Էջ:Artcakh history.pdf/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

1826-1828ԹԹ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ՇՈՒ­ՇՈՒ ՊԱՇՏՊՆՈՒԹՅՈՒՆԸ։ Գյուլիստանի հաշտության պայ­մանագրից հետո Պարսկաստանը չէր հաշտվում Այսրկովկասում տարածքային կորուստների հետ։ Անգլիայի դրդմամբ Պարսկաս­տանը փորձում էր ետ ստանալ կորցրածը, իսկ Ռուսաստանն էլ, ոչ միայն նպատակ չուներ հողային զիջումներ կատարել, այլև գրավել Հայաստանը և ավելի ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում։

1826թ. հուլիսի 16-ին Աբաս-Միրզան, առանց պատերազմ հայ­տարարելու, 60 հազարանոց բանակով ներխուժում է Ղարաբաղ։

Պարսիկների հարձակման ժամանակ Ղարաբաղում գտնվում էր ընդամենը 6 վաշտ՝ գնդապետ Ա.Ռեուտի գլխավորությամբ, որը տեղաբաշխված էր Չանախչի (Ավետարանոց) գյուղում։ Փոքրաթիվ այս զորամասին օգնելու նպատակով Գորիսում գտնվող փոխգնդապետ Նազիմկայի հրամանատարության տակ եղած մոտովորապես 1000 հոգուց բաղկացած զորամասը հրաման է ստանում՝ միանալ գնդապետ Ռեուտի 42-րդ եգերական գնդին։ Չնայած հայ ուղեկ­ցողների հորդորներին՝ հասնել Ղարաբաղ աննկատելի կածաննե­րով, փոխգնդապետ Նազիմկան, հրանոթները նույնպես տանելու մտադրությամբ, գնաց հիմնական վտանգավոր ճանապարհով։

Հագարու գետի մոտ, թաթար խռովարարները՝ Հաջի Աղալար Բեկի գլխավորությամբ, պարսկական միացյալ ուժերի հետ միասին շրջապատում են ռուսական ջոկատը, մի մասին կոտորում, մնացածներին գերում։

Ռեուտի զորամասն առանց հապաղելու ամրանում է Շուշիի անմատչելի բերդում։ Պարսկական բանակը, Ավետարանոցը գրավելուց հետո, հուլիսի 26-ին պաշարեց Շուշիի բերդը։ Աբաս Միրզան հաջորդ օրը առաջարկում է Ռեուտին՝ բերդը հանձնել, խոստանալով