Էջ:Armenia Encyclopedia.djvu/984

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկախ նրա կառավարության հռչակագրից։ 1918-ի մայիսի վերջերից մինչև 1920-ի ապրիլի վերջը՝ Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումը, ԼՂ-ն փաստացի եղել է անկախ։

Ազգերի լիգան մերժել է Ադրբեջանի անդամակցությունը այն պատճառաբանությամբ, որ դժվար է որոշել պետության հստակ սահմանները, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության տակ։ Վիճելի է ճանաչել նաև հայկական Ղարաբաղի կարգավիճակը, ընդ որում՝ ավելի ընդարձակ սահմաններում, քան ԼՂՀ ներկայիս սահմաններն են, և որոշել, որ Հայաստանի ու Ադրբեջանի անկախության ճանաչման հարցի առընչությամբ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծվի Փարիզի հաշտության խորհրդաժողովում։

Սակայն տարածաշրջանի խորհրդայնացման հետևանքով հիմնահարցը դուրս է մնացել միջազգային կառույցների օրակարգից։

Լեռնային Ղարաբաղն Անդրկովկասի խորհրդայնացման տարիներին

Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման (28.4.1920) հաջորդ օրը Ադրբեջանի արտգործժողկոմ Մ. Հուսեյնովի՝ ՀՀ կառավարությանը հղած հայտագիրը հավաստում էր, որ Խորհրդային Ադրբեջանը ժառանգել է մուսավաթ. Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը։

Կարմիր բանակի ղեկավարությունը Ղարաբաղ-Զանգեգուրի զինուժի հրամանատար Դրոյից պահանջել է հեռանալ Ղարաբաղից։ Այդ պահանջը չկատարելու դեպքում անխուսափելի կդառնար ՀՀ ու Խորհրդային Ադրբեջանի զինված ընդհարումը, և Կարմիր բանակն ու Խորհրդային Ադրբեջանի զինված ուժերը միասին կգործեին ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ։

Գիտակցելով ստեղծված իրավիճակի բարդությունը՝ մայիսի 26-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի ազգային խորհրդի 10-րդ համագումարը ԼՂ-ն հռչակել է խորհրդային։ Կազմվել է ԼՂ Հեղկոմ՝ Սաքո (Սարգիս) Համբարձումյանի նախագահությամբ։ Դրոն իր զորքով ստիպված էր նույն օրը հեռանալ Ղարաբաղից՝ տեղը զիջելով Կարմիր բանակին։

11-րդ Կարմիր բանակի զորամասերից ձևավորված Ղարաբաղ-Զանգեզուր խմբի ստորաբաժանումներն սկսել են առաջ շարժվել Ղարաբաղի և Զանգեզուրի ուղղությամբ՝ Նախիջևան մտնելու և թուրք․ «հեղափոխական» բանակի զորամասերի հետ միանալու նպատակով։

Սակայն նույնիսկ այդ պայմաններում, հաշվի առնելով համաշխ. հանրության կարծիքը, որը 1918-20-ին չի ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հանդեպ, Խորհրդային Ռուսաստանը չի դիմել ԼՂ-ի բռնազավթմանը՝ հօգուտ Խորհրդային Ադրբեջանի։ 1920-ի օգոստ. 10-ին Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ-ի միջև Թիֆլիսում կնքված համաձայնագրում ամրագրվել է, որ «խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավունքների հարցը»։

ԼՂ-ում խորհրդային իշխանության հաստատմամբ սկսվել է երկրամասի «խաղաղ» զավթման՝ Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը, որը, սակայն, բախվել է արցախցիների վճռական դիմադրությանը։ 1920-ի հունիսից հայ բնակչությունը պայքարի է ելել հանուն անկախության, որը նույն տարվա աշնանը վերաճել է համաժողովրդական հզոր ապստամբության։ 1921-ի հունվ-ից ԼՂ-ն դարձյալ անկախ էր։ Ադրբեջանի կառավարությունը, արցախահայության ազատագր. պայքարը ներկայացնելով որպես հակախորհրդային շարժում, Կարմիր բանակի զորամասերի օգնությամբ այն ճնշել է 1921-ի ապրիլի վերջերին։

Հայաստանի Սոցիալիստ. Խորհրդային Հանրապետության (ՀՍԽՀ) հռչակման հաջորդ օրն իսկ՝ 1920-ի նոյեմբ. 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը Հայաստանի Հեղկոմին ուղղած պաշտոնական ուղերձում հայտարարել է, որ ԼՂ-ն, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչվել են ՀՍԽՀ-ի բաղկացուցիչ մասը։

Դեկտ. 1-ին այս հայտարարությունը Բաքվի խորհրդի հանդիսավոր նիստում ներկայացվել է որպես հռչակագիր։ Սակայն Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը դեկտ. 2-ին այն հրապարակել է այլ խմբագրմամբ.