Էջ:Armenia Encyclopedia.djvu/873

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքները

Իջևան (1780-1919-ին՝ Քարվանսարա, ք.՝ 1961-ից) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 132 կմ հս.՝ Աղստև գետի հովտում։ Տարածքը 6 կմ² է, բն.՝ 20,7 հազար (2012)։ Հնագույն բնակատեղի է։ Տարանցիկ (Ասորիքից Դվին, ներկա Իջևանի տարածքով՝ դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս) առևտր. ճանապարհներին գործել են կարավանատներ։

1860-ական թթ-ին կառուցվել է Երևան-Դիլիջան-Քարվանսարա-Թիֆլիս խճուղին, որը կարևոր նշանակություն է ունեցել բնակավայրի զարգացման համար։ 1920-ի նոյեմբ. 29-ին Հայաստանում առաջինն Իջևանում է հաստատվել խորհրդային իշխանություն։

Խորհրդային տարիներին զարգացած էին գորգագործությունն ու փայտամշակումը։ Խոշոր արդյունաբերական ձեռնարկությունը գորգագործ․ կոմբինատն էր (հիմն.՝ 1959, ամենամեծը՝ Այսրկովկասում, 3-րդը՝ ԽՍՀՄ-ում)։ Անտառի բարձրորակ փայտանյութի հիմքի վրա 1930-ին ստեղծվել է Իջևանի փայտամշակման կոմբինատը (ամենախոշորը՝ ՀԽՍՀ-ում)։ Արտադրանքը (նրբատախտակ, սալիկներ, կահույք և այլն) առաքվում էր այլ հանրապետություններ։

Իջևանը ներկայումս ՀՀ հյուսիս-արլ. հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույց։ Տնտեսության հիմն․ ուղղությունը մշակող արդ-ն է (մասնավորապես՝ փայտամշակումը, սննդամթերքի, հանք․ ջրի և գինու արտադրությունները)։

1991-ին քաղաքն ստացել է առողջարանի կարգավիճակ։ Կառուցվել է հանգստյան գոտիով «Սպիտակ լիճ» ջրավազանը։ Տարածքում կա անտառապուրակ (դենդրոպարկ)։

Իջևանում 1-ին դպրոցը (ծխական) բացվել է 1858-ին։

Ներկայումս գործում են 3 նախադպրոց. հաստատություններ, 5 հանրակրթական, 2 երաժշտ., 1 արվ-ի դպրոցներ, Իջևանի «Թև» քոլեջը և Տագանռոգի քոլեջի մասնաճյուղը, վարժարան, ԵՊՀ մասնաճյուղը, ժողովրդական, տիկնիկային թատրոնները։

Քաղաքում արվեստաբան Սարո Սարուխանյանի նախաձեռնությամբ կազակերպվել են քանդակագործների ստեղծագործ.՝ հանրապետական (1985, 1988, 1989, 1991-2000), միութ. (1986), միջազգային (1987, 1990) սիմպոզիումներ, ստեղծված քանդակներից ավելի քան 90-ը տեղադրվել են քաղաքի կենտրոնական զբոսայգում։

Տարածքում հայտնաբերվել են ուշբրոնզեդարյան դամբարաններ, նյութ․ մշակույթի մնացորդներ, քարանձավներ, ջրվեժներ։ Քաղաքում է Սբ Ներսես Շնորհալի (1998) եկեղեցին, հանրապետության հյուսիս-արլ. դարպասի մոտ՝ «Մայր Հայաստան» հուշարձանը։

Այրումը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 205 կմ հյուսիս-արմ.՝ Դեբեդ գետի աջ ափին։ Տարածքը 1,6 կմ² է, բն.՝ 2,4 հազար (2012)։ Կայարանամերձ քաղաք է, բնակչությունը հիմնականում զբաղվում է մանրածախ առևտրով։ Աշխատանքներ են արվում վերագործարկելու Այրումի պահածոների գործարանը։

Գործում են հանրակրթական և երաժշտ. դպրոցներ։

Այրումից արմ.՝ Սատանի սար լ-գագաթի պեղումներով բացվել է մ. թ. ա. X-VIII դդ-ի դամբարանադաշտ (հայտնաբերվել են կավանոթներ, երկաթե նիզակներ, դաշույններ, բրոնզե զարդեր, իսկ մերձակա ամրոցի ավերակներում՝ մարդու, եզան, ձիու և այլ արձանիկներ)։

Բերդը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 186 կմ հյուսիս-արլ.՝ Տավուշ գետի հովտում։ Տարածքը 4,8 կմ² է, բն.՝ 8,5 հազար (2012)։ Զարգացած են գյուղատնտեսությունը, տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը և դաշտավարությունը, ինչպես նաև արհեստագործությունը, մանրածախ առևտուրը։ Բերդում առաջին դպրոցը բացվել է 1871-ին։