Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, աղմկելով ներս էին մտել։ Մելքումովների մեծ եղբայրը ամբոխից ահաբեկված, մի բառ անգամ չէր կարողացել ասել։ Նրան կիսամեռ ներս էր տարել նրա եղբայրը։ Նրանց կանայք և երեխաները վայնասուն էին բարձրացրել, իսկ ամբոխից գոռացել էին.

− Հորերը բաց արեք... Մերոնք սովից կոտորվում են...

− Ես հոր չունեմ,− պատշգամբից բղավել էր Մելքումովի փոքր եղբայրը,− եթե այս երիտասարդները չգիտեն, դուք հո գիտեք,− և նա մի քանիսին մատով ցույց էր տվել, նրանց անուններն ասել էր և այսպիսով երկպառակել էր բազմությունը։ Նրանք, որոնց նա անուններով կանչել էր, ներքևից բղավել էին, որ այդ գործում խառը չեն և եկել են հաց խնդրելու իբրև բարեկամներ։ Այդ խոսքից գազազել էին մյուսները և զինվորներից մեկը Կուտուռուզ Սաքոյի երեսին թքել էր։

− Թող հորերը բաց անեն, թող բաց անեն,− ներսից ասել էր մեծ եղբայրը, իսկ ամբոխն ինքնագլուխ հարձակվել էր հորերի վրա, որոնցից երկուսի բերանին Մելքումովները խոտ էին դարսել։

Սակայն չորրորդ հորն էին բացել և չորսի մեջ էլ մի հատիկ չկար։ Մի հորը լիքն էր բրդի պարկերով, այն երկու հորը, որի վրա խոտ էին դիզել, բերնեբերան լցված էր պղնձե կաթսաներով, փարչերով, կժերով և ուրիշ պղինձներով։ Իսկ չորրորդ հորը՝ ամենից մեծը՝ դատարկ էր և երբ մեկը կռացավ հորի վրա և բղավեց «հաց չկա՜, չկա՜»,− հորն արձագանքեց՝ «կա՜, կա՜․․․»։

Դատարկ հորից սիրտ առնելով նրանք, որոնք հայտնել էին, թե իբրև բարեկամ են եկել,− սկսեցին հանդիմանել նախաձեռնողներին։ Կուտուռուզ Սաքոն բղավում էր այնքան բարձր, ասես կամենում էր, որ Մելքումովների տնից լսեն նրա խոսքը.

− Չկա՛, չկա՛... Այ մարդիկ, բա դուք հա՞յ չեք։ Ուրեմն սրանք մեզ թշնամի են, որ հաց ունենան և թողնեն, որ մենք սովից կոտորվենք...

Ասում են, որ այն զինվորը հենց այդ խոսքից հետո է թքել Կուտուռուզ Սաքոյի երեսին։

Հորերի դատարկ լինելը շատերին հուսահատեցրեց։ Մի մասն իսկույն ցրվեց տները, անիծելով այն ժամը, երբ խառնվեց տաք գլուխ երիտասարդներին։ Բակում մնացին զինվորների խումբը և գյուղացիներից նրանք, որոնց պարագլուխը Կուտուռուզ Սաքոն էր։ Զինվորները պահանջում էին ցույց տալ իսկական հորերը, նույնիսկ մեկն սպառնաց տունը հրդեհել, իսկ Մելքումովների փոքր եղբայրը միայն կրկնում էր, որ այլ ուրիշ հոր չկա, որ իրենք էլ քաղաքից են հաց բերել։ Ավելի համոզելու համար նա պատշգամբից զինվորների կողմը նետեց բանալիների կապը և բղավեց.