Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անպատեհ քրքիջը։ Սակայն այդ ամենը ոչինչ են այն խոսակցությունների աղմուկի մեջ, որով հեղեղվում է փողոցը։ Ահա Մատժողկոմատի գործակատարը հանդիպեց Պտուղբանջարկենտրոնի գործավարին․ մի բարև և նրանք ընդհարվում են գրության սխալ նոմերի, առգիրը չլինելու, «մեր պատասխանը» ուշացնելու և էլ ով գիտե ինչպիսի՛ առիթով։ Մի ուրիշ տեղ բռնվել են իրար Վասիլ Պետրովիչը և Կոյուղու վարչության ծախսարարը։ Վասիլ Պետրովիչը սպառնում է Բողոքների բյուրոյով և ավելի բարձր ինստանցով, եթե Կոյուղու վարչությունը չմուծի տախտակների արժեքը։ Իսկ ծախսարարը կրկնում է․ «Վարկը բաց անեն, իսկո՛ւյն, իսկո՛ւյն, Վասիլ Պետրովիչ, հե՛նց նույն օրը․․․»։ Ահա Պետարխիվի աշխատակիցը պատմում է գիշերվա երազը, պատմում է և միաժամանակ ընկերոջ թևից քաշ տալով մոտենում՝ կարդալու թարմ մահազդը։ Մենք կարող ենք այս օրինակները բազմացնել, որպեսզի չկարծեն, թե այդ ժամին Աստաֆյան փողոցով անցնում են միայն սեթևեթ մեքենագրուհիներ և կամ թե մանր հաշվետարներ, ո՛չ, այդ բազմության մեջ կան պետական բարձր խելքեր, գլուխներ, որոնք ընդունակ են կառավարելու մի ամբողջ նահանգ, ոչ թե միայն մի դրամարկղ։ Կարող էինք բազմացնել գործի մարդկանց թիվը, բայց մինչդեռ մենք խոսքով էինք, նրանք արդեն անցան իրենց գործին։

Անցավ և մարդկային այս ալիքը, եղավ ժամը տասը։ Աստաֆյանը նորից ամայացավ։ Արդեն արևը բավական ճանապարհ է կտրել և գնում է դեպի այն սառն ամպը, որ մոլորվել է վերևի կապույտում։ Ծառերը ստվեր են գցում մայթերի վրա, և մայթերի ստվերով ծանրաքայլ անցնում են կոլեգիայի անդամները, որոնք վաղ առավոտյան իրենց բնակարաններում ընթացք են տվել մեծամեծ գործերի։ Արագ վազում են ցրիչները՝ դեպի հիմնարկները, փոստը, բանկերը,− տանելով հեռագրեր, ծրարներ և բազմաբովանդակ գրություններ։ Բայց ահա գալիս է այն ժամը, երբ կոլեգիայի անդամը լսել է երկու բաժնի զեկուցում, երբ կենսաթոշակ ստացողը նստել է «հառաչանքի ծառուղու» նստարանի վրա, երբ դպրոցում աշակերտները կորցնում են ուշադրությունը և խծբծում են նստարանների վրա,– մի խոսքով այն ժամը, երբ փողոցի մաքուր հայելին շողշողում է և լրագրային կիոսկի ստվերում քուն է մտել մշակը,− այն ժամը, երբ քաղաքի ամենաչքնաղ կանայք, ընդամենը ութ-ինը հոգի, իրենց մանուկների հետ, և եթե չունեն՝ մենակ, դուրս են եկել արևին ցույց տալու իրենց զգեստները, իրենց երեսները, քայլվածքը և իրենց։

Այդ ժամին Աստաֆյանը դառնում է լեռնային լիճ։ Եվ լողում են այդ լճի վրա նրբիրան կանայք, այնպես, որ նույնիսկ արևը խանդով