Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց երեքին վրա, քանդակները կներկայացնեն խոզագլուխ մարդիկ, իսկ մյուս մասերուն վրա, կրոնական պատկերներ և զարդաքանդակներ։ Երկու հատ գեղաքանդակ խաչքարի կտորներ և երեք հատ վրաները արձանագրված տապանաքարեր։

Տապանաքարերից մեկը, որ բերել եմ մեծ եկեղեցին հյուսիսային կողմը՝ կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կյուլեկ Թեփե անվանված սարի ետևը գտնվող ձորի մեջեն, ունի ՅԻԴ (875 թ.) հայկական թվականը և կվերաբերի մի նահատակի։ Երկրորդ տապանաքարը, որ նույն տեղից է բերված, թվական չունի և մասամբ եղծված է, արձանագրությունը պատկանում է ոմն Դանիել որդւոյ Կարբեցի։ Երրորդը, որ ամենայն հավանականությամբ, նախքան 10-րդ դարու մի տապանաքար է և կեսը կոտրած ու կորած, տաշված և վրայի կիսաբոլորակ մասի վրա տրված է հետևյալ արձանագրության մասը։ + Յիշես ՏՐ Ա Նաթանալա Չարու ՏԻ


Բանվորների հանգստյան ժամերից օգուտ քաղելով, գնացի գյուղի մեջ (հայրը) Մեսրոպ և (որդին) Հմայակ Մելիքյաններուն տունը, տեսնելու համար այն կարասը՝ որուն մասին, տեղեկություն էին տվել նախօրոք կոմիտեին։ Կարասին մեջ լեցուցեր էին կտավատ և տան մի անկյունում զետեղել. քննելով տեսա, որ մի ճեղքվածք ունի վերևից դեպի ներքև։ Նայելով ձևին և չափին, նաև կավի բաղադրության, հազիվ թե լինի 17—18-րդ դարերու մի գործ։ Կարասը գտնվել է պարտեզում բանջարանոցը փորելիս. բարձրությունը, մոտավորապես 80 սմ․ է այժմ եթե կոմիտեն հարմար կտեսնե թանգարան փոխադրել, պաշտոնապես պետք է գրել Կոմիտեի ներկայացուցչին և Մելիքյանները պատրաստ են Կոմիտեի կարգադրության հնազանդելու։

Մինչև երեկոյան արևի մտնելը, բանվորները հազիվ կարողացան բոլոր քարերը փոխադրել ներս, որովհետև քարերի մի քանի հատը շատ խոշոր էին, և միանգամայն զգուշություն կպահանջեին վրայի քանդակները չվնասվելու համար։ Միայն մի հատ քար, որ կոթողի պատվանդան է եղած, մնաց դուրսը դռան մոտ, որովհետև հետնագույնս, չոր քարով կոպիտ կերպով իբրև նախագավիթ շինված մասին դռնեն ներս մտցնել անհնար եղավ, նաև քանդվելու վտանգ է սպառնում։

Դեռ 1913 թվականին, այս թանգարանի վերածված եկեղեցիի հատակագիծը և լուսանկարները հաներ եմ, որոնք այժմ Կոմիտեի սեփականություն են նաև այժմ՝ եկեղեցվո մեջ զետեղված բոլոր քարերի լուսանկարները, ուստի այս անգամ ավելորդ էի համարել կրկին լուսանկտրել, բայց որովհետև հնագիտական դիտողություններս ու հուշագրերս կորած էին և նոր մանրամասն հուշագրեր կազմելու հնարավորություն չունեի, ժամանակիս կարճության պատճառով՝ բավականացա միայն պատերի վրա քարտաշ վարպետների քարերի վրա գրած նշանները հավաքելով, որ հետևյալներն են. A այս նշանը փորագրված է բոլոր կամարաքարերի և արտաքին նիշի կողմնակի տափակ որմասյանց խոյակների վրա: Այս ոճով և կամ ավելի ճիշտը՝ այս նշանների շատ նման նշաններ կան Ագիամանի, Բյուրականի մոտ ձորի միջի ավերակ եկեղեցիի, Հաճի Ղարայի ավերակ եկեղեցվո պատերու քարերուն վրա. այս պարագան ինձ ենթադրել կուտա, որ այս բոլոր եկեղեցիները միաժամանակ շինված են և մասնավորապես կան վարպետներ անոնց մեջ, որ այս բոլոր շենքերի մեջ՝ իրենց աշխատանքի բաժինն ունեցած են և իրենց նշանները ամեն տեղ միօրինակ դրած են։

Անմխիթար է մեծ կաթողիկեի դրությունը, հետզհետե քանդվելու վրա է. կան մասեր որ ճակատագրապես դատապարտված են քանդվելու, այդ մասերն ապահովելու ոչ մի հնար չկա, իսկ այն մասերը, որոնք կարող են քանդումից ազատվել, նրանց վրա էլ մեծամեծ ծախքեր են հարկավոր, որ այժմ հնարավոր չէ։ Միայն թե կարևոր է, ըստ իս, մեջը բոլորովին մաքրել թափված բեկորներից և ուրիշ ապականություններից և այս տեղն էլ վերածել մի առժամանակ թանգարանի, անոր մեջ տեղավորելով այդ շրջանում աստանդական ցրված գեղարվեստական քանդակներ և շինությանց գեղաքանդակ մասեր։

Առայժմ քանի Թալինում թանգարան կազմելու սկիզբն է, և բարեբախտաբար Ներսեհ Կամսարականի շինած եկեղեցին գրեթե անվնաս մնացել է, որն այժմ վերածվեց թանգարանի, ուստի անհրաժեշտ են մի քանի կարևոր աշխատանքներ այս շենքի շուրջը՝ եթե Կոմիտեն կհամաձայնի։

Նախ և առաջ, փութով պետք է ծածկել գմբեթի թմբուկին վերևի մասի ծածկը, որ առաջ եկել է կոնաձև մասի քանդվել են։ Այդ ծածկը թեև մի ժամանակ փայտով և հոգով ծածկված է եղել, այնուամենայնիվ 1920 թվականին Թալինում ժամանակավորապես բնակություն հաստատող զինվորները քանդել են և վառել են ծածկի փայտերը։ Նմանապես շուտով արևմտյան կողմը ֆրոնտոնի ներքև բացված մի ծակը, որ առաջ է եկել Ներսեհ Կամսարականի արձանագրության միջին քարի վար ընկնելեն։ Ուստի կամ պետք է փնտրել և գտնել այդ արձանագրության ընկած մասը և տեղը, դնել, և կամ մի ուրիշ քարով փակել և կրաշաղախով ամրացնել։ Եթե այդ մասը բաց մնա, անպայման ձմեռվան ձյունն ու անձրևները կթափվին ներս։ Եթե այս երկու կարևոր մասերու նորոգությունով շենքը ապահովվի, կարելի է հաստատապես վստահ լինել, որ այս շենքը շատ երկար ժամանակ անվնաս կմնա բնության ամեն մի պատահարների հանդեպ։

Կմնա մի ուրիշ անտեղություն, որ առաջ եկել է գյուղացիների ձեռքով և շատ հեշտությամբ կարելի է այդ անտեղությունը չեզոքացնել։ Մի ժամանակ, երբ այս եկեղեցին իբրև եկեղեցի կամ ուխտատեղի գործածական է եղել, հարավային դռան առջև շինել են նախագավթի նման մի բան բոլորովին չոր և կոշտ ու կոպիտ քարերով, որուն լայնությունն է առանց պատերի հաստության 2,45, իսկ երկարությունը՝ նույնպես առանց պատերի հաստության՝ 4,00 մետր։ Այս կտորը միանգամայն անտեղի կերպով շինված է, մանավանդ որ վրայի ծածկն ևս փլված է և փայտերը վառել են,