Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կինը հարցրեց մի ուրիշի տուն։ Սաքանը մատով ցույց տվավ.

– Հրեն է՜էն մեծ տանձու մոտ։

Եվ երբ կինը կոշիկների ծայրով հրմշտկեց ձիու կողերին, Սաքանը տեսավ կնոջ բարակ գուլպաների վերի մասը, մի մատ լայնքի ժապավեն՝ գուլպայի վրա, ժապավենից վերև էլ վարդագույն միսը, որ կարծես նույն ժապավենն էր, մի քիչ բաց կարմիր։

Սաքանը վերադարձավ, նստեց տեղը, կտուրի քարին։ Հարցրին նրան, թե կինն ո՞ւմ էր ուզում։

– Կնանոնց ժողովի համար ա եկել,–պատասխանեց Սաքանը։

Ալևորը շարունակեց Մթնաձորի պատմությունը պատմել այնքան դանդաղ, ասես ոչ միայն դժվար էր վերհիշում հինը, այլև հնարում էր, զարդարում հազար ու մի անակնկալ և միջանկյալ դեպքերով։

– Ես վազում եմ, ինքը իմ հետևից, կանգնում եմ, նա էլ է կանգնում։ Եվ ի՞նչ չարք ա, ի՞նչ հնարք ա... կռացա, որ քար վեր ունեմ...

– Սաքա՜ն, Սաքա՜ն,– ձայն տվավ մայրը կտուրից,– եկ է՜, կովը ծնում ա...

Սաքանը տեղից վեր թռավ, մահակն առավ և կտուրից կտուր անցնելով գնաց։

– Չթողաս, որ հորթին կոխ տա, հեյվանը խամ ա,– կանչեց ծերը հեռացող Սաքանի հետևից և ապա սկսեց պատմել, թե ինչ արեց «չարքը», երբ ինքը կռացավ մի քար վեր առավ։

Իրենց կտուրին երբ հասավ, գոմի երդից Սաքանի ականջովն ընկավ կովի բառաչը։

– Սաքան, մի բան չպատահի,– ասաց մայրը, որ կովի ամեն մի բառաչը լսելիս բռունցքով կրծքին էր խփում և ասում․

– Ջա՜ն, Մարալ...

– Էսօր օրը չի,–ասաց Սաքանը և գոմի դուռը բացեց։ Դռան ճռոցի վրա կովը ետ նայեց, իրիկնամուտի լույսն ընկավ դեմքին, և եթե Սաքանը կովի աչքերին նայեր, աչքերում առաջին երկունքի դժվարին ցավը կտեսներ։ Բայց Սաքանը մոտեցավ, ձեռքը կովի փորին դրեց, կախ ընկած պտուկներին նայեց, կաթով լի կրծին։

– Խոտ բեր, նանի,– և մինչև մայրը խոտ կբերեր գոմի քարերին փռելու, Սաքանը թևերը վեր քաշեց, էլի շոշափեց կովի կախ ընկած փորը։

Մարալի ցավերը ավելի շատացան։ Կովը հաճախ տեղը փոխում էր, ետ ու առաջ անում, գլուխն ախոռի տախտակներին դեմ տալիս, փնչոցով հոտոտում գոմի քարերը, իսկ երբ արգանդում հորթուկը ավելի էր շարժվում, Մարալը խրտնում էր ինքն իրենից, պոչով փորին խփում, կարծես