Էջ:Artcakh history.pdf/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

թշնամուց աննկատ հասնում է Մոխրաթաղ գյուղը։ Կուսապատում հոր տանը գտնվող ալյուրի պաշարները հանձնելով ռուս զինվորներին, նրանց բարեհաջող հասցնում է ռուսական հիմնական ուժերին։ Այս քաջագործությունների համար Ցիցիանովը Վանի Աթաբեկյանին նվիրեց իր արծաթե ժամացույցը389։

Հետագայում Վանի Աթաբեկյանը 60 հայ կամավորների գլուխ անցած կռվում է ռուս-պարսկական ճակատի ամենաթեժ կետերում։ Արցախի հայությունը, նրա մելիքական ուժերը, երկիրը ազատագ­րելու նպատակով կռվում էին ոչ միայն հայրենի եզերքներում, այլև ուր անհրաժեշտ լիներ, ուր որ ռուսական հրամանատարությունը հարմար գտներ։

Երևանի 1804թ. պաշարման ժամանակ ռուսական զորքերին մեծ օգնություն ցույց տվեց Գյուլիստանի Մելիք-Աբովի որդի՝ Ռոստոմ բեկի գլխավորած հայկական հեծյալ ջոկատը։

Ռոստոմ բեկը անձնազոհության հրաշալի օրինակներ ցույց տվեց Բոլնիսում, Փամբակի ու Ապարանի մարտերում։ Անհավասար մարտերում ընկան Ռոստոմ բեկի ջոկատի մարտիկներից շատերը, իսկ ինքը՝ հրամանատարը, վիրավոր վիճակում գերվեց և շղթայակապ ուղարկվեց Թավրիզի բանտը, որտեղ և դաժան խոշատանգումներից հետո սպանվեց390։

Ծերունի Մելիք Աբովը որդու հերոսական նահատակությունից հետո, գլխավորեց հայկական ջոկատը և արիության բազում օրի­նակներ ցույց տվեց։

1806թ. Ղարաբաղում պարսկական զորքերի դեմ մղվող մարտերում աչքի ընկավ Մելիք-Ջումշուդ Շահնազարյանի հեծյալ ջոկատը։ Ֆելդմարշալ Գուդուվիչը, բարձր գնահատելով հայորդու ցու­ցաբերած ծառայություններն ու հմտությունը, գլխավոր շտաբ էր ներկայացրել՝ Մելիք-Ջումշուդ Շահնազարյանին փոխգնդապետի աստիճան շնորհելու համար։ 1806 թվականից մինչև 1809 թվականը ռուս-պարսկական ճակատում հանգստություն էր տիրում։ Խրախուսվելով Անգլիայի և Ֆրանսիայի կողմից, 1809թ. Պարսկաստանը նոր ռազմական գործողություններ սկսեց։ Թուրքիայի և Պարսկաստանի դեմ երկու ճակատով կռվելուց խուսափելու նպատակով 1810թ. փետրվարին՝ Թավրիզում և ապրիլին՝ Ասկերանում Ռուսաստանը