Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Քարի մը վրա կկարդանք «Այս է տապան Տէր Ղազարի որդի Ղուկաս․․․․․․․․

Փոքր դեղնագույն քար է, անճաշակ կերպով տաշված երեխայի մը գերեզմանին տպավորությունը կթողու։ Հյուսիսային ճակատին նկարներ, հարավային ճակատին արձանագրություն, վրան գավազան։

Սև որձաքար խաչ, տակավին կանգուն հարավային կողմը գերեզմանատան վերջավորության մոտ։ Կա և մի ուրիշը այս խաչեն դեպի հյուսիս արևելք գրեթե նույն բարձրության և վրան քանդակված խաչ, բայց առանց արձանագրության։

Հաճախ կրկնված են թամքած ձիու նմանությամբ քանդակված քարեր, սակայն խիստ կոշտ և անճաշակ։

Բացի զանազան ձևի տաշված քարերե, ինչպես оրորոցաձև սրագագաթ, տափակ և այլն, կան երկու օրինակ ևս նախնական կերպով տաշված տաճարի մանրանկարը։

Դարձյալ Տեկորի տաճարի մասին:

Կողմնակի սենյակներեն հարավային սենյակին կտուրը գնացած միացած է տաճարի մասին և այդ միացման տեղը չնայելով տանիքի ծածկին և անոր կամարին ետևը բոլորովին սրբատաշ քարով շարված է, ինչպես որ պիտի ըլլար առանց հավելվածի և ատկից ցած ալ կգտնվին ստորին տանիքները. ասկեց կերևի որ հետնագույն կպցված է հավելված սենյակը։

Գմբեթի կազմության մեջ չորս կամարներու ճակատները միշտ ուղիղ են, մինչև որ անկյուններու կտրվածքներով աստիճանաբար կորանալով հասեր են այնպիսի չափի մը, որ այլևս չորս կողմի լայնությունները հավասարվել են. այնուհետև սկսեր է արդեն ամեն կողմի կոր ձևով շարվել քարերը, և հետզհետե առաջանալով կազմվել գմբեթ․ միայն պարզ է, որ երբ ամբողջական բոլորակի հասեր է, այն ատեն դրեր են կանոնավոր կաղապար և հյուսեր են քարերը։ Թեև ինձի մի քիչ կասկած ներշնչած է պատուհաններեն առնվազն մեկ մետր վերեն, ուր արդեն բոլորովին բոլորակ է և կարծեմ արտաքին քիվեն ալ բարձր, շինված ըլլա հետնագույն ժամանակ մը, որովհետև թե քարերուն շարվածքը տարբեր է և թե տեսակը չի համապատասխաներ ներքևնին։ Այստեղ նշանակելի է հին կամարին տեղը նորը շինելու ժամանակ մի փչացած քարի տաշածքը հետինը մեջն անցկացնելու համար։

Հին պատուհաններն ամենն ալ շինված են առանց դրսանց նեղ և ներսանց լայնանալու, այլ ճիշտ այնպես է ներսեն ալ, ինչ չափով որ է դրսեն։ Հետնագույն կարկատաններն են, որ դրսանց նեղցած, իսկ ներսեն լայն են թողված։

Ավանդատան ներքևի հարկի բարձրությունն է հատակեն մինչև կամարին կատարը 5,75։ Վերջին չափածո ֆրոնտոնին ճակատը, որուն կցված է արտաքուստ աբսիդը, արևելյան ուղիղ պատերեն ներս կմնա 1,57 սմ։

Բերդի հարավային և արևելյան կողմը ձորի լանջին վրա կան քարայրներ։ Նմանապես Տեկորի արևելյան կողմը կան հին ավերակներ, ուր կան մեկ երկու եկեղեցիներու հիմեր, քիչ հեռու, դեպի հարավ բավական մեծկակ քարայր մը կա։

ԵՂՎԱՐԴ[1]
Հունիսի 30

Այսօր առավոտյան եկա ավերակ կաթողիկեն չափելու և լուսանկարելու։

Այս հոյակապ կաթողիկեն պեղեր է Խաչիկ վարդապետ Դատյանը …. թվականին, այս պեղումով նա կատարել է հոյակապ գործ, սակայն մնացեր է թաքուն մինչև 1913 թվականը, երբ այցելեցինք պր․ Ստրիժիգովսկիի հետ։ Իր ութ սյունանի ներքին կազմությունը բոլորովին հեռացնում է զինքը հնագույն ճանչված, այլ սակայն միայն 7-րդ դարու գործ եղող եկեղեցիներեն, որոնք միայն չորս սյուն ունին թեև բազիլիկ ձևով։

  1. Եղվարդի մեծ կաթողիկեն ըստ Խ. ծ. վ․-ի շինած է Մովսես կաթողիկոս ժամանակակից Կյուրոնը, տեսնել Հով․ կաթ. մեջ։