Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիգրանուհու մասին տեղեկությունները հուլիսին կցկտուր են։ Երևում է, որ ամբողջ ամսվա ընթացքում աղջիկն աշխատել է եղբոր պարտքի դիմաց։ «Տիգրանուհին քաղհան էր անում հարևանի բոստանը պարտքի դիմաց»։ «Առա եղան մի հատ։ Տիգրանուհին լոբի էր քաղում պարտքի կողմից։ Առա ծամոն վերքի համար։ Փոր եմ արել, հետո գնացի ցախ բերելու։ Ծաղիկը ցամաքեց անհայտ պատճառից»։

Հուլիսի վերջին նա գրել է. «Տիգրանուհին գնաց վերին արտը խուրձի, պարտքի դիմաց։ Եվս տվի 3 մանեթ»։ Թե ի՞նչ խուրձ է վերին արտում և ի՞նչ աշխատանք է արել Տիգրանուհին այդ արտում,− պարզ չի երևում։ Նույն օրը Վասիլը գրել է. «Վարսենիկը հիվանդ է. Տիգրանուհին եկավ ոտքին վերք։ Առա ծամոն վերքի համար»։

Վարսենիկի հիվանդությունը վերջացել է հաջորդ օրվա լուսաբացին։ Վասիլը գրել է. «Ծնվեց ինձ ևս մի աղջիկ»։ Եվ ուրիշ ոչինչ։ Այդ ամբողջ շաբաթը նա մի նախադասություն է նշանակել. «Պարտքից մնաց քառասուն»։

Աղջիկն ըստ երևույթին մի շաբաթից ավել չի ապրել։ «Գիշերս մահացավ նորածինը, առանց անուն դնելու»,− գրել է Վասիլը։ Հին երազահանը նույն երեսի վրա, Վասիլի գրածից մի քիչ ներքև ասում է. «Երազն բարի է և կատարվի ավուրն», իսկ Վասիլը դիմացը նշանակել է․ «Առա կաղին երեխաների համար 16 կոպեկ, ևս նավթ, գրվանքում մի կոպեկ պակաս, գումարով 30 կոպեկ»։

Տիգրանուհու մասին հետագայում եղած հիշումները միշտ էլ «պարտքի դիմաց» են կամ «պարտքի կողմանից»։ Նա բուրդ է լվանում, կալ է կալսում, լոբի է քաղում բոստանում։ Ինչ-ինչ նկատառումով Վասիլը կարևոր է համարել օգոստոսի 21-ին նշանակել, որ այդ օրը Տիգրանուհին չի աշխատել, «ոտքը մտել է փուշ»։

Օգոստոսը Վասիլի տարեգրության մեջ նշանավոր է դրամական հաշիվներով։ Համարյա ամեն երեսի գրել է փոքրիկ հաշիվներ օրվա ծախսը. «Հնձվորին մի օր ներքի արտում մի մանեթ 60 կոպեկ», «Մանուչարից առա գերանդի, պարտք մնացի 60 կոպեկ», «Ջրվորներին մի փութ ցորեն»։

Վասիլի մատյանում Տիգրանուհու չուստերի մասին մի անգամ էլ հիշատակված է օգոստոսի վերջին։ Թեև Վասիլը օրագիրը շարունակել է մինչև տարվա վերջը, սակայն շատ քիչ են հիշատակումներ Տիգրանուհու և նրա չուստերի մասին։

Վերջապես Վասիլը գնում է մի զույգ չուստ, սակայն Տիգրանուհու անունով գնած չուստերը դառնում են Վարսենիկի սեփականությունը,