օրինականությունը, հրաժարվել է իր մանդատներից։
2011-ից Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է։
Երևանի վարչական սահմանները սահմանված են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» (1995) օրենքով։
Կառավարության որոշմամբ՝ Երևանում տարածքային կառավարման (իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը) որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։
Արտաքին կապեր։ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 30 քաղաքների և միջազգային 5 կազմակերպության հետ. առավել ընդգրկուն ծրագրեր է իրականացնում Երևանի գործընկեր (Պոդգորիցա, Սոֆիա, Ռիո դե Ժանեյրո, Մինսկ, Կիև, Ս. Պետերբուրգ, Վոլգոգրադ, Մոսկվա, Կալինինգրադ, Ստավրոպոլ, Աթենք, Լիոն) և քույր (Դոնի Ռոստով, Անտանանարիվու, Բեյրութ, Բրատիսլավա, Դամասկոս, Սպահան, Կարարա, Լոս Անջելես, Քեմբրիջ, Քիշնև, Մարսել, Թբիլիսի, Մոնրեալ, Օդեսա, Սան Պաուլու) քաղաքների, ինչպես նաև Տոսկանայի մարզի (Իտալիա) հետ։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արդյունաբերություն։ Մայրաքաղաքի արդ-յան տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում շուրջ 52,0 % է. այստեղ են արտադրական հզորությունների գրեթե կեսը, շին. ոլորտի 88,0 %-ը, թողարկվում է արդյունաբերական արտադրանքի 49,0 %-ը (մշակող արդ-յան 61,0 %-ը), իրականացվում է մանրածախ ապրանքաշրջանառության 84,0 %-ը, հանրային ծառայությունների՝ 91,0 %-ը, այդ թվում՝ հյուրանոցային ծառայությունների՝ 89,9 %-ը, տրանսպորտային ծառայությունների՝ 89,1 %-ը, ֆինանս․ գործունեության՝ 97.0 %-ը, անշարժ գույքի հետ կապված գործառույթների՝ 87,0 %-ը, տեղեկատվ. տեխնոլոգիաների բնագավառի ծառայությունների՝ 99,0 %-ը, արտահանման՝ 52.0 %-ը, ներմուծման՝ 82,0 %-ը։
Երևան քաղաքի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքի մեջ զգալի բաժին է կազմում մշակող արդ-ը՝ 86,0 %, իսկ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությունն ու բաշխումը և հանքագործ․ արդ-ը՝ համապատասխանաբար՝ 13,1 % և 0,9 %։
Մշակող արդ-յան արտադրանքի ընդհանուր ծավալում սննդամթերքի տեսակարար կշիռը 42,3 % է, պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությանը՝ 4,25 %, հրատարակչական և պոլիգրաֆ․ գործունեությանը՝ 4,16 %, քիմիական արդ-յանը՝ 3,87 %, ծխախոտի արտադրատեսակների արտադրությանը՝ 2,9 % (2011)։
Գյուղատնտեսություն։ Երևանի գյուղատնտեսությունը մասնագիտացած է անասնաբուծության և բուսաբուծության մեջ։ ՀՀ գյուղատնտեսական համախառն արտադրանքում Երևանի բաժինը մոտ 0,7 % է (2011) ևն։
Տրանսպորտ և կապ։ 1901-ին Երևանը երկաթուղով կապվել է Թիֆլիսի, իսկ 1906-ին՝ Ջուլֆայի հետ։ Առաջին ավտոմեքենան Երևան մուտք է գործել 1913-ին, նույն թվականին քաղաքը հեռախոսաֆիկացվել է՝ 80 հեռախոսահամարով։
Բեռնաուղևորափոխադրումներն իրականացվում են ավտոմոբիլային և