Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չարաչար. քանզի անպարտ է հայրենիքն իմ յայսմ ամենայնի և ինքն ևս տառապի ի բարբարոս ձեռաց այնոցիկ, որք իբրև վարձկան հովիվ, միաբանելով գայլերին, հոշոտեն և լլկեն զանմեղ հոտն։ Աղոթիր առ աստված, որ սիրելին քո՝ Խաչիկն անհայրենացյալ մնա ցայն օր մինչև իսպառ չքասցին հաստապարանոցք...»։

Թեթևություն իջավ սրտին։ Տետրը դրեց սնդուկի մեջ։ Երբ ետ եկավ, սեղանի վրա նա տեսավ սուսամբարի մի չոր տերև, որ ընկել էր թղթերի արանքից։ Նա վաղուց չէր տեսել այդ տերևը, որ մի օր ինքն էր դրել «Գիրք Պիտոյից»-ի մեջ իբրև անավարտ ընթերցման նշան։ Ապա տերևը կորել էր թերթերի մեջ։ Նա կռացավ տերևի վրա, ձեռքերը բոլորեց չորացած տերևի շուրջը։ Նա շնչում էր հազիվ զգացվող բույրը նույն ագահությամբ, ինչպես լեռան լանջին կլանում էր սառչող մոխիրի ջերմությունը։

Վեր կացավ։ Հոգնած էր։ Այլևս չէր բուրում տերևը։ Նա ձեռքերը գրպանում՝ սկսեց քայլել։ Նայեց պատից կախված մի նկարի, որի վրա Էջմիածինն էր, զույգ Մասիսները և ուղտերի հեռացող քարավանը։ Նա երկար նայեց այդ նկարին, ապա աչքերը փակեց։ Նրա առաջ պատկերացավ այն, որ իսկականն էր, այն առանձինը և ուրույնը, որ չէր նկատել օտարական նկարիչը։ Այն, որ և՛ սիրելի էր, և՛ դառն։

Ապա ջուր խմեց, մոտեցավ, որ բաց անի պատուհանը։ Հանկարծ նկատեց դպիրի իր սև կապան, որի վրա արդեն փոշի էր նստել։ Նա նայեց զարմանքով, կարծես սենյակ էր մտել մի օտարական, որ նման էր իր հին ծանոթին, որի դեմքն ինչ-որ վաղուցվա բան էր հիշեցնում։ Նա կապան առավ, շուռ ու մուռ տվեց, ինչպես հնավաճառը, որ ուզում է որոշել գինը մի հնացած զգեստի, որ վաղուց է վայր ընկել տիրոջ ուսերից։

Սև կապան նա գցեց պահարանը։ Սենյակը կարծես զվարթացավ։

Ապա հանգցրեց մոմը։

«ԼԻԲԵՐ ԱՐՄԵՆԻԵՐ»
1

Ոչ սուրբ Իոհաննի տաճարը, ոչ գրանիտե դղյակը, որտեղ ըստ ավանդության ապրել է շվեդների Գուստավ Ադոլֆ թագավորը, և ոչ էլ Քարե կամուրջը, որ կապել էին Ստեֆան Բատորիի ժամանակ,– չէին ստեղծել այն հռչակը, որ ուներ Դորպատը մի դար առաջ։ Օստզեեի