Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/892

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա դերն ու հեղինակությունը, քանի որ պետության տարածքում բնակվող հայության պաշտոն․ ներկայացուցիչ է ճանաչվել Կ. Պոլսի հայոց պատրիարքը։

XVII դ-ի սկզբին պատրիարքության իշխանությունը տարածվել է օսմանյան տիրակալության բոլոր հայաբնակ շրջանների վրա։ Սսի և Աղթամարի կաթողիկոսությունները, Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իրենց առաջնության իրավունքը զիջել են Կ. Պոլսի պատրիարքին։

XVIII դ-ի վերջին պատրիարքությունն ուներ 20, 1834-ին՝ 36, իսկ 1900-ին՝ 43 վիճակ՝ 1181 եկեղեցով և 132 վանքով։ Ներկայումս Կ. Պոլսի հայոց պատրիարքության իրավասության ներքո է 6 վիճակ՝ Հին քաղաք, Արևելյան Բոսֆոր, Արևմտյան Բոսֆոր, Իշխանաց կղզիներ, Գավառ, Կրետե կղզի։ Դարերի ընթացքում Կ. Պոլսում կառուցված 55 առաքել․ եկեղեցիներից այսօր գործում են 35-ը՝ Սկյուտարի Սբ Խաչը, Սամաթիո Սբ Գևորգը, Ֆերին գյուղի Սբ Վարդանանցը, Ղալաթիո Սբ Գրիգոր Լուսավորիչը և այլն։ Գավառում գործում է 6, Կրետե կղզում՝ 1 եկեղեցի։ Թուրքիայի 14 հայկական համայնքներում եկեղեցիներ չկան։

Սկզբն. շրջանում Կ. Պոլսի հայոց պատրիարքներին նշանակել է սուլթանը։ XIII դ-ից պոլսահայ համայնքը հետզհետե ստվարացել է, հատկապես բարձրացել է ամիրայական դասի հեղինակությունը, որը սուլթաններին ստիպել է պատրիարքների նշանակման ժամանակ հաշվի առնել նաև նրանց կարծիքը։ Ներկայումս Կ. Պոլսի հայոց պատրիարքն ընտրվում է համայնքների ներկայացուցիչների պատգամավոր. ժողովում։ 1461-ից ցարդ պատրիարք․ աթոռն զբաղեցրել է 84 հոգևորական։ Նրանցից 4-ը՝ Մատթեոս Բ Չուհաճյանը (1844-48), Գևորգ Բ Քերեսթերճյանը (1858-60), Մկրտիչ Վանեցի Խրիմյանը (1869-73), Մատթեոս Գ Իզմիրլյանը (1894-96, 1908-09), ընտրվել են Ամենայն հայոց կաթողիկոսներ (Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի, Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի, Մկրտիչ Ա Վանեցի, Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի)։ Կ. Պոլսի պատրիարքներ Ներսես Վարժապետյանը (1874-84), Եղիշե Դուրյանը (1909-11), Մաղաքիա Օրմանյանը (1896-1908) մեծ դեր են խաղացել հայոց հասարակական, մշակութային, գիտական և հոգևոր-եկեղեց. կյանքում։

Արևմտահայությունը զարթոնք է ապրել Հովհաննես Թ Կոլոտ Բարիշեցի (1715-41), Հակոբ Բ Նալյան Զմմարացի (1741-48, 1752-64), Զաքարիա Փոքուզյան Կաղզվանցի (1773-81, 1782-99) պատրիարքների պաշտոնավարության ընթացքում։ Շուրջ 8 տասնամյակի ընթացքում հիմնադրվել ու բացվել են դպրոցներ, թանգարան-մատենադարան, տպարան-գրավաճառանոցներ, լույս են տեսել ինքնուրույն ու թարգման., կրոն․ ու աշխարհիկ բովանդակությամբ տասնյակ գրքեր, կառուցվել են նոր և վերակառուցվել մի շարք եկեղեցիներ։ Ազգ-հոգևոր. ու մշակութային կրթական վերելքը շարունակվել է նաև XIX դ-ում՝ Պողոս Գրիգորյան Ադրիանապոլսեցու (1815-23), Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյանի (1831-39, 1840-41), Հակոբոս Գ Սերոբյանի (1839-40,1848-58) և այլ պատրիարքների անմիջական մասնակցությամբ ու գլխավորությամբ։

Թուրքիայի հայոց առաջին թաղային, հանրության միջոցներով պահվող վարժարանը բացվել է 1790-ին Գում Գափու թաղամասում։ 1834-ին գավառներում պատրիարքարանի հովանու ներքո գործել են 114 հայկական դպրոցներ։ XX դ-ի սկզբին Կ. Պոլսում և գավառների 860 հայկական վարժարաններում սովորել են 90 հազար երկսեռ աշակերտներ։ Այժմ գավառներում հայկական դպրոցներ չկան, իսկ Կ. Պոլսում գործում է 14 վարժարան, որտեղ սովորում է 4 հազար աշակերտ։

Արմաշի դպրեվանքում [Նիկոմեդիայի (Իզմիթ) գավառ] սովորել են նշանավոր եկեղեց. գործիչներ Բաբկեն Ա Կյուլեսերյանը, Թորգոմ արք. Գուշակյանը, Զավեն արք. Եղիայանը, Մեսրոպ արք. Նարոյանը, Գարեգին արք. Խաչատրյանը և ուրիշներ։ Վերջին 3-ը հաջորդաբար եղել են Կ. Պոլսի հայոց պատրիարքներ։ Եկեղեցականներ կրթելու նպատակին է ծառայում նաև Կ. Պոլսի Սբ Խաչ դպրեվանքը, որը հիմնադրել է (1954) Գարեգին Խաչատուրյան Տրապիզոնցի պատրիարքը (1951-61)։ Պատրիարքարանին ենթակա եկեղեցիներում գործող դպրաց դասի երգչախմբերի գործունեությունը նպատակամղված է հայոց ազգ-հոգևոր երաժշտության անաղարտ պահպանմանը։

1719-ին Հովհաննես Թ Կոլոտ Բարիշեցի պատրիարքը Մայր եկեղեցուն կից բացել է ինքնուրույն կանոնադրությամբ ղեկավարվող առաջին կազմակերպված դպրաց դասը (գործում է ցայսօր)։