Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հին եկեղեցու և բնակության հիմքեր, ի միջի այլոց բարձրաքանդակ պատկերներով քառակող կոթողաձև գերեզմանաքարեր։

3. ԱԼԱՃԱԼԻ ԵԿԵՂԵՑԻ

Ալաճալի գյուղի մեջ եկեղեցիի մը ավերակները կա, եթե կարելի է հավատալ Ալիշանի տված պատկերներու ճշտության, այն ատեն խիստ հետաքրքրական են այդ եկեղեցու կամարներն ու ձևը, երկհարկանի սյունազարդ նեֆեր, կամարները պայտաձև և ձվաձև դարձված, այդ խոյակներն ադանթազարդ մոտավոր նմանությամբ կորնթականի, սույն խոյակներու մեկուն վրա կերևի աքաղաղի մը պատկեր։

4. ԱԼԱՓԱՐՍ

Բջնիի հարավային կողմը կգտնվի Ալափարս գյուղը։ Կա մի հին եկեղեցու մնացորդ կոփածո քարով։ Եկեղեցին կթվի լինել խաչաձև։ Արձանագրությունները խանգարված են. միայն թվական մը կա 901 թիվ և մի անուն Գրիգոր: Այս գյուղի հին անունն է Այլաբերդ։

5. ԱԿՈՌԻ

Ակոռիի մեջ կար մի հնագույն եկեղեցի 660-ական թվականներին շինված Անաստաս կաթողիկոսի ձեռքով։ Եկեղեցվո հատակագիծը շատ մոտ նմանություն կբերե Անիի կաթողիկեին, միայն ավանդատուները քառակուսի են, փոխանակ խորանաձև լինելու արևելյան կողմեն, արտաքին մասեն (գուցե ներքին) մնացած սյուներեն կերևի, որ շատ նման է Զվարթնոցի արտաքին որմնասյուներուն իրեն խոյակներով։

Ուսկից կհետևի, որ Անիի զանազան եկեղեցիներու ներքին և արտաքին կողմերը գտնված այս տեսակ սյուներն արդեն գործածության մեջ էին 6-րդ դարեն սկսյալ հայոց մեջ. գտնելու է թե ո՞ւր է սկիզբն այս ոճին։

9. ԱՂՋՈՑ ՎԱՆՔ

Այրիվանքի հարավ-արևելյան կողմը նույնանման ձորամիջին կգտնվեր այս նշանավոր վանքը, որուն մասին պատմական տեղեկություններ միայն կան։ Ինչպես երևում է, պետք է խուզարկել տեղը և այժմյան դրությունը։

7. ԱՂՎԵՐԱՆ

Այս գյուղից քիչ վերև մենաստան կա ամայի մնացած անտառուտներու մեջ ճանապարհի դժարության պատճառով։

8. ԱՂՏ
(Այժմ Հախս)

Բյուրականի մոտ, անառիկ դիրքի վրա, այժմ մի փոքր գյուղ է, որը ժամանակով եղել է ուրարտական ամրոց, որուն հետքերը կան այժմ, իսկ հետո՝ հին հայոց սեփական ամրոցներեն մին։

Այստեղ է այն վերին աստիճան հետաքրքրական Արշակունյաց ստորերկրյա կամարակապ դամբարանը, որուն մեջ հատուկ շինված տապաններու ճակատին քանդակված են հայոց հնագույն շրջանի հատուկ քանդակներ։

Այս դամբարանին մոտիկ կա մի հին եկեղեցու մնացորդ, որուն փլատակների բեկորները ցույց են տալիս, որ 5-րդ դարում կանգնված մի եկեղեցի է եղած։

Այս շրջանի ձորերուն մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով և ոմանք քարե դռներով։

9. ԱՄԲԵՐԴ

Այրարատի Արագածոտն գավառի մեջ Բյուրականի մոտ, Արագած լեռան լանջերի վրա, երկու խոր ձորերից առաջ եկած եռանկյունաձև մի ընդարձակ դաշտային լեզվակի վրա է Ամբերդ կամ Անբերդ անվանված ամրոցը։ Բացի այս տեղը ամրոց լինելուց՝ նաև քաղաքի տպավորություն է թողնում։ Դիրքը չափազանց անառիկ է՝ խոր ձորերով շրջապատված լինելուն համար, և տեղ տեղ երևում են պարսպի հետքեր շուրջը, բացի հյուսիսային կողմից, որ ամբողջովին պարսպապատ է։ Հյուսիս-արևմտյան ծայրին պարիսպների շարքին վրա կա մի բրգաշար բերդանման ամրոց, որ նաև ցեղապետական դղյակ է, ներքին սենյակների և այլ նպատակների