Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/975

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԸ

ԼՂՀ տարածքում կան մետաղ. և ոչ մետաղ. բազմազան հանքատեսակներ։ Սակայն երկրբ-հետախուզ. առումով հանրապետության տարածքը բավարար ուսումնասիրված չէ։

Քարածխի երևակումներ հայտնաբերվել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Նարեշտար և Քոլատակ գյուղերի մերձակայքում։

Մարտակերտի (Մեհմանա, Դրմբոն, Գյուլաթաղ, Կուսապատ, Վանք, Մաղավուզ), Մարտունիի (Զարդանաշեն), Հադրութի (Ցոր), Շուշիի (Ճաղատսար) շրջաններում, Խաչեն և Թարթառ գետերի միջակայքում, ինչպես նաև Մռավ լեռան լանջին կան բազմամետաղների, հատկապես ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, վոլֆրամի հանքավայրեր ու երևակումներ։

Արցախ-Ղարաբաղը հարուստ է նաև ոչ մետաղ․ հանքավայրերով։ Մասնավորապես շատ են մարմարի և բազմերանգ մարմարացված կրաքարի հանքավայրերը, որոնք Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների շրջակայքում և Ասկերանի (Քարագլուխ, Խրամորթ), Մարտունիի (Նորաշեն, Ճարտար) շրջաններում են։ Կան նաև գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի, ավազի, կավի հանքավայրեր, ինչպես նաև ցեմենտի, գիպսի բարձրորակ հումքեր, հանք․ ջրի բազմաթիվ ելքեր (Թթուջուր, Շրլան, Հաթերք, Քոլատակ և այլն)։

ԿԼԻՄԱՆ

Կլիման չափավոր ու մեղմ է՝ լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ. հարթավայրերում չոր մերձարևադարձային է, նախալեռներում՝ չափավոր տաք ցամաքային, միջին բարձրության լեռներում՝ չափավոր տաք խոնավ, առավել բարձրադիր մասերում՝ բարձրլեռն. ցուրտ։ Հարթավայրերում ու միջին բարձրության լեռն․ շրջաններում հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը 3-ից -2 °C է, բարձրլեռն. շրջաններում՝ -6-ից -10 °C (նվազագույնը՝ -28,7 °C), հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 20-25 °C և 10-15 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը հարթավայրերում ու նախալեռներում 380-450 մմ է (նվազագույնը՝ 310 մմ, Ստեփանակերտ), միջին բարձր-ներում՝ մինչև 700 մմ, բարձրլեռն. շրջաններում՝ մինչև 850 մմ (առավելագույնը՝ 1042 մմ, Հաթերք)։ Կայուն ձնածածկույթ գոյանում է 1400 մ-ից բարձր վայրերում։ Մռավի լեռնաշղթայում պահպանվում են ձնաբծեր։

ՆԵՐՔԻՆ ՋՐԵՐԸ

Ջրագր. ցանցը խիտ է, գետերի սնումը՝ խառը, հոսքը՝ սեզոնային (վարարում են գարնանը, մասամբ՝ աշնանը)։ Գետերը պատկանում են Կուրի (75 %) և Արաքսի (25 %) ավազաններին։ Խոշոր գետերն են Արաքսը, Հագարին, Որոտանը, Թարթառը, Ողջին, Խաչենը, Կարկառը, Սև ջուրը, Վարանդան, Իշխանը և այլն։ Թարթառի վրա կառուցվել են Սարսանգի ջրամբարը (ջրատարողությունը՝ մոտ 560 մլն մ³) և ջրէկը (հզոր.՝ 50 հազար կՎտ)։ Կան փոքր լճեր։