Այս պատճառներուն մեկ օրինակը մեծ մասամբ գոյություն ունի մինչև այսօր Գարնաքի[1] մեջ։
Ոլիմպիայի մեջ քանի մը տաճարներ բոլորովին բոլորակ ձևով շինվեցան, որոնց նախատիպը աեսնվեցավ պելասգյանը մեջ: Այս տաճարներեն մեկը Տելոսի մեջ, որ Ֆիլիրիում անունը կկրեր, կբաղկանար ա. սրբարանե մը և բ. քահանայից սյունազարդ սրահե մը։ (Տես նկ․ № 1 , հատակագիծ Ը)։ Այս բոլորակ ձևը ամենեն ավելի հաճելի եղավ հռովմեացոց, որոնք ոչ միայն անօրինակ վայելչությամբ ճոխացուցին տաճարներու վրա և տվին մեզի ճարտարապետական մի հրաշալիք՝ Պանթեոնը, այլ և ընդհանրացուցին և պատշաճեցուցին հասարակաց ու անհատական շինություններու վրա ալ։
Ավելորդ է առանձնապես զբաղվիլ հռովմեական տաճարներու հատակագծերով, որոնք հունական տաճարներն բնավ տարբերություն չունեցան։ Հռովմեացիք ինչպես իրենց աստվածները, նույնպես ալ տաճարներու ձևերը առին Հունաստանեն, և որովհետև հռովմեացիք հունաց նման զուտ կրոնական ժողովուրդ չեղան, ասոր համար ալ հռովմեացվոց շրջանը եղավ գիտությունների և գեղարվեստի կատարյալ զարգացման շրջան։
Այս ժողովուրդն ինչպես կրոնը, նույնպես ալ արվեստը հույներեն փոխ առավ. միայն տարբերությունն այս եղավ, որ հռովմեացիք ավելի շատ հասարակական շինություններ տվին և ունեցան գեղարվեստի անկման ու զարգացման շրջաններ։ Այդ զարգացման շրջանի արդյունքն է Պանթեոնը։
Երկու խոսք ալ զոհարաններու մասին։
Ինչպես կերևի, բացի եբրայական տաճարներն, ուրիշ ազգաց մեջ զոհարանները որոշ տեղ չունեցան։ Հունական և հռովմեական շատ մը տաճարներու մեջ զոհարանի հետքեր չերեվցան։ Զոհարանը տաճարին անհրաժեշտ մասը չէր կազմեր, և անոր պատշաճ տեղը որոշելը կղերին բացարձակ կամքեն կախված էր. երբեմն տաճարին կից էին, երբեմն հեռու։ Պոմպեի ավերակներուն մեջ, տաճարի մը պատին վրա երեվցավ նկարված զոհի սեղան մը՝ տաճարեն շատ հեռու հրապարակի մը վրա, շուրջը խռնված ամբոխը, իսկ քահանաները կեցած էին տաճարին դռան առջև սյունազարդ սրահի ծածկույթին տակ։
Նույնպես ավելորդ է զբաղիլ ասորական, քաղդեական և փյունիկյան տաճարներու ձևերով, որոնք նույնն են գրեթե եգիպտական և հունական տաճարներու հետ աննշան տարբերություններով։ Բացառություն են քաղդեական աստղագիտական դիտարանները, որոնք երկհարկանի և երբեմն ալ բազմահարկ էին և միևնույն ատեն թե՛ դիտարաններ և թե՛ մեհյաններ էին։
Պարսկական կրակապաշտական մեհյաններն ալ քառակուսի ձևով սրահներ էին, որոնց կենտրոնը կդրվեր սրբազան հուրի սեղանը (աթաղկիյա) և շուրջանակի կերկրպագեր ժողովուրդը։
Նախքան քրիստոնեական եկեղեցիները, կարևոր է հետազոտել եբրայական տաճարները, որոնք համեմատաբար ավելի մեծ ներգործություն ունեցան քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևին վրա ս. գրոց մեջ ավանդված ծեսերու և պաշտամունքներու միջոցով:
Եբրայական[2] կրոնի հիմնադիրը, Մովսես, հրեա ընտանիքի զավակ, ծնած է Եգիպտոսի մեջ և ստացած զուտ եգիպտական կրթության։ Պողոս առաքյալ գովելով անոր բարձր կրթությունը մասամբ կբացատրե անոր նոր կրոնը քարոզելու պատճառները։
Հրեաները, Մովսեսի ծնունդեն շատ առաջ, մեծ գաղթականություն մը կազմած էին Եգիպտոսի մեջ բայց անոնք, հակառակ Եգիպտոսի բարգավաճ վիճակին, քաղաքական կյանքի մեջ միանգամայն իրավազուրկ և իրենց սեմական ցեղի զարգացման ցածր մակարդակի պատճառով ստորին ծառայություններով միայն կպարապեին։ Գլխավոր արհեստնին էր առհասարակ աղյուսաշինություձը։ Չնայելով իրենց ստորին դրության, եգիպտական կառավարության առջև ալ, իբրև անհանգիստ ժողովուրդ կասկածելի դարձած էին, նաև զզվելի՝ իրենց մեջ մեծ չափով տարածված բորոտության ախտին պատճառով։ Ուստի քշված հանկույս Նեղոսի՝ ենթարկված էին թե՛ հսկողության և թե՛ խիստ ճնշումներու։
Այս հալածանքներն ու ճնշումները կամաց կամաց ապստամբության մոտեցող խլրտումներու ծնունդ տվին։ Եգիպտական կրոնին հակառակ, միաստվածության կամ Էհովվայի աստվածության նոր վարդապետություն մը երևան եկավ, որուն քարոզիչն էր Մովսես։
Եբրայեցոց խլրտումներուն ուժ կուտային նույն ժամանակ ստորին Եգիպտոսի մեկ մասին տիրապետող հեքսոսները, որոնք նույնպես սեմական ցեղին կպատկանեին, որոնք երկար ժամանակե ի վեր կազմած մի մեծ գաղթականություն՝ կերազեին օր մը տիրանալ ամբողջ Եգիպտոսին։
Եգիպտական կառավարությունը երկրին խաղաղության լուրջ վտանգ սպառնացող այս շարժումը միանգամայն արմատախիլ ընելու համար, ամենակարճ և կտրուկ միջոցի դիմեց, որոշելով զանոնք բոլորովին երկրին սահմաններեն դուրս արտաքսել։ Բայց այս արտաքսումը շատ դյուրավ չհաջողեցավ, երկար տարիներ տևեց անոր իրագործվելը. վերջապես Եգիպտոսի թագավորներեն մեկը, որ ըստ Մովսեսի և Պողոսի չէր ճանչնար Հովսեփը, այդ ծանր գործը գլուխ հանեց, ոչ միայն նորաղանդ հրեաներն իրենց պարագլուխ Մովսեսով միասին վերջնականապես երկրին սահմաններեն դուրս քշեց այլ և հեքսոսներն ալ։
Այս համայնական արտաքսումը հրեաներու ծայրահեղ թշվառության պատճառ դարձավ, որուն անմիջական հետևանքն եղավ լուրջ երկպառակություններ և սպառնալից գանգատներ Մովսեսի դեմ։ Բացի գաղթականության պատճառած ֆիզիկական և տնտեսական