Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են, կուրծդ էլ են կտրում,− թեկուզ խոսելուց խզզացնում էր, շունչը երբեմն կտրվում էր, բայց ուշք չէր դարձնում։− Աստծու ճանապարհից դուրս ես գալի, սատանի ճանապարհը մտնում...

Ծերունու վերջին խոսքը դարբնի ցույց տված ճանապարհին էր վերաբերում։ «Մեկի փորը ծխով լցրու, տես ոնց են խելքի գալիս»,− հայտարարել էր դարբինը։

− Դե մի առակ ասեմ, լսի,− չիբուխի կրակը թեժացնելով ասաց Ավան ամին։− Տես վերջում ինչ եմ ասելու... Հա՜, հորթարածի առաջից հորթն ագին ցցում է, կետ անում։ Էս նաչարը շատ է չարչարվում, վերջը մի կերպ բռնում է։ Հիմի բռնել է, էնպե՜ս է լաց լինում։ Մի ղարիբ մարդ ճանապարհով անց կենալիս տեսնում է հորթարածին. ա՜յ տղա, ասում է, ագին ձեռիդ է, էլ ինչու ես լաց լինում... Ասում է սրա համար չեմ լաց լինում, հրեն մնացածների ագին էլ է ցից։

Ունկնդիրներից մի քանիսը ծիծաղեցին, բայց Ավան ամին շարունակեց.

− Հիմա մեր գյուղի բանը։ Մի երեխու սիլլա տալով աշխարհ չի քանդվի։ Ես էդ օրը չեմ լաց լինում։ Հրեն Քառասնաջուրը մեր ձեռքից խլելու է... Էն որ մավթուլներ է բերել, բա ինչի համար է։ Վերի լավ հողերն իրանը, առուտուրն իրանը, օրենքի մարդն իրանը... Բա մենք էլ ժողովուրդ ենք չէ՞... Գեղովի խելք–խելքի տանք, մին էլ տեսար ըհը, լույսը բացվեց... Թե չէ ես էլ գիտեմ, որ օձի ագին կտրելով, օձն էլի կենդան է մնում։

− Ավան, ասում է՝ անողը պրծավ, ասողն ընկավ կրակը... Էդ խոսքն էլ մի ասի։ Գյուղացին ե՞րբ է մի բան շինել, որ հիմա շինի... Քանի մարդ թակած կլինեն հեր ու տղա, ի՞նչ արինք: Է՜հ, էլի լուծը կմաշի, մեր վիզը չի մաշի։ Նրանք էլ Կարմրաքարի ցավն են է՜լի... Բա առանց ցավի գյուղը կլինի՜...— և հազը բռնեց։ Խոսակցությունը մի պահ դադարեց։ Ծերոլնին հազում էր, խշշում էր կրծքի վանդակը, կարծես թոքերի փոխարեն ոսկորներով լի չոր պարկեր էին։

− Է՜հ, մեր սիրտը մսից չէ. մենք մղկտալ չգիտենք,− դանդաղ ասաց Ավան ամին, տխուր շեշտով, կարծես ծանր ու դառն խոստովանություն էր ասում։− Ջուրն ինչպես որ եփում է եփում, հովանում, անպետքանում, էնպես էլ մենք։ Մեր միսը կերել, ոսկորն են թողել, էլի համբերում ենք... Մեր ապրուստն էլ ապրուստ է՜... Շան թեփով ենք ապրում։ Մի քանի տարի էլ ապրենք, մի պարկ թեփ էլ ավելի կուտենք...

− Ջուրն արդեն հասել է կամրջին։ Էսօր էգուց կամուրջը տանելու է,− լռության մեջ, իբրև վճիռ, հայտնեց դարբին Վանեսը։ Զրույցն աննկատորեն