Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/919

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(մինչև 2007-ը՝ նախակրթարաններ), որոնք ղեկավարում է ընդհանուր տնօրինությունը։ Կրթօջախների ուսումնական ծրագրերում մեծ տեղ է հատկացվում ազգային դաստիարակությանը, հայագիտական առարկաներին։

Իտալիայում հայկական դպրոցներ հիմնել է Մխիթարյան միաբանությունը (առաջինը՝ 1732-ին)։ Մեծ համարում է ունեցել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1836-1997)։ 1883-ից Հռոմում գործում է Լևոնյան հայ վարժարանը (դպրեվանք), որը Հայ կաթոլիկ եկեղեցու համար պատրաստում է վարդապետներ. շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու Հռոմի բուհերի աստվածաբան. ֆակ-ներում։

Բուլղարիայի հայկական համայնքը նույնպես հնագույններից է, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հայեցի կրթությանը։ XIX դ-ի վերջին այնտեղ կար 10 վարժարան՝ 950 աշակերտով, 1937-88-ին՝ 16 վարժարան՝ 2212 աշակերտով։ 1960-70-ական թթ-ին Բուլղարիայի իշխանությունները վարել են այլազգիների «բուլղարացման» քաղաքականություն։ Փակվել են ազգային (այդ թվում՝ հայկական) դպրոցները։ 1990-94-ին Պլովդիվում, Սոֆիայում, Վառնայում, Ռուսեում, Խասկովոյում և այլ քաղաքներում վերաբացվել են հայկական տարր․ և միջնակարգ դպրոցները։ Հայտնիներից է Պլովդիվի Վիկտորյա և Գրիգոր Թյությունճյան վարժարանը։

Ռումինիայում հայկական եկեղեցիների հետ ստեղծվել են նաև դպրոցներ։ Դեռևս XV դ-ում Սուչավայի Զամկա վանքին կից գործել է վանական դպրոց։ Հնագույններից են Գեռլայի (1670) և Դումբրվենի (1685) դպրոցները։ 1840-ական թթ-ին հայկական դպրոցները ձեռք են բերել պետական հովանավորություն, շրջանավարտներն իրավունք են ստացել ուսումը շարունակելու Ռումինիայի բուհերում կամ արտասահմանում։ Հայկական դպրոցներ են եղել Բուխարեստում, Կոնստանցայում, Յասսիում, Ֆոկշանում, Ռոմանում, Գալացում, Բազարջիկում և այլ քաղաքներում։ Հայկական վերջին դպրոցը և մանկապարտեզը փակվել են 1962-ին։ 1992-ին Բուխարեստում բացվել է հայկական մանկապարտեզ, 1994-ից Բուխարեստում, Կոնստանցայում և Պիտեշտիում գործում են շաբաթօրյա դասընթացներ՝ ռում. դպրոց հաճախող հայ աշակերտների համար։ Կա նաև կիրակնօրյա դպրոց՝ Բուխարեստի հայկական եկեղեցուն կից։

Շվեդիայի կրթական օրենքով՝ երկրի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայ երեխաներին, ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն (հայի ուսուցիչները վարձատրվում են պետական բյուջեից)։ Կան նաև շաբաթօրյա դպրոցներ։

Մեծ Բրիտանիայում հայկական ամենօրյա դպրոցներ չկան։ Գործում են Գևորգ Թահթայան ազգային կիրակնօրյա վարժարանը և շաբաթօրյա հայերեն դասընթացը, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, կրոն, երգեցողություն և այլն։ Հայկական կիրակնօրյա կամ շաբաթօրյա դպրոցներ են բացվել Վիեննայում (Ավստրիա), Բրյուսելում (Բելգիա), Բեռլինում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարդում, Քյոլնում (Գերմանիա), Մադրիդում, Բարսելոնում, Սևիլիայում, Վալենսիայում, Մալագայում (Իսպանիա), Ցյուրիխում, Բադենում, Շտայնամրայնում, Քրոյցլինգենում, Ռայնեգում (Շվեյցարիա), Պրահայում (Չեխիա), Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Դանիայում, Նիդեռլանդներում, Հունգարիայում և այլուր։

Ամերիկայի Միացյալ նահանգների հայ համայնքն ամենամեծն է Ամերիկա աշխարհամասում, վերջին տարիներին այն ավելի է ստվարացել (շուրջ 1,2 մլն)։