Էջ:Artcakh history.pdf/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

16-րդ դարի սկզբներից մինչև 17-րդ դարի 30-ական թվականնե­րի վերջը, Հայաստանը այս անգամ ռազմական թատերաբեմ էր դարձել Առաջավոր Ասիայում քաղաքական առաջնության ձգտող Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև։

1502թ. շահ Իսմայիլը, պարտության մատնելով աղ-կոյունլուներին և գրավելով մայրաքաղաք Թավրիզը, հիմք դրեց կըզըլբաշների Սեֆյան պետությանը։ Շահ Իսմայիլը պետական կրոն հայտարարելով շիիզմը, իսլամի մյուս տարատեսակի՝ սուննիզմի հետևորդնե­րի դեմ անհաշտ պայքար սկսեց։ Սուննիզմը հովանավորող Թուրքիան, ընդունելով այս մարտահրավերը, ռազմական թատերաբեմ դարձրին երկու տերությունների միջև գտնվող հայոց երկիրը։

Մինչև 1507թ. շահ Իսմայիլը նվաճում է Հայաստանի մի զգալի մասը, Արևմտյան Քրդստանը, Բաղդադն ու արաբական Իրաքը։ 1512թ. սուլթան Սելիմ Ահեղը հարձակման անցնելով, նախաձեռնու­թյունը վերցրեց իր ձեռքը։ Կարճ ժամանակաընթացքում թուրքերը զավթեցին Հայաստանի հարավ-արևմտյան մի շարք նահանգներ ու գավառներ, այդ թվում Երզնկայի ու Կամախի շրջանները, Բարձր Հայքի ու Տուրուբերանի մի քանի գավառներ, Ծոփքն ու Մշո դաշտը։ Այդպիսով, Օսմանյան թուրքերը պատմության մեջ առաջին անգամ տիրացան հայկական հողերին։ Հաջորդ տարիներին պատ­երազմը շարունակվում է փոփոխակի հաջողություններով։

Պարբերաբար կրկնվող արշավանքները, կոտորածն ու գերեվարությունը և սրանց հաջորդող սովն ու մահտարաժամը ամայացնում էին Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, ոչնչացնում արտադրողական