Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վահրամի կանգնած կաթողիկեն թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ գրեթե անվնաս մնացած է, բացի հարավ արևելյան անկյունի ճեղքվածքից, որ առաջացել է պսակի մոտից։ Շինված է կարմրագույն քարերով գեղեցիկ և սրբատաշ, հարավային պատի վրա ունի շինության մեծ արձանագրություն. ըստ այդ արձանագրության հիմնարկված է 986 թվականին և վերջացած է 1029 թվականին, մոտավորապես 43 տարվան մեջ։ Ինչպես կերևի, շինությունը պարբերաբար ընդհատված է եղեր, որ այդքան ուշ վերջացել է, եթե ոչ այդքան երկար տևելու չափ մեծ չէ շենքը (նկար 243)։

Վահրամաշեն կաթողիկեի հյուսիսային կողմը գրեթե մեկ և կես մետր հեռավորության վրա կանգնված է եղեր մի ուրիշ գողտրիկ շենք ավելի հնագույն, քան Վահրամաշեն կաթողիկեն, որուն արևմտյան մասը և գմբեթը ամբողջովին փլած է (նկար 244)։ Սակայն իր գեղեցիկ ոճով և շինարարական ճարտարությամբ և մաքրությամբ գրեթե պակաս չէ քան Վահրամաշեն կաթողիկեն։

Վահրամաշեն կաթողիկեի հարավային կողմը 10−15 քայլի վրա, շինված է մի ուրիշ փոքր մատուռ, որը դատելով իր դռան և գմբեթի ոճից, պետք է որ շինված լինի 11-րդ դարու մեջ, նույնպես խնամոտ շինարարությամբ և գեղեցիկ սրբատաշ քարերով (նկար 245)։ Սույն փոքրիկ շենքը ստորին մասի արտաքին երեսի քարերը քանդված են եղել մի ժամանակ, բայց ալեքսանդրապոլցիք նորոգեր են մասամբ։

Վահրամաշեն կաթողիկեն արդեն վաղուց չափագրած էի, այս անգամ չափագրեցի և հատակագծերի փոքր մատուռը, որ վերածել եմ ժամանակավոր թանգարանի, թեև այնտեղ եղած գեղարվեստական բեկորների համար շատ փոքր է։ Հարմար կլիներ Վահրամաշեն մեծ կաթողիկեն վերածել թանգարանի, ուր այժմ ծիսական արարողություններ չեն կատարվում և վերին աստիճան անխնամ թողված է։ Իմ այցելության ժամանակ գյուղխորհրդի նախագահը բացակա էր, օգնականին խնդրեցի պահպանել թե՛ շենքերը և թե՛ նրանց շուրջ թափված պատմական արժեք ունեցող բեկորները։

Շատ երկար կլինի Մարմաշենի շրջանում եղած բոլոր հնությունները հիշատակել, միայն պիտի բավականանամ հիշատակելով մի շատ կարևոր մնացորդ, որ ըստ ամենայնի ուշադրության արժանի է։ Սկսած Բագրատունի շրջանից, թերևս ավելի հին ժամանակներից, Ախուրյան գետի վրա գոյություն ունեցեր են բազմաթիվ կամուրջներ, որոնք մեծավ մասամբ երկհարկանի են եղած ինչպես Անիի, Չրփըլուի, Ղեղաճի կամուրջները, նույն ձևով կա մի կամուրջի ավերակ ևս Մարմաշենի Վահրամաշեն կաթողիկեից դեպի հարավ (Վայրի Ղանլիճա գյուղի մոտ), այս կամուրջը ևս եղել է երկհարկանի, ինչպես կերևի ավերակի լուսանկարին մեջ. կամուրջի աջ ոտքը միայն մնացել է մասամբ, իսկ ձախ ոտքը հեղեղները սրբել են միանգամայն։

Այս կամուրջը հիշատակված է Վահրամաշեն կաթողիկեի հյուսիսային կողմի մեծ արձանագրության մեջ, եկեղեցիի նորոգության վերաբերյալ։ Այս արձանագրութենեն կհետևի, որ այս կամուրջը վաղուց գոյություն ուներ և թերևս Բագրատունիների օրով շինված էր, այժմ իսկ իր ավերակ վիճակին մեջ երևում է թե որչափ մեծ և հոյակապ է եղած այս կամուրջը։

Վահրամաշեն կաթողիկեն և անմիջապե մերձակա