դեպի հարավ առաջանալով կգտնինք մի հարթավոյր, որուն արևմտյան կողմը դարձյալ քաղաքամաս է՝ քիչ առաջ գրածս հնագույն մեծ ամրոցի ստարոտին շուրջը փռված, իսկ արևելյան մասին վրա բավական ընդարձակ տարածությամբ մի գերեզմանատուն է՝ կրոմլեխներով խտացած։ Այս կրոմլեխներից է, որ պ․ Բագրատ Խալաթյանը բացել է երեսուն հատի չափ, ըստ հոռոմցիներու վկայության, բավական շատ առարկաներ հանել է, սակայն ո՞ւր կամ ո՞ր թանգարանը տարել է հանածները, ինձ հայտնի չէ։ Այս ընդարձակ գերեզմանատունը երկարավուն ձև ունի։ Խալաթյանի փորած տեղերեն քիչ ՛էլ առաջանալով դեպի հարավ կհասնինք քաղաքի ամենաբարձր տեղին, այս բարձրությունից այլևս կսկսի ցած իջնել ճանապարհը երկու կողմին խտացած կրոմլեխներով և կհասնի այն ճանապարհին, որ կտանի դեպի Սոնգուբլի, որուն մասին գրեցի հոդվածիս սկիզբը։ Պետք է նկատել, որ այս զառիվայրին կամ լանջին վրա եղող կրոմլեխները, որոշ չափով տարբեր են քաղաքին անմիջապես կից եղող կրոմլեխներից, այս գերեզմանների շուրջը սովորական ձևով բոլորակ անտաշ քարեր շարվելեն հետո, մեջտեղը հող լեցվելով, ուռուցիկ կերպով բարձրացած են և այդ բարձրության վրա՝ շրջապատի քարերից համեմատաբար փոքր քարեր լեցնելով ծածկած են ներքևը լեցված հողը։
Հոռոմի նախնադարյան ավերակ քաղաքը թերևս միակն է, որ իր մեջ հնագույն քաղաքակրթության ամեն մի նմուշ պահած լինելե զատ, քաղաքատեղը տակավին այնպիսի վիճակի մեջ է, որուն հատակագիծը կարելի է հանել աննշան վրիպումներով։ Այսօր էլ դեռ պարզ են լայն ու նեղ փողոցները, հրապարակները, մեծ և փոքր շենքերը, մանավանդ հասարակաց բնակությանց հատուկ տների բաժանումները՝ իրենց մի քանի հարամասունքներով։ Թեև ես պաշտոնապես պատվիրեցի այլևս դադարեցնել ավերումները և խրատել ժողովրդին, որ այլևս զգուշանան վնասել պատմական և գիտական մեծ արժեք ներկայացնող ավերակներին, սակայն իմ պատվերը այնքան էլ մեծ ազդեցություն ունենալուն մասին վստահ չեմ։ Իմ կարծիքով վերին իշխանությունն է, որ վճռական միջոցների պետք է դիմե և միանգամայն արգելե այնտեղ պեղումներ կատարել, քարեր տանելը և վար ու ցանք անելը։ Գյուղացիներեն ոմանք ամենայն սառնասրտությամբ պատմում էին, թե իրենց գութանը ինչեր է դուրս բերում այդ ավերակի մեջ, բայց դժբախտաբար տասնյակ տարիներե ի վեր գյուղացու գութանի միջոցով հայտնագործված իրեղեններ միանգամայն կորել են և պատմագիտությունը ոչնչով չէ օգտվել այդ թանկագին գյուտերից։
Արմուտլու գյուղի ծայրին նշմարեցի գյուղացիների ձեռքով շինված մատուռանման մի շինություն, որուն գյուղացիք Թուխ-Մանուկ անունն են տալիս, այս շրջափակը իբրև մատուռ շինել են այժմյան գյուղացիք՝ օգտվելով այն տեղերը գտնված քրիստոնեական հին հուշարձանների բեկորներից։
Հավաքել են մեջը 10-11-րդ դարերու հատուկ քանդակազարդ քարեր, խոյակներ, պսակների բեկորներ, նույնպես նույն դարաշրջանների հատուկ խաչքարերի բեկորներ, նաև կա մի մեծ պատվանդան հավանորեն 7-րդ դարու, որուն վրա կանգնված է եղել քառակուսի մի կոթող։ Այս ամենը հարմար նյութեր են եղել քահանաների համար, միամիտ հավատացյալ ժողովրդին շահագործելու։ Այս երևույթը միշտ պատահում է խուզարկու շրջիկին գրեթե բոլոր հայ գյուղերում, և զարմանալի կերպով ամեն տեղ միևնույն Թուխ Մանուկ անունով։ Գյուղի մեջ ինձ շահագրգռող ուրիշ ոչինչ չգտա, ինչքան որ հարցաքննեցի գյուղացիներին հնագիտական մնացորդների մասին, երբեք դրական պատասխան չստացա։ Ճանապարհս շարունակելու սլահուն նկատեցի գյուղին գրեթե կից մի բարձր բլուրի վրա ձեռագործ պատերու մնացորդներ։ Այս բլուրի գագաթին վրա եղել է նախնադարյան մի մեծ ամրոց, որուն շրջապարիսպի հիմերը միայն երևում են այժմ։ Ինչպես ամեն տեղ, նույնպես էլ այստեղ բազմաթիվ տարիներ շրջակա գյուղացիք օգտվել են այս ամրոցի պարիսպի քարերից, և հիմա մնացել են միայն հիմնաքարերը և ամրոցին շրջապատը որոշող սահմանը։ Ճանապարհս շարունակեցի դեպի Մահմուտճուք գյուղ, ուր եղել եմ արդեն մի քանի անգամ, հնություններով հարուստ այս գյուղը։
Արագածի շուրջը ընդարձակ շրջաններ կան, որոնք ամբողջովին հնագիտական թանգարաններ են. ամեն մի քայլափոխի կգտնվին նախաքրիստոնեական հին ժամանակներից սկսած մինչև քրիստոնեական 14-15-րդ դարաշրջանների հոյակապ և ուշագրավ հուշարձաններ։ Այսպես է Մահմուտճուք գյուղը յուր հեռավոր և մոտավոր շրջաններով։ Սկսած Արխվալիից, Հառիճից և Արթիկից մինչև Ադիաման, Մաստարա և Մազարճուք գյուղերը եղած հնագիտական մնացորդների հետազոտությունն ու ուսումնասիրությունը ստվար հատորներ կարող են լեցնել։ Այս ընդարձակ շրջանին գրեթե կենտրոնին մոտ կգտնվի այժմյան Մահմուտճուք գյուղը, ուր գյուղի անմիջական շրջակայքում կարելի է առանց մանրակրկիտ հետազոտության տեսնել նախնադարյան ժամանակներից սկսած մինչև քրիստոնեության 12-13-րդ դարերի հուշարձաններ՝ կանգուն, կիսավեր և ավերակ վիճակի մեջ, որոնց գոնե կանգուն եղածները ճարտարապետական և գեղարվեստական տեսակետով հիացում կպատճառեն։ Իսկ ավերվածները և անթիվ գերեզմանները թե՛ քրիստոնեական և թե՛ նախաքրիստոնեական շրջանների, ցույց կտան, թե այս տեղերը ո՛չ միայն անթիվ բազմություն է եղած, այլև շինարարական մեծագործություններ են կատարված։
Գյուղի մեջ չափավոր մեծությամբ կա մի 7-րդ դարու գողտրիկ եկեղեցի, որը հետզհետե ավերվելու վրա է։ Այս եկեղեցին 7-րդ դարու եկեղեցիներեն ամենեն ավելի համաչափ և ներդաշնակ կազմություն ունի․ կտուրին վրա գմբեթի երկու կողմերում ունի սենյականման հատկապես շինված խորշեր՝ կամարակապ, որոնք