Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իսկ ի՞նչ էր պատահել դուրսը։

Արմենիերը պատմեց և ավելացրեց.

− Ինչպե՞ս կարելի է... չէ՞ որ նա էլ մարդ է։ Եվ գիտեմ, որ այն թշվառին երևի ավելի սաստիկ է պատժել, երբ հասել են պոլիցեյհաուզ։ Նա ինքն արդեն սպառնաց:

− Բարի է ձեր սիրտը, իմ բարեկամ, և թող միշտ այդպես մնա,– և մթնում տիկինը սեղմեց նրա ձեռքը, ապա թուլացրեց և զգաց, որ ուղեկիցն այլևս չի թողնում այդ տաք և քնքուշ ձեռքը։

Նրանք այդպես լուռ գնացին՝ ջերմ անրջանքի մեջ և տիկինը միայն մտածում էր, որ չանցնեն իրենց տնակը, որովհետև երբեմն նրան թվում էր... թե ոչ թե քայլում են մութ փողոցով, ուր խավարի մեջ ուրվագծվում էին տները՝ սրածայր կտուրներով, փակ դարբասները և ծառերը, որ դեռ մերկ էին և նոր էին ուռչում բողբոջները,– տիկին Էլոիզին թվում էր, թե քայլում են մի անսահման դաշտով, որտեղ ոչ մարդ կա, ոչ մարդաձայն է լսվում, այլ միայն խշշում են խոտերը և եղեգնուտի մեջ քնել են երկու թռչուն՝ կտուց-կտցի։

Ծանոթ դարբասին շուտ հասան։

Պրոֆեսոր Գերման Աուսլենդերը դռան մոտ գրկեց իր բարեկամին, կարծես նրան վաղուց չէր տեսել և երիտասարդը վերադառնում էր գերությունից: Նա ծալեց գիրքը և ուրախ բացականչեց.

− Էլոիզը մեզ հյուրասիրում է սուրճով... Առանց առարկության:

Մագիստրատի աշտարակից ժամացույցը խփում էր կես գիշերը, երբ նա տուն վերադարձավ։ Չէր հիշում, թե ինչքան էր շրջել դուրսը։ Ինչ-որ մութ բան դառնում էր նրա հոգու մեջ, խլրտում էր, ինչպես աճում է բողբոջը գարնան գիշերին։ Նա մերթ հիշում էր Դոմբերդը, ուր եղել էր ցերեկը և առանձնության մեջ արտասվել էր մի անառիթ տխրությամբ, որ երբեմն պատում էր նրան և նրան մղում էր դեպի բլուրները և անտառը և Էմբախի լուռ գետեզրը, մերթ ականջին հնչում էր ձայնը այն հիվանդ լեռնցու, որին ցերեկով այցելել էր,− մերթ զգում էր մի քաղցր ջերմություն և ուռչում էր կուրծքը, թվում էր իրենն է ամբողջ աշխարհը և ինքն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, բայց մի ուրիշ հույզ, ինչպես մշուշ, ծածկում էր գարնան պարզկա երկինքը և ոչինչ չէր երևում և միայն ծնոտի վրա զգում էր նույն ձեռքի ջերմությունը։

− Հիմա արդեն սառն է և դուք կմրսեք,– տիկին Էլոիզը նախասենյակում բարձրացրել էր նրա օձիքը, ինչպես մայրը, որ տաք փաթաթում է երեխային և այնպես դուրս թողնում։