Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռ վաղ ժամանակներից Հայաստանում հոգ են տարել անտառածածկի և անտառների կենդ․ աշխարհի պահպանության համար։ Արարատյան դաշտի կենար․ մասում՝ Արմավիր քաղաքի մոտ, տնկել են սոսու անտառ, Երվանդակերտում, Բագարանում և Վաղարշակերտում՝ սոսու պուրակներ։

VI դ-ում Խոսրով Բ Կոտակ թագավորի հրամանով հիմնվել են «Տաճար մայրի» (Գառնիից մինչև Դվին) և «Խոսրովակերտ» արհեստ, անտառները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով։ Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի Դատաստանագրքերով «Խոսրովի անտառ» արգելոցը արգելվել է այգիների ոչնչացումը կամ անտառհատումը նույնիսկ այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է եղել մարտավար․ նպատակներով։ Այդուհանդերձ, ժամանակի ընթացքում վերացել են կովկասյան ազնվացեղ եղջերուն, տուրը, համույրը (վիթ), մեծ արոսը, փասիանը, բազմաթիվ ջրլող թռչուններ, անտառազրկվել են բազմաթիվ գետերի ավազաններ Վայքում, Սյունիքում, Շիրակում, Գուգարքում, Գեղարքունիքում և այլուր։ Հայրենի բնության որոշ արժեքներ հայ ժողովուրդը դարձրել է պաշտամունքի առարկա (սոսի, կարմրածառ, ընկուզենի, խաղողի թուփ և այլն), որն իր առանձին դրսևորումներով պահպանվում է ցայսօր։

Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ սպառողական է, սակայն մարդահարույց վնասներն անցյալում ինքնավերականգնվել են։ XX դ-ում մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի չափերի է հասել, որ խախտվել է նրա ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը։ Վերջին 30 տարում բնությունից կորզվել և օգտագործվել է մոտավորապես այնքան նյութ, պաշար, որքան նախորդ 5000 տարում։

ՀՀ-ում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերական ունեցող երկրների մակարդակին։ Բնակչության 96 %-ն ապրում է մինչև 2000 մ բարձր․ բնակավայրերում (ՀՀ տարածքի 60 %-ը), որտեղ բնակչության խտությունը 171 մարդ/կմ2 է, բնակավայրերը՝ մոտ 6 բնակավայր՝ 100 կմ2 տարածքում, ճանապարհային (երկթղ. և ավտոմոբիլային) ցանցի խտությունը 0,85 կմ/կմ2 է։ Ներկայումս ՀՀ բնապահպանության բազմաթիվ խնդիրներ անհապաղ լուծման կարիք ունեն։

Մթնոլորտային օդի պահպանություն

ՀՀ-ում գազային արտանետումների մոտ 95 %-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։ 2000-10-ին մթնոլորտ է արտանետվել տարեկան միջին հաշվով 150-210 հազար տ վնասակար նյութ, գերակշռում են ծծմբային անհիդրիդը, ազոտի միացությունները և այլն։ Աղտոտող նյութերի 75-90 %-ն ավտոտրանսպորտի արտանետումներն են։ 2010-ին Երևանում փոշու տարեկան միջին պարունակությունը թույլատրելի չափաքանակը գերազանցել է 1,3, ազոտի երկօքսիդինը՝ 1,7, գետնամերձ օզոնինը՝ 1,5 անգամ։ Ալավերդի քաղաքում հիմն․ արտանետվող վնասակար նյութի՝ ծծմբի երկօքսիդի տարեկան միջին պարունակության թույլատրելի չափաքանակը գերազանցել է 11,8 անգամ, իսկ ազոտի երկօքսիդինը՝ 1,7 անգամ։ Աղտոտված են նաև Հրազդան, Վանաձոր, Արարատ քաղաքների օդային ավազանները։ Աղտոտման նվազեցման հիմն․ միջոցառումներն աղտոտիչ նյութերի մշտ. հաշվառումն ու վերահսկողությունն են։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք գրանցում ու տեղեկություններ են տալիս օդի աղտոտվածության մասին։