Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախաքրիստոնեական շրջանի մեջ ալ գոյություն ունեին Հռոմի և իր շրջակայից մեջ, կկարծվի թե հանքերու համար փորվածքներ էին, ուրկեց հալածված քրիստոնյաներ օգտվել գիտցան թե՛ ժողովներու և աղոթքներու համար և թե՛ ննջեցելոց թաղման համար որպես դամբարան։ Քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևի այս նախագծին մեջ եթե մի որոշ հատկություն կա, որ բուն իսկ քրիստոնեից ձեռքով հավելվածներ են, այն ալ այրին խորը բոլորակ ձևով առանձին փորված փոքր սենյակներն են, որոնք հատկացված էին մասնավորապես մարտիրոսներու մարմինները ամփոփելու, ուր քահանան՝ աղոթքի ժողովեն հետո, կմտներ այնտեղ և առանձին հոգեհանգիստի սաղմոսը կկարդար հանգուցելույն վրա։

Արևելյան քրիստոնեից համար այս մասին կարծիքներ կտարբերեին, առհասարակ սկսյալ Կեսարիայի շրջանեն, Փոքր Ասիայի հարավային կողմերը, Ասորիք, Հայաստան, Պարսկաստան տարածվող քրիստոնեից վրա համեմատաբար հալածանքը քիչ ըլլալուն համար, անոնք ունեցան քիչ թե շատ բաց օդին մեջ կանգնված եկեղեցիներ, սակայն այդ շինություններն այնքան խեղճ ու հասարակ էին, որ ոչ մեկը չհասավ գոնե պատմության ծանոթ շրջանին, մեկ մասը ինքնին փլավ կարճ ժամանակի մեջ և ոչնչացավ, մնացյալներն ալ քրիստոնեության պետական կրոն հռչակվելեն հետո, վար առնվեցան և անոնց տեղին վրա նորեր շինվեցան. այս շրջանին մեջ է, որ կհիշատակվի եկեղեցի մը, որ իբր անհաստատության պատճառով հեղեղեն քշվեցավ: Երրորդ դարուն վերջերը, երբ քրիստոնյայք բյուզանդական կայսրության թագը խաչին առջև խոնարհեցնելու չափ ուժ ու ազդեցություն ձեռք բերած և թվական գերակշռություն ունեցած էին, այլևս կասկած չէր մնար որ թե բավականին ազատ շունչ քաշելով քրիստոնյաներ տաճարներ շինած էին և թե անոր ձևերուն վրա որոշ կանոններ և օրենքներ հաստատած էին։ Այս դարուն մեջ ըստ ծիսական պահանջման եկեղեցիի մեջ, սեղանը իր տեղը ուներ, քահանայք և դպիրք իրենց տեղը և երկսեռ հավատացյալք իրենց հատուկ բաժինը, միայն այս բաժանումներուն մասին զանազան տեղերուն վրա տարբեր համոզումներ և հակառակ ուղղություններ կային։ Առայժմ գլխավորաբար երկու կերպ բաժանում հայտնի է, որ իրարու դեմ մրցեր են մինչև 7-րդ դար։ Առաջինը այն է, որ սրահին խորը կգտնվեր պատարագի սեղանը, անոր առջև քահանայից դասը, որուն անմիջապես կհաջորդեր ժողովրդին բաժինը և երևի ավելի ընդհանրացած և ընդունված ձևն այս էր, որ երբ Կոստանդիանոս քրիստոնեությունն ընդունեց, իր շինած բոլոր եկեղեցիներով, հատակագծերն այս ձևին պատշաճեցուց։ Երկրորդ ձևն այն էր, որ փոխանակ սեղանը խորը դրվելու կզետեղվեր կեդրոնին վրա, սեղանին շուրջը կկենային քահանայք և դպիրք և մնացյալ տարածությունը կգրավեր ժողովուրդը։ Այս տիպի եկեղեցիներ առ հասարակ բոլորակ կամ անկյունավոր բոլորշի ձև ունեցած են։

Անշուշտ այս զանազանությունները առաջ կուգային այլ և այլ տեղերու մեջ դավանաբանական վարդապետություներու և ս. գրոց տարբեր մեկնություններու պատճառավ։ Միլիոններու հասնող ժողովրդյան մը վրա միահեծան իշխելու տենչեն բռնված քարոզիչներ, եպիսկոպոսներ այնքան չափազանցության տարին քրիստոնեական վարդապետության պատրվակին տակ իրենց կուսակցական վեճերը, որ քայքայման վտանգ կսպառնար քրիստոնեության ամբողջական կազմին։

Թերևս քաղաքագիտական հեռատեսությամբ Կոստանդիանոս ևս քրիստոնեից հոգվույն վրա տիրապետելու տենչեն բռնված, նախքան իր դավանափոխ ըլլալը մեծամեծ պաշտպանություն և ապահովություն ցույց տվավ քրիստոնեից, իսկ իր քրիստոնեություն ընդունելեն հետո ալ, անմիջապես ձեռնարկեց իր հովանավորության տակ տիեզերական ժողով գումարելու, որպեսզի վերջ տա անախորժ երկպառակությանց և տարբեր տարբեր հատվածներ ի մի ձուլելով, անոնց վրա թե հոգևոր և թե մարմնավոր գերիշխանություն ձեռք բերե։

Քրիստոնեությունը ընդունելով, Կոստանդիանոս, ոչ միայն իր նոր հիմնարկած մայրաքաղաքը կշենցներ ու կհարստացներ, որը հին Հռովմը պիտի գերազանցեր, այլև արևմտյան կայսրության և համայն Եվրոպային սպառնացող բարբարոսաց աւրշավանքներուն դեմ կապահովեր ամբողջ երկիրը։ Երեք դար անընդհատ հավատո պաշտպանության անունով աներևակայելի հաստատամտությամբ և քաջությամբ հռովմեական ահեղ կայսրության ներքին ուժերը ջլատելու չափ կռվող քրիստոնյա հասարակությունը, երբ տեսավ իրեն գլուխ կանգնած քրիստոնյա թագակիրներ, ոչ միայն ավելի եռանդով և ոգևորությամբ պաշտպանեց երկիրը արտաքին հարձակումներու դեմ և ապահովեց կայսրության գոյությունը մինչև տասը դար ևս, այլև նյութական առասպելական հարստությամբ ողողեց թե՛ եկեղեցին և թե՛ կայսերաց պալատներն ու գանձարանները։

Ինչ որ ալ ըլլա Կոստանդիանոսի դավանափոխության նպատակը, վերջապես վերջնականապես դադար առավ քրիստոնեության դեմ եղած հալածանքը և փոխադարձ բուռն թափով անդրադարձավ հեթանոսներու դեմ։

Այս ժամանակը ոչ այնքան քրիստոնեական բարեկարգության, այլև գեղարվեստի վերածնության դար ալ եղավ։ Արվեստ և գիտություն նոր կրոնին հետ ձեռք ձեռքի տված հանկարծական փայլով մը զարգացուցին երկիրը, նոր կյանքի և նոր գործունեության շրջան մը սկսվեցավ. անթիվ եկեղեցիներ հիմնարկվեցան թե՛ մայրաքաղաքի և թե՛ կայսրության բոլոր նահանգներու մեջ. կսվի թե, Կոստանդիանոսի օրով ավելի քան 800 ճարտարապետներ զբաղված էին երկրին ամեն կողմը եկեղեցիներ, մատուռներ և վանքեր շինելով։ Պատմական ավանդություն կա, որ Կոստանդիանոսեն մինչև Հուստինիանոս 190 տարվան մեջ 18000 եկեղեցիներ հիմնարկեցին միայն Արևելյան կայսրության մեջ։

Քրիստոնեության պաշտոնապես ազատության սկզբնական շրջանին մեջ երբ բավարար թվով եկեղեցիներ չկային և անմիջական պահանջ կար մեծ քանակությամբ եկեղեցիներու, և նոր եկեղեցիներ կառուցելը երկար ժամանակի կարոտ էր, այդ անխուսափելի պահանջին շուտով բավարարություն տալու համար, Կոստանդիանոսի հրամանով քրիսաոնեից տրամադրության տակ դրվեցան բոլոր հեթանոսական տաճարներն ու քաղաքային շինություններեն մեծ մասը․ գլխավորաբար բազիլիք ըսված շինությունները, որոնք անխտիր