Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պեր), որոնք վատացնում են ջրի որակը, դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի, խախտվում են ջրավազանի կենսբ. շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման ներուժը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, նվազում են վերարտադրողականությունն ու սննդ. արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ, զարգանում են մակաբույծներ։

Ջրերի բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով ՀՀ-ում ջրի պաշարերը նորմավորվել են. սահմանվել են սահմանային թույլատրելի բեռնվածություն, վերադարձվող կեղտաջրերի ու դրանց մեջ պարունակվող նյութերի կազմի սահմանային քանակներ, ջրօգտագործման և ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակներ, ջրի պաշարների պահպանման կանոններ։ Բնական ջրերի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ջրերի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են ՀՀ Ջրային օրենսգրքով (2002)։

ՀՀ գետերից բնապահպան. առումով առավել վատ վիճակում են այն գետերը (Դեբեդ, Հրազդան, Ողջի ևն), որոնց ավազաններում կան ջրերն աղտոտող արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ և քաղաքներ։

Սևանա լճի պահպանությունը

Սևանա լճի պահպանությունը ՀՀ բնապահպան. և տնտեսական բացառիկ հիմնախնդիր է. ներառում է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով խախտված էկոլոգ. հավասարակշռության վերականգնման ողջ համալիր։

Սևանա լճի պահպանության հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թթ-ին, երբ որոշվել է լճի դարավոր պաշարներն օգտագործել ոռոգման ու էներգետիկ, նպատակներով, որը պետք է իրականացվեր 2 փուլով։ Առաջին փուլում (տևելու էր 50 տարի) ավարտվելու էր լճի մակարդակի արհեստ․ իջեցումը (տարեկան ջրթողքը՝ 1200 մլն մ3) 50 մ-ով, իսկ հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը ամբողջովին)։ Երկրորդ փուլում հաստատվելու էր լճի նոր՝ կայուն ջրային հաշվեկշիռ՝ տարեկան 700 մլն մ3 արտահոսքով՝ միայն մուտքերի հաշվին։

Արարատյան դաշտի և նախալեռն․ շրջանների ոռոգելի հողատարածքներն ավելանալու էին առնվազն 100 հգ. հաով, հանրապետությունն ստանալու էր տարեկան ավելի քան 2 մլրդ կՎտ-ժ էլեկտրաէներգիա։

1962-ին ավարտվել է Հրազդանի ջրէկների կասկադի շին-ը, և սկսվել է ջրերի ինտենսիվ օգտագործումը՝ հիմնականում էլեկտրաէներգիա ստանալու համար։ Լիճը մոտ 10 տարվա ընթացքում զրկվել է ջրի պաշարների 40 %-ից, առավելագույն խոր. հասել է 80 մ-ի (նախկինում 99 մ էր)։ Դրա բացաս. հետևանքներն ակնառու են հատկապես Մեծ Սևանում։ Ի հայտ են եկել լճի ճահճացման երևույթներ՝ դրան բնորոշ հետևանքներով։

Լիճը փրկելու համար 1970-ական թթ-ին որոշվել է դադարեցնել ջրի բացթողումը և աստիճանաբար բարձրացնել մակարդակը։ Նոր համալիր հետազոտություններով որոշվել է լճի մակարդակը պահպանել ծ. մ-ից 1896 մ բարձր, վրա. հայելու մակերեսն այդ դեպքում կնվազեր 190 կմ-ով, ջրի ծավալը՝ 26,5 մլրդ մ-ով։

Այդ դեպքում նախատեսված 700 մլն մ3-ի փոխարեն Սևանից հնարավոր էր բաց թողնել ընդամենը 170 մլն մ ջուր, որը չէր ապահովի Հրազդանի վրա արդեն կառուցված ջրէկների արդյունավետ աշխատանքը և յուրացված հողատաածքների ամբողջական ոռոգումը։