մզկիթներ, կրպակներ և այլ շինություններ։ Քաղաքն ուներ 3 թաղամաս (Շահար, Թափաբաշ, Երկաթ-աղբյուր)։ Գործել է 4 շուկա [Խանբաղի, Ղանթարի (Գլխավոր) ևն], 7 կարավանատուն (Գյուրջի, Ջուղայի, Ջառաբի, Հաջի Ալիի ևն)։ Երևանը եղել է ռուս-պարսկ. առևտրի խոշոր հանգույց։ Առևտրի ծավալով ու մեծությամբ ամենահայտնին Մեծ հրապարակն էր՝ սարդարի 2 կշեռքներով՝ ղանթարով (մեծ կշեռք) և միզանով (փոքր կշեռք)։ Մեծ չափերի է հասել արտաքին առևտուրը։ Երևանից արտահանվել են բամբակ, բրինձ, ցորեն, աղ, մրգեր ևն։ Շրջանառության մեջ են եղել ռուս., հոլանդ., թուրք. դրամները, Երևանում հատած պղնձադրամները (կարափուլի, գրոշ)։ Երևանին ոռոգման ջուր են մատակարարել Հրազդանից սկիզբ առնող 4 ջրանցքները (Դալմայի, Աբուհայաթի, Մամռի, Նորագեղի)։
Իր բազմադարյան պատմության ընթացքում Երևանը բազմիցս տուժել է բնական աղետներից՝ երկրաշարժներից և Գետառի սելավներից։ Ամենակործանարարը 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժն էր. փլվել են եկեղեցիներ, մզկիթներ, բերդը, խանի ապարանքները, բաղնիքները, ավերվել քաղաքի բնակելի թաղամասերը։ Զոհերի թիվը հասել է 7600-ի։
1804-13-ի ռուս-պարսկ. պատերազմի ժամանակ գեն. Պավել Ցիցիանովի գլխավորությամբ ձեռնարկվել է ռուս. զորքերի առաջին արշավանքը Երևան. 1804-ի հուլիսի 2-ին ռուս. զորքերը գրավել են բուն քաղաքը, ապա պաշարել բերդը (հուլիսի 24)։ Սակայն շուտով հարկադրված վերադարձել են Թիֆլիս։ 1808-ի սեպտ-ին գեն. Իվան Գուդովիչի գլխավորությամբ արշավանքը Երևան նույնպես արդյունք չի տվել։ 1826-ին սկսված ռուս-պարսկ. պատերազմի ժամանակ ձեռնարկվել է երրորդ արշավանքը Երևան՝ գեն. Իվան Պասկևիչի գլխավորությամբ։ 1827-ի հոկտ. 1-ին գեն. Աֆանասի Կրասովսկու զորքերը հայ կամավորականների աջակցությամբ գրավել են քաղաքը։ 1828-ի փետր. 10-ին կնքված պայմանագրով՝ Երևանի և Նախիջևանի խանություններն անցել են Ռուսաստանին։ Երևանը դարձել է Հայկական մարզի կենտրոնը։
Քաղաքի կառավարչությունն ունեցել է 2 բաժին՝ ոստիկան. և դատական։ Կառավարմանը մասնակցել են գանձապետը, թաղամասերի ավագները, ցածրաստիճան այլ պաշտոնյաններ։ 1840-ին Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը ներառվել է Վրացա-Իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառ. քաղաքի։ 1849-ին կազմվել է Երևանի նահանգը՝ Երևան կենտրոնով։ 1874-ին, վարչական նոր փոփոխության հետևանքով, նահանգը բաժանվել է գավառների, որոնցից մեկը Երևանի գավառն էր։
Երևանում արհեստները բուռն զարգացել են հատկապես 1860-ական թթ-ին, սակայն 80-ական թթ-ից անկում են ապրել՝ Ռուսաստանում արտադրվող արդյունաբերական ապրանքների ներհոսքի հետևանքով։ Ռուս-պարսկ. պատերազմից հետո հաստատված խաղաղությունը, կարավանների անվտանգ երթևեկության ապահովումը, չափ ու կշռի միասնական միավորների գործադրումը, մաքսային համակարգի, դրամ. հարկերի սահմանումը, ճանապարհաշինության զարգացումը, դիլիժանսային երթևեկության կազմակերպումը (1866), հեռագր. կապի ստեղծումը (1864) և փոստային մշտ. կապի հաստատումը Երևանում խթանել են առևտուրը։ Խոշոր վաճառականներն զբաղվել են բամբակի վերավաճառքով (Մոսկվայում, Կ. Պոլսում, Մարսելում, մասամբ՝ Թիֆլիսում) և ներկրված կտորեղենի առևտրով։
1865-ին Երևանի ներքին և արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 2 մլն ռ.։ 1865-ին Երևանի այգիներն ու ցանքատարածությունները կազմել են մոտ 3103 հա, գյուղատնտեսական ճյուղերից ստացված մաքուր եկամուտը՝ տարեկան 76 հազար ռ.։
1870-ին քաղաքային առաջին կանոնադրությամբ (Երևանում կիրառվել է 1879-ի հոկտ. 1-ից) Երևանում ստեղծվել են քաղաքային դումա, վարչություն և ինքնավար. այլ մարմիններ։ Երևանի