Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի լատիներեն արձանագրության, որը դուրս է եկել ճեմարանի արտաքին պարսպի հիմերը փորելիս և հաստատված է, որ այդ քարն ալ ուրիշ տեղից բերված էր այդտեղ։

Հռիփսիմեի վանքից սկսած դեպի արևմուտք և հարավ, ներկա Վաղարշապատն ալ մեջ առնելով, պարզ աչքով իսկ կտեսնվի, որ այդ ընդարձակ տարածության վրա բացի վարուցանքե ուրիշ ոչ մի աշխատանք չէ այլափոխած հողի հարթածավալ մակերևույթը։

Ուրեմն մնում է մեզ դիմել Սեբեոսի մատնանշած տեղին և Զվարթնոցի շուրջը փնտրել Վաղարշապատի կամ Նոր Քաղաքի (Կայենոպոլսի) իսկական տեղը, ուր հաճախ գտնվեր են գրական ապացույցներ այնտեղ ընդարձակ տարածությամբ քաղաքատեղի մը գտնվելուն։

Եթե բոլորովին չհամոզվինք տեսնելով Զվարթնոցի շուրջը ընդարձակ տարածության վրա որոշ սահմանի մեջ անհավասար չափով բլուրներն ու թումբերը, որոնք պատմահնագիտական մեծամեծ գանձերու պահարան լինելուն մեծ հավաստիք կներկայացնեն, թվենք մի քանի իրական ապացույցներ, որոնք վերջին մի քանի տարվան մեջ երևցել են։

1․ Այժմ [Պետական Պատմական] թանգարանում գտնվող հունարեն արձանագրությունը, որ Զվարթնոցից մեկ կիլոմետր դեպի արևմուտք դուրս է եկած Զանգուի առուն փորելիս։

2. Խաչիկ Զվարթնոցի[1] և Ե․ Լալայանի ընկերակցությամբ, Զվարթնոցից մեկ կամ մեկ ու կես կիլոմետր հեռավորության մի քանի բլուրներու վրա կատարած փորձնական պեղումները, որոնք դրական արդյունք տվին, դուրս բերելով հեթանոսական շրջանի առարկաներ։

3․ 1904 թվականին ժանգախտից կոտորվող անասնոց դիակները թաղելու համար Հռիփսիմեի վանքի առջևից դեպի Վարմազիար տանող ճանապարհի կողքին փորված փոսերից մեկուն մեջ երևաց մի մեծ պարսպամաս, որուն արտաքին բուրգը ներկա Վաղարշապատի կողմն էր, ինչ որ ապացույց էր հակառակ կողմին վրա քաղաքի մը գոյության։ Այն ժամանակ ես լուր տվի Խաչիկ Զվարթնոցին և Մեսրոպ վարդապետին[2] (այժմ եպիսկոպոս), որոնք ականատես լինելուց հետո ոչ մի միջոց ձեռք չառին այդ պարսպի հետքը չկորցնելու համար, որն ընդմիշտ կրկին ծածկվեց հողի տակ։ Մեսրոպ վարդ. այն ժամանակ բավականացավ «Ազգ Հանդեսին» մեջ մի հակիրճ ծանոթությունով։

4․ Այս տարի վերոհիշյալ պարիսպը վերստին բաց անելու փորձ արվեց, սակայն միջոցներն այնքան քիչ էին, որ պեղումները նպատակին չհասած դադար տրվեց։ Սակայն պարիսպի փոխարեն 4 արշին խորության վրա դուրս եկավ մի հեթանոսական գերեզման, որը դարձյալ ծածկվեց առանց գերեզմանը բաց անելու։

Այս բոլոր պատահական գյուտերը միացած Զվարթնոցի և պատմագրական վկայություններու հետ, կարծեմ բավական են հաստատելու, որ հին Վաղարշապատը, կամ Նոր Քաղաքը (Կայենոպոլիս) ծածկված է Զվարթնոցը շրջապատող մեծ ու փոքր բլուրներու ներքև և փորձնական պեղումներն անհետաձգելի պետք է լինին հայկական Պոմպե մը հայտնագործելու համար։

Այս հակիրճ տեսությունից հետո, կարծեմ կարելի կլինի բացատրել պատճառը, թե ինչո՞ւ Ներսեսը հատկապես այս տեղը ընտրեց իբր կաթողիկոսական աթոռ և կանգնեց Զվարթնոցի նման հոյակապ մի եկեղեցի։

Ներսեսի մասին ժամանակակից պատմագիրներ ավանդում են, որ սնված ու կրթված էր բյուզանդական արքունիքում, հասած էր զինվորական բարձր աստիճանի և զինվորական կարգով շատ տեղեր ման եկած էր բյուզանդական կայսրության սահմաններում։

Ահա այսպիսի բարձր արժանիքներով օժտված մի մարդ, հանկարծ կաթողիկոսանում է Հայաստանում, այնպիսի ժամանակ, երբ արաբական արշավանքը սկսեր էր քանդել ու ավերել Հայաստանը։

Իր կաթողիկոսության առաջին տարին իսկ Դվինը քարուքանդ եղավ արաբներու ձեռքով և բազմահազար մարդկանց կոտորածից հետո, երեսուն և հինգ հազար հոգի գերի տարվեցան։ (Սեբեոս, էջ 176։ Ղևոնդ, էջ 10-11)։

Ահա այս պարագային էր, որ ցայտուն կերպով երևան կուգա Ներսեսի հզոր նկարագիրը և ձեռներեց ոգին, որ առանց լքելու և հուսահատելու այս մեծ աղետին հանդեպ, ոչ միայն միջոցներ ձեռք առավ վշտահար ժողովրդին սփոփելու, այլ և ձեռնարկեց շատ մը շինարարական աշխատանքներու, ի միջի այլոց Զվարթնոցի և կաթողիկոսական տան կառուցման՝ Նոր Քաղաքի մեջ, ինչպես կբնորոշե պատմագիրը «ոչ ածեալ զմտաւ զկրթական արշաւանս հինիցն թշնամեաց, գեղեցիկ իմն մոլութեամբ դնե ապա հիմն մեծ և հրաշալի բազմապայծառ յարկի տանն Աստուծոյ»։[3]

Ներսեսի նման բարձր կրթություն ունեցող մի մարդ, որուն քաղաքացիական առավելությունները կրոնականեն շատ ավելի գերակշիռ լինելը անվիճելի է, միթե կարող էր գալ Վաղարշապատի ամայի տեղերում բնակություն հաստատել, առանց մի խոշոր ծրագիր կամ մի մեծ նպատակ ունենալու։ Իհարկե ոչ։

Մոտ երկու դար էր, որ հին Վաղարշապատը անշքացել էր և համարյա հավասարվել էր մի գյուղի (այստեղ ս. Գրիգոր անուն գյուղ կար ըստ Կաղանկատվացու)։ Ներսեսի օրով Դվինն ալ ավերակ դարձավ, շատ բնական էր, որ Ներսես չէր կարող հոգեպես և ֆիզիկապես ապրել Հայաստանի ավերակներու մեջ, անկասկած անոր մտքին մեջ ծագեց մի հանդուգն խորհուրդ, որով պիտի անմահանար դարուց ի դարս և արդյունքը պիտի լիներ իրապես իր արժանավորություններու համապատասխան, և այդ խորհուրդը կամ ծրագիրն է՝ վերականգնել երկու հարյուր տարին ի վեր ավերված Վաղարշապատը և կամ Նոր Քաղաքը։

Հովհաննես կաթողիկոսի մեկ համառոտ ակնարկը կհասաատե այս ենթադրությունը, որ եկեղեցին, կաթողիկոսարանը և շրջապատող պարիսպները ավարտելեն

  1. Այսպես էր իրեն անվանում Զվարթնոցը պեղող Խաչիկ վարդապետ Դադյանը։ Կազմող
  2. Մեսրոպ Տեր Մովսեսյանն է։
  3. Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն հայոց, Թիֆլիս, 1912, էջ՝ 85։