Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/915

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՐԹՕՋԱԽՆԵՐ

Մեծ եղեռնից հետո աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերն օտար միջավայրում նոր կյանք սկսելու դժվարությունների հաղթահարմանը զուգահեռ հիմնել են նաև ազգային դպրոցներ կամ հների կողքին ստեղծել նորերը։ Սկզբն. շրջանում սփյուռքահայ ուսումնական հաստատությունները հիմնականում կենտրոնացած էին Մերձ․ և Միջին Արևելքի երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Իրանում, Իրաքում և այլն։ Դրանք որբանոց-կրթարաններ էին, որտեղ պատսպարվել, սնվել ու կրթվել են հազարավոր որբեր։ Գաղթավայրերի կայունացմանը զուգընթաց բացվել են նաև դպրոցներ՝ կրթական որոշակի ծրագրով, որոնք մշտապես եղել են բարեսիր., մշակութ., հայրենակցական կազմակերպությունների, կուս-ների ու անհատ բարերարների հոգածության ներքո։

Ներկայումս Սփյուռքում գործում են ամենօրյա 4 տիպի շուրջ 400 կրթական հաստատություններ՝ տարր., թերի միջնակարգ (նախակրթարան), միջնակարգ (երկրորդական) և բարձրագույն (լիցեյ, քոլեջ), ինչպես նաև շուրջ 500 մեկօրյա (շաբաթօրյա կամ կիրակնօրյա) դպրոցներ։

Սփյուռքի գրեթե բոլոր հայկական ամենօրյա դպրոցները մասնավոր են և, ի տարբերություն պետականների, վճարովի։ Այդ դպրոցներում ուսուցանում են տվյալ երկրի պետական ուսումնական ծրագրով և պետական լեզվով, որը պարտադիր պայման է ավարտ․ պետական վկայականը պետության կողմից ճանաչվելու համար։ Հայկական ամենօրյա դպրոցների ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ երեխաները սովորում են նաև հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմություն, հայկական երգ ու պար։ Խիստ կարևոր է նաև այդ դպրոցներում ստեղծված մթնոլորտը, որի շնորհիվ հայ երեխաների մեջ ձևավորվում է ազգային ինքնագիտակցություն՝ ի տարբերություն կիրակնօրյա դպրոցների, որոնք չեն կարող բավարարել ազգային դաստիարակության և կրթության պահանջները։

Մեծ եղեռնին հաջորդած տարիներին Կ. Պոլսում պահպանված հայկական դպրոցները դարձել են գավառներից եկած հայ որբերի ապաստան։ Սակայն 1930-ական թթ-ի քաղաքական անբարենպաստ պայմանների հետևանքով հայերն սկսել են արտագաղթել, և խիստ նվազել է աշակերտության թիվը։ Փակվել են Սկյուտարի ճեմարանը, Պերպերյան և Հինդլյան վարժարանները, մի շարք նախակրթարաններ ու տարր․ վարժարաններ։

Ներկայումս Կ. Պոլսում գործում են (աշակերտների նվազ թվով և հայագիտական առարկաների սեղմված ծրագրով) 17 կրթական հաստատություններ՝ Սահակյան- Նունյանը (1812-ից), Վիեննական Մխիթարյանը (1825-ից), Կեդրոնականը (1886-ից), Եսայանը (1895-ից), Սբ Խաչ դպրեվանքը (1953-ից, բոլորը՝ լիցեյ), Սեմերճյան (1838-ից) և Գալֆայան (1866-ից) ճեմարանները, Պեզճյան (1715-ից), Լևոնյան-Վարդուհյան (1820-ից), Սամաթիայի և Բանկալթիի Անարատ հղության քույրերի (1868-ից), Ներսեսյան-Երմոնյան (1872-ից), Արամյան-Ունճյան (1874- ից), Թարգմանչաց (1884-ից), Տատյան (1892-ից), Վենետիկյան Մխիթարյան հայ կաթոլիկ (1908-ից), Մերամեթճյան (1912-ից) վարժարանները, Կարագյոզյան որբանոցը (1913-ից)։ Կ. Պոլսի գրեթե բոլոր հայաշատ թաղամասերն ունեն երկրորդ․ կամ նախակրթական վարժարաններ՝ իրենց ծաղկոցներով։ Վարժարաններում ուսուցանվում են հայոց լեզու, կրոնի պատմություն (հայոց պատմության դասավանդումն արգելված է)։ Թուրքիայի պատմության և աշխարհագրության, թուրք-ի ուսուցիչները պարտադիր թուրքեր են։

Սփյուռքահայ ամենակազմակերպված և ստվարաթիվ դպրոց․ ցանցերից մեկը Լիբանանում է։ Անդրանիկ դպրոցը Զմմառի դպրեվանքն է (գործում է XVIII դ-ի կեսից)։ 1920-ական թթ-ին Լիբանանում հիմնադրված 10 որբանոցներում ապաստանել են ավելի քան 7 հազար հայ որբեր։ Միաժամանակ հայկական դպրոցներ են հիմնադրվել Լիբանանի գրեթե բոլոր այն քաղաքներում ու գյուղերում, որտեղ հաստատվել են նույնիսկ փոքրաթիվ հայ գաղթականներ։ 1922-26-ին Հայ առաքել. եկեղեցին այնտեղ ունեցել է 15, կաթոլիկ եկեղեցին՝ 8, ավետարանականը՝ 6 դպրոց։ 1975-ին Բեյրութում, Տրիպոլիում, Զահլեում, Այնճարում և այլ տեղերում կային շուրջ 60 վեցամյա, միջնակարգ, երկրորդ․ հայկական վարժարաններ և այլ ուսումնական հաստատություններ՝ 21 հզ.