Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/854

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքները

Հրազդան (մինչև 1959-ը՝ Ներքին Ախտա, ք.՝ 1959-ից) մարզկենտրոնը (1995ից) գտնվում է Երևանից 45 կմ հյուսիս-արլ.՝ Հրազդան գետի ափին՝ 1600-1750 մ բարձր-ների վրա։ Տարածքը 20 կմ² է, բն.՝ 53,7 հազար (2012)։ Քաղաքի շրջագծի մեջ են Ախտա, Աղբյուրակ, Վանատուր (նախկինում՝ Աթարբեկյան), Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերը։ Քաղաքի բնակիչների նախնիները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Կարսից, Խոյից, Մուշից, խորհրդ․ տարիներին՝ նաև Հայաստանի մյուս շրջաններից ու հարևան հանրապետություններից և Սփյուռքից։ Խորհրդ․ տարիներին եղել է հանրապետության արդյունաբերական խոշոր կենտրոններից, ունեցել 12 խոշոր ձեռնարկություններ, այդ թվում՝ «Հրազդանմեքենա», «Կեչառք», «Դվին» և ցեմենտի գործարանները, Հրազդանի ՊՇէկ։ Արդյունաբերական կենտրոն է, էներգետիկ․ կարևոր հանգույց, գործում են Հրազդանի ջէկը և ջրէկը։ Զարգացած է մշակող արդ-ը, որտեղ կարևոր են ոչ մետաղ․ և այլ արտադրանքի (մասնավորապես՝ ցեմենտի) արտադրությունները։ Խոշոր ձեռնարկություններից է «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ն։

Քաղաքում գործում են 14 նախադպրոց. հաստատություններ, 13 հանրակրթական (1 հատուկ և 1 ավագ), 2-ական երաժշտ., արվ-ի և մարզ․ դպրոցներ, 2 քոլեջ, ուսումնական մանկապատանեկան ստեղծագործ., երիտասարդ., մարզամշակութ. կենտրոններ, ոչ պետական բուհ, քաղաքային դրամատիկ․ թատրոնը, ՀԱՊ-ի և ՀՊԹ-ի մասնաճյուղերը, հայրենագիտական թանգարանները, 10 գրադարան, 2 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա։

Հրազդանի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1927-29-ին (ճարտ.՝ Ա. Թամանյան)։ Նախագիծն ընդգրկել է Ախտա և Ախպարա գյուղերի տարածքը (քաղաքի հվ. մասը)։ 1961-63-ին պատրաստվել է նոր նախագիծ (Մ. Գրիգորյան, Է. Ալթունյան և ուրիշներ), վերջինը՝ 1978-80-ին, որը տարբեր պատճառներով չի իրականացվել։ Քաղաքը կազմված է հվ., կենտրոնական և հս. հիմն․ զանգվածներից։ Տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. II—I հազարամյակների դամբարաններ։ Պահպանվել է XIII դ-ի կարավանատուն։ Քաղաքի արևմուտքում է (Մաքրավանում) Մաքրավանք վանական համալիրը (XIII դ.)։ Գլխավոր եկեղեցին Սբ Աստվածածինն է, որը նորոգվել է 1980-ական թթ-ին։

Աբովյանը (ք.՝ 1963-ից) գտնվում է Երևանից 18 կմ հյուսիս-արլ.՝ Կոտայքի սարավանդում՝ 1360 մ բարձր․ վրա։ Տարածքը 7 կմ² է, բն.՝ 47,2 հազար (2012)։ Հնագույն ժամանակներից բնակավայր է եղել և մինչև 1961-ը կոչվել է Էլար (հայ մատենագիրներից առաջին անգամ հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը, XIII դ.)։ Աբովյանը Երևանի հս. դարպասն է և քաղաք-արբանյակը։ Կոչվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։

Արդ. խոշոր կենտրոն է։ Զարգացած է մշակող արդ-ը։ Հայտնի է «Կոտայք» գարեջրի գործարանը։ Գործում են նաև երկաթբետոնե կառուցվածքների, քարերի մշակման և այլ ձեռնարկություններ։

Ունի 9 հանրակրթական, երաժշտ., գեղարվ-ի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոն, ոչ պետական բուհ, պետական և ոչ պետական քոլեջներ, գիշերօթիկ կրթահամալիր, 5 գրադարան, մարզադաշտ և այլն։ Քաղաքում են տուբերկուլոզային կլինիկ․ հանրապետական հիվանդանոցը, ՀՀ ԳԱԱ Մանրէաբանության ինստ-ը, հայ և ռուս ժողովուրդները բարեկամության թանգարանը և այլն։ Աբովյանում են հայ և ռուս ժողովուրդները բարեկամության հուշահամալիրը, տեղադրված է Խաչատուր Աբովյանի կիսանդրին։

Բյուրեղականը (հիմն. 1943-ին՝ որպես բանավան, ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 24 կմ հյուսիս-արլ.՝ Հրազդան գետի կիրճի ձախ ափին։ Տարածքը 3,4 կմ² է, բն.՝ 8,6 հազար (2012)։ Տնտեսության հիմն․ ուղղությունը մշակող արդ-ն է (հիմնականում ոչ մետաղ․ հանք․ և այլ արտադրանք)։ Կան ապակե տարայի՝ «Glass World», քարամշակման «Ալմասքար», «Արզնի» հանք․ ջրերի, «Տնաշինություն» ՓԲԸ և այլ ձեռնարկություններ։