Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Կարմիր բանակ լսե՞լ ես։

− Կարմիր բանակ շուր է, քցեր են դրոշակի վրա։

− Ազնո, աստված կա՞։

− Հաբա։ Աստված կանաչ ճնճղուկ է։

− Հապա երկի՞նքը։

− Երկինքը զինջիլով կապուկ է եզան կոտոշին։

− Ազնո, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու։

− Կեղնիմ օրիորդ։

Ազնո, Ազնիվ...

Բոց էր բարձրանում խոր թոնրից, գվվում էր օդը սնդուի խողովակների մեջ և թվում էր, թե գվվում էր գետինը բոցերի ուժից, մխի սև քուլաներից, որ հրեղեն սյունի հետ գալարվելով՝ ձգվում էր մինչև լեռնային երկնքի սառն աստղերը։

Իմ վաղեմի ծանոթը կրակի մոտ պատմում էր ջրի և ջրբաժանության, քարոտ հողերի և հանդերի մասին։

− Ինչ եղեր է չեղեր է, գացեր է։ Եղանք գոմշու կոտոշ, կպանք զիրար։ Սև թոն եկավ, արուն առու ելավ։ Մըր փողպատ ազատինք Մոտկանա երկրեն, մըր Տալվորիկի հուղերեն։ Ախ ու փախ, գիշեր ցերեկ չփլախ, սոված, ռութ։ Լենինի լույս մեզ ազատություն տվեց։ Մենակ մըր սահման նեղ է, շնորհիվ սահմանի նեղության, ժողովուրդ կնեղվի։ Մըր հողերի սահման զըռ քար է։ Ժոьովուրդի նեղություն քարից է։ Մըր հոգին լե կառավարության, մըր ջան լե...

Նա հույս ուներ, որ Ձյանբերդի քար ու քարափ կանաչով կպատեն, լեռան գագաթին, սառույցների տակ կկառուցեն ջրամբարներ և լեռնային լճակներ, և այլևս գիշերները ձորերով անպտուղ չեն հոսի սառույցների ջրերը։

Նա պատմում էր, որ գյուղի երկու թայֆաները՝ «բարակ» և «հաստ» թայֆան հետզհետե հաշտվում են, առաջանում է նոր սերունդ, որն իրեն չի համարում ո՛չ Մոտկանա երկրից և ո՛չ Տալվորիկից, այլ Ձյանբերդից։ Եվ որ ինքը և իրեն հասակակից մարդիկ դեռ հիշում են իրենց ձորերը և գուրանը, որտեղ խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծը, այնպես, որ կովերը հորթ էին բերում խոտերի միջին, և կովի հետքով գտնում էին հորթին՝ խոտերի մեջ նստած։

− Երեկ ամպ էր, էսօր՝ պարզ արև...

Իմ ծանոթը պատմեց այնպիսի բաներ լեռների մարդկանց մասին, որ այժմ էլ, երբ թերթում եմ իմ տետրը, սիրտս լցվում է կսկիծով և դառնությամբ։ Նրա սերունդը տեսել է և՛ հուր, և՛ պատերազմ, և՛ ջարդ,