Էջ:Artcakh history.pdf/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապում էին գետնի մեջ տնկված չորս ցիցերի։ Այսպիսով կաշկանդ­վածին չէին խոցոտում և չէին սպանում, այլ նախ ողջ-ողջ քերթում էին նրա կաշին որոշված ձևով։ Առաջ կտրում էին աջ թևի բթամատը և նրա հետ մի շերտ կաշի, որ քերթում էին կրծքի վրայով մինչև ձախ ձեռքի ճկույթը, որ նույնպես կտրվում էր։ Այսպես էին վարվում զոհի ոտների հետ էլ։ Հետո նրան սպանում էին, իսկ կաշին «կազմելով» դնում էին սապատի մեջ։ …Մարդասպանությունը հաճախ կատար­վում էր ավելի մեծ չափերով։ Քրմապետը հավաքված հավատացյալներին հրամայում էր բաժանվել երեք դասի և յուրաքանչյուր դասին -բռնել երեքական մարդ՝ մեր նկարագրած կերպով սպանելու համար»158։

Վաչագան Բարեպաշտը իսպառ ջնջեց մատնահատների, խեղ­դողների, թունավորող-կուրացնողների աղանդները։

Քրմերի երեխաներին քրիստոնեական ոգի ներարկելու համար բացում է դպրոցներ, որտեղ դասավանդում էր նաև անձամբ ինքը՝ թագավորը։

Վաչագան Բարեպաշտի կառավարման ընթացքում երկիրը տնտեսական վերընթաց էր ապրում։ Ծաղկում էին արհեստները։ Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի (Վարընկաթաղ, Լյուլասազ, Կամարի) գյուղում եղել է գործատուն, որտեղ ընտիր կապույտ կտոր էին պատրաստում Վաչագանի արքունիքի համար։ Այս գոր­ծատունը և բնակավայրը կոչվել են կապտարար, այսինքն կապույտ կտոր արարողներ, կապույտ գործողներ159։

Բարգավաճող երկրին անհրաժեշտ էր նաև շքեղաշուք մի մայ­րաքաղաք։ Այդ նպատակով Վաչագան Բարեպաշտը մի ոստան է կառուցել Տրտու գետի ափին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ։ Մատենագիտական աղբյուրներում այդ բնակավայրը հիշատակվում է Գյուտական և Դյութական ձևերով160։

Վաչագան արքայի անվան հետ է կապված նաև Մարտակերտի շրջանի Դաստակերտ գյուղը։ Վաչագան թագավորը մի դուստր է ունեցել, որի մասին Մովսես Կաղանկատվացին գրում է. «Թագավո­րը Խնչիկ անունով մի փոքրիկ դուստր ուներ, որին չափազանց սի­րում էր նա և որի անունով կառուցել էր մի դաստակերտ»161։

Հայոց Արևելից կողմանց քաղաքական ու տնտեսական կյանքը