Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնագույն պարիսպների և բնակարանների մնացորդներ ընդհանրապես որձաքարերով շինված, թեև այժմ հազիվ երևում են և մասնագետ խուզարկուին միայն ուշադրություն են գրավում։ Իսկ քրիստոնեական շրջանում, գլխավորաբար Բագրատունիների սեփականություն և մայրաքաղաք դառնալուց հետո մնացորդներ և ավերակներ շատ կան կիսականգուն։ Բայց նախքան Բագրատունիները Բուտ Առավեղյան իշխանը 7-րդ դարուն շինել է այնտեղ մի եկեղեցի, որուն այժմ ս․ Թեոդորոս անուն են տալիս, իսկ ս․ Թեոդորոսի գտնված բարձր տեղին հյուսիսային կողմը, որ ձորանման խորը եղած է, այդ խորության մեջ կա հին քաղաքատեղի որձաքարերով տներ շինված և գեղարվեստական մի եկեղեցվո ավերակ։ Այս ավերակի դիմաց գետի աջ կողմին կա ս․ Շուշան անունով մի եկեղեցի։ Կիսավեր մի շենք, որը անշուշտ ի հնումն կամուրջով կապված էր գետի ձախ ափին հետ, ուր կգտնվին քաղաքը, բերդը և ուրիշ զանազան եկեղեցիներ։ Գետեզերքին մոտ քաղաքի հյուսիսային կողմը կան զուգահեռաբար շարված երեք բլուրներ, որոնց ամենաբարձրը շրջապատված էր պարիսպով, որոնց մնացորդները միայն կան, իսկ ծայրին՝ այժմյան ս․ Գևորգ եկեղեցին, որ հաճախ նորոգված է և ուխտատեղի է ժողովրդական։

Բարձր բլուրները, որ երեք հատ են և ամենաբարձրը շրջապատված է պարիսպով և երկնցած են հյուսիսից հարավ, հյուսիսային ծայրին կա ս. Գևորգի եկեղեցին։ Մյուս բլուրները աստիճանաբար փոքր և ցածր են, թեև վրաները երևում են շինությանց հիմերի մնացորդներ, սակայն պարիսպի հետքեր չկան։

25. ԲԱԳՆԱՅՐ

Անիից 6-7 կիլոմետր դեպի արևմուտք, Ալաճա լեռան ստորոտին վրա կգտնվեր Բագնայրը (Ղոզլիճա)։ Գյուղի մեջ կան 4 եկեղեցիներ՝ մեծ և փոքր, ամենամեծը շինել է Պահլավունի Սմբատ Մագիստրոս (11-րդ դարուն), ունի ընդարձակ գավիթ, այս զավթին մեջ կան ճարտարապետական և շինարարական ուշագրավ մասեր։ Մեծ եկեղեցիի հարավային կողմը կան երկու փոքր եկեղեցիներ, և այս եկեղեցիների արևմտյան կողմը նույնպես սյունազարդ կամարակապ գավիթ՝ հարավից, բացօթյա։

Գյուղի հյուսիս արևմտյան ծայրում կա մի ութանկյունի փոքր մատուռ։ Գյուղից դեպի հարավ-արևելք