Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս տապանների վրա ոչ միայն կափարիչներ չկան, այլև դարե ի դար այնքան մաշվեր են, որ շատերուն հազիվ հազ ձևը մնացեր է:

Վերին աստիճան հետաքրքրական էր, ըստ իս, գիտնալ թե այս ձևի տապանները ի՞նչ ձևով կծածկվին: Շատ պարզ է, որ աղքատ ու անկարող դասակարգի համար բավական պիտի լիներ տապանին հարմար չափով քարե պարզ կափարիչ մը, սակայն ազնվական դասակարգը անշուշտ չէր բավականանար այդ չափով և պիտի շինեին որոշ չափով գեղեցիկ շիրիմներ ալ: Սակայն դժբախտաբար ոչինչ հետք չեմ գտած մինչև այսօր, թերևս ապագային հաջողվի ճշտել այդ քարե տապաններու ամբողջական ձևը:

Մի ուրիշ երևույթ ևս, որուն մասին թե՛ պատմական վկայություններ կան և թե՛ իրական օրինակներ կուգան մեզ համոզելու, որ քրիստոնեական նախնական դարերուն անպայման վերացած կլիներ քարյա տապաններու գործածությունը, որովհետև բացի պատմական վկայություններե թե կավե տապանի կամ կարասի մեջ դրած կթաղեին, այլև զանազան տեղեր գտնված են ժողովրդյան ձեռքով մեջը մարդու կմախքներով կարասներ և մոտը գտնված իրեղենները քրիստոնեական դարերու լինելը կապացուցանեն: Ինչպես շատ գտնվեր է Անիի մեջ, որուն մոտեն գտնվեր են բյուզանդական պղնձե դրամներ:


Տապաններեն հետո անցնինք շիրմիներու: Ես կկարծեմ որ շիրիմ ըսելով պետք չէ հասկնալ հողին տակը եղած մասը, այլ հողեն վեր, տապանին վրա իբրև հիշատակարան շինված մասը, որն ամեն ազգի մեջ զանազան ձևերով արտահայտված են: Տապան մը կարող էր առանց շիրիմի լինել, բայց առանց տապանի շիրիմ պետք չէր որ լինի:Կարող է այդ շիրիմը շատ պարզ ձևով լինի, և կարող է խիստ շատ փարթամ ու հոյակապ գործ լինի:[1]





  1. Ձեռագիրն այստեղ ընդհատվում է: Կազմող