելոկանի, Քութայիսի, Ելիզավետպոլի, Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի և Գույրիայի, Կասպիական մարզը՝ Շիրվանի, Ղարաբաղի, Շաքիի, Բաքվի, Թալիշի, Դերբենդի և Ղուբայի գավառները։
1846-ին երկրամասում ստեղծվել է 4 նահանգ՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի և Դերբենդի։ Թիֆլիսի նահանգի մեջ են մտել Երևանի, Նախիջևանի և Ալեքսանդրապոլի գավառները։ 1849-ին հատուկ հրամանով կազմվել է Երևանի նահանգը, որով Արևելյան Հայաստանի զգալի մասը մտել է վարչական 1 միավորի մեջ։ Երևանի նահանգը բաղկացած էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Օրդուբադի և Նոր Բայազետի գավառներից։
1867-ին Այսրկովկասը բաժանվել է 5 նահանգի՝ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։ Թիֆլիսի ու Բաքվի նահանգները բաժանվել են 6-ական, Երևանի, Ելիզավետպոլի և Քութայիսի նահանգները՝ 5-ական գավառների։
1874-ին Երևանի նահանգը բաժանվել է 7 գավառի՝ Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի, Սուրմալուի և Շարուր-Դարալագյազի, իսկ 1878-ին Ռուսաստանին միացված հայկական տարածքներից ստեղծված Կարսի մարզը՝ 4 շրջանի (օկրուգ)՝ Կարսի, Կաղզվանի, Օլթիի և Արդահանի։ Արևելյան Հայաստանի մեծ մասն ընդգրկվել է Երևանի նահանգի ու Կարսի մարզի, մնացած շրջանները՝ Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մեջ։ Այսրկովկասի բոլոր գավառները 1888-ին բաժանվել են տեղամասերի, որոնց կառավարման համար նշանակվել են պետեր (պրիստավ)։
1918-ին ազգային պետականությունը վերականգնած Հայաստանի առաջին հանրապետությունը հատուկ օրենքով ընդունել է վարչատարածքային բաժանման եռաստիճան համակարգ՝ նահանգ, շրջան, գյուղ։
1920-ի դեկտ-ին ՀԽՍՀ-ն ժամանակավորապես բաժանվել է 6 գավառի (Դարալագյազ, Դիլիջան, Ղարաքիլիսա, Նոր Բայազետ, Երևան և Էջմիածին), 1921-ին՝ 8 գավառի (Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ, Դարալագյազ) և 33 գավառամասի։ Նույն թվականին Գորիսի, Տեղի, Տաթևի, Սիսիանի, Կապանի և Մեղրու գավառամասերից կազմավորվել է Զանգեզուրի գավառը՝ Գորիս կենտրոնով։
Աղյուսակ. ՀՀ մարզեր
Մարզ | Տարածք (կմ2) | Բնակչություն (հզ., 2012) | Համայնքներ | Մարզկենտրոն | |
---|---|---|---|---|---|
Քաղաքային | Գյուղական | ||||
Արագածոտն | 2753 | 142.9 | 3 | 111 | Աշտարակ |
Արարատ | 2096 | 281,7 | 4 | 93 | Արտաշատ |
Արմավիր | 1242 | 287,4 | 3 | 94 | Արմավիր |
Գեղարքունիք | 5348* | 243.1 | 5 | 87 | Գավառ |
Լոռի | 3789 | 282/2 | 8 | 105 | Վանաձոր |
Կոտայք | 2089 | 283.5 | 7 | 60 | Հրազդան |
Շիրակ | 2681 | 282.3 | 3 | 116 | Գյումրի |
Սյունիք | 4506 | 153.0 | 7 | 102 | Կապան |
Վայոց ձոր | 2308 | 56.1 | 3 | 41 | Եղեգնաձոր |
Տավուշ | 2704 | 134.8 | 5 | 57 | Իջևան |
- Ներառյալ Սևանա լճի տարածքը
1929-ին ՀԽՍՀ ամբողջ տարածքը բաժանվել է 5 գավառի կամ օկրուգի (Երևան, Լենինական, Լոռի, Սևանա լճի տարածքը Սևան, Զանգեզուր), 33 շրջանի, ունեցել է 2 քաղաք (Երևան, Լենինական)։ 1930-ին գավառները (օկրուգ) վերացվել են։ Վարչատարածքային բաժանման եռաստիճան (գավառ, շրջան, գյուղ) համակարգը փոխարինվել է երկաստիճան (շրջան, գյուղ) համակարգով։
1930-ին ՀԽՍՀ-ն բաժանվել է վարչական 25 շրջանի։ 1931-ին Դարալագյազի շրջանից կազմավորվել են Եղեգնաձորի և Վայքի շրջանները, 1937-ին՝ 11 նոր շրջաններ, 1969-ին՝ Մասիսի, 1972-ին՝ Արագածի և Նաիրիի, 1983-ին՝ Բաղրամյանի շրջանները։
ԽՍՀՄ-ի փլուզման նախաշեմին (1991) ՀԽՍՀ-ի տարածքը բաժանված էր 37 գյուղ, և 10 քաղաքային շրջանների, 22 հանրապետական, 5 շրջ. ենթակայության քաղաքների, 31 քտա-ների և 479 գյուղխորհուրդների։
1991-95-ին ՀՀ-ում գործել է խորհրդային վերջին շրջանի վարչատարածքային կառուցվածքը։ տեղական ինքնակառավարում չի իրականացվել։ Տեղերում ընտրված իշխանության մարմինները եղել են կենտը, կառավարման մարմինների ուղղակի ենթակայության տակ՝ ունենալով շրջ. կառավարման հարաբեր․ ինքնուրույնություն։