անգամ լուսասփյուռ ունին, իսկ Դարբանդի մարդու քանդակը թեև անասունի կամ գազանի գլուխ ունի, սակայն լուսասփյուռ չունի։ Ես կկարծեմ, որ Թալինի գերեզմանատան խոզի գլխով մարդիկ, թերևս կներկայացնեն Տրդատի ավանդական խոզությունը։ Քարերեն մեկուն վրա քանդակված խոզագլուխը բացի գլխի լուսասփյուռեն, ձեռքը բռնած է նաև խաչագլուխ գավազան։
Դարբանդեն հետո այցելեցի մոտակա Հոռոմ գյուղը, ուր գիտեի արդեն, թե կան մի ընդարձակ տարածության վրա հսկա որձաքար պատերով շինված ոչ միայն բերդերու և պարիսպներու մնացորդներ, այլ և անթիվ բնակությանց հիմեր, ինչպես կան մոտակա Ղափըլի գյուղի մեջ ու շրջակայքը։ Թեև Արագածը շատ հարուստ է այս ձևի մնացորդներով, սակայն կկարծեմ որ Հոռոմի նման այդքան պատերու և պարիսպներու հոծ բազմություն ոչ մեկ տեղ չկա։ Մոտավորապես երեք քառ. վերստի վրա տարածված են խիտ կերպով այս պատերը, որոնց մեջ նույնիսկ որոշ են ճանապարհներ. ամենայն հավանականությամբ սա եղած է հնագույն շրջանի մի քաղաք։
Քանի մը լեռնացած բլուրներ գրաված Է այս քաղաքատեղին, որոնց մեկուն վրա շատ որոշ է մի միջնաբերդ, որուն այժմ գյուղացիք Ղալաիչի անունն են տալիս՝ հավանորեն Ղալա-իչի տեղ։ Լուսանկարեցի